Ինչպե՞ս կարելի է վերնագրել այս լուսանկարը: «Մեծ խաղացողի ու նրա փոքր ընկերոջ հանդիպումը», իսկ գուցե՝ «Հաճույք՝ նվաստացումից»: Աշխարհաքաղաքական մեծ խաղացողը՝ ԱՄՆ նախագահը՝ ինքնավստահ ժպիտով ու թաքցված բացահայտ արհամարհանքով: Կողքին՝ մարդ, որ կարծես փորձում է մաս կազմել այդ հզորի խաղին, բայց կարծես իրենց գյուղից մեծ քաղաքում հայտնված մի Գիքոր լինի, որն ամեն գնով իր տեղը գտնելու մտադրություն ունի։
Երկու դեմքի արտահայտություն, մեկը՝ հստակ, քանի որ ամբողջական տիրապետում է իրավիճակին եւ անգամ եթե խենթություններ ու անհեթեթություններ է անում` գերտերության ղեկավար լինելու հանգամանքը դա թույլատրում է եւ աշխարհն էլ ներողամտորեն է դրան վերաբերվում: Մյուսը՝ անորոշ, լարված, խառնված, ամբողջ ֆիզոնոմիայով սպասում, փնտրտուք, ողորմելի վիճակ է պատկերում։
Պատկերը խիստ խորհրդանշական է եւ այն մասին, թե ինչպես են պատահական մարդիկ հայտնվում պետությունների ղեկի մոտ, կամ ինչպես են խեղճուրկար «լիդերները» փորձում տեղավորվել մեծերի «շվաքի» տակ՝ կորցնելով արժանապատվությունը, հրաժարվելով սեփական եսից, պատրաստ ամեն վայրկյան հաճոյանալու: Բայց հետո գալիս են իրենց երկիր ու ինքնահաստատվում իրենց ժողովրդի վրա` պատերին տալիս, ասֆալտին ծեփում, ուժային լծակները չարաշահելով` մարդկանց հալածում, քննադատողներին բերդ ուղարկում` կորցնելով չափի զգացումը։ Մի խոսքով՝ «դրսում՝ խեղճացած մի ուլ, ներսում՝ կատաղի մի ցլիկ»:
Գագիկ Անտոնյան