Կա մի անեկդոտ, որ երեւի շատերը գիտեն․ շունը փողոցում անցորդի է կծում, անցորդը բողոք է ներկայացնում, ոստիկանությունը շան տիրոջը գտնում է, բերման է ենթարկում։ Վերջինս լսում է պատմությունը՝ ինչպես է իր շունը փողոցում հարձակվել, կծել, եւ ասում է․ «Շատ լավ, հասկացա՝ իմ շունը կծել է պարոնին։ Դրա համար պետք է տրվի փոխհատուցում։ Հիմա ես շանը կբռնեմ, թող պարոնն էլ իմ շանը կծի»։
Իհարկե, անեկդոտը մերօրյա ձեւակերպումն է հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած առակների, սրամտությունների, պատմությունների (Ք․ծ․ա․ 5-րդ դարում ապրած Խիկար Իմաստունի «Խրատների» գրքից սկսած), որոնց համար ընդհանուրն իրավիճակներն են, երբ աստվածաշնչյան «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը չի գործում, հայելային հակադարձումով շարժվելը, հատուցման փոխարեն, վնասի է հանգեցնում։
Մեր օրերում կա խառնակչության մի ասպարեզ՝ այլ երկրների ընտրություններին միջամտելը, եւ արտոնյալ մի սուբյեկտ՝ մոսկովյան Կրեմլը, որը որտեղ, որ ընտրություններին, ինչպես էլ խառնվի, մնում է «ակն ընդ ական» պատասխանից ապահովագրված։ Ռուսաստանում վաղուց բովանդակային իմաստով ընտրություններ չեն լինում, որ այլոք էլ դրան միջամտեն։
Արդյունքում Կրեմլը, մտքին ու ձեռքերին ազատություն տված, երբեմն ուղղակի ֆանտաստիկայի ժանրում է գաղափարներ հղանում ու դրանք կյանքի կոչում։ Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նշանակված նախագահական ընտրությանը եւ ԵՄ անդամակցության համար սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեին ընդառաջ, Ռուսաստանից արձանագրված զանգվածային կաշառատվության առաջարկները՝ ասվածի ապացույց։
Ընտրակաշառքի մասին Հայաստանում գոնե ահագին բան է հայտնի, բայց այն սխեման, որ Մոլդովայում է գործադրվել, երեւակայել անգամ դժվար է։ Սխեմայի կենտրոնում Մոլդովայի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլարի չափով կողոպուտ իրականացրած, դրա համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, Մոլդովայից փախուստի դիմած, ազգությամբ հրեա, Ռուսաստանում բնակվող եւ ՌԴ քաղաքացիություն ստացած մի 37-ամյա պրոռուս օլիգարխ է ՝ Իլան Շոր անուն-ազգանվամբ։ Այս Շոր կոչվածը, նախ, ամառվանից սկսած, հիմնականում Մոսկվա-Երեւան-Քիշնեւ եւ Մոսկվա-Ստամբուլ-Քիշնեւ թռիչքներով, մի քանի օրով Մոսկվա մեկնող-վերադարձող անհատ ուղեւորների միջոցով, ճամպրուկներով ֆիզիկապես կանխիկ գումար է տեղափոխել Ռուսաստանից Մոլդովա։ Մոլդովայի մաքսային ծառայությանը ճամպրուկներով գումար երկիր մտցնելու այդ պրակտիկան կասկածելի է թվացել, եւ մի օր որոշել են Մոսկվա-Երեւան-Քիշնեւ եւ Մոսկվա-Ստամբուլ-Քիշնեւ թռիչքների բոլոր ուղեւորներից թղթադրամով լի ճամպրուկները բռնագանձել։ Օրվա վերջում հավաքվել է մեկեւկես միլիոն դոլար։ Ընդսմին, ոչ մի ուղեւոր իրենից առգրավված հազարավոր (հիմնականում՝ 3000-7000-ի միջակայքում) դոլարները ետ ստանալու համար չի դիմել։ Հավանաբար՝ որպեսզի գումարի ծագումը հիմնավորելու խնդիր չառաջանա։
Ըստ Մոլդովայի իրավապահների՝ մոտ 130 հազար մարդու, այսինքն՝ Մոլդովայում ընտրությանը մասնակցողների համարյա 10 տոկոսին կանխիկ կամ փոխանցումով, Իլան Շորի հետ կապակցված հաշիվներից կամ անձանց միջոցով գումար է բաժանվել՝ հոկտեմբերի 20-ի ընտրությանը գործող նախագահին չընտրելու եւ ԵՄ-ին առնչվող հանրաքվեին «ոչ» ասելու համար։
Բայց ամիսներ ձգված այդքան նախապատրաստությունները երեւի բավարար չնկատելով՝ ընթացիկ հոկտեմբերին Շորը մի քայլ է կատարել, որը, իրոք, ֆանտաստիկայի ժանրից է։ Ո՛չ այս, ո՛չ այն, անսքող եւ բառացի Իլան Շորն իր Telegram-յան ալիքում առաջարկ է տեղադրել․ «Ես ցանկանում եմ վարձել մարդկանց, որոնք կլինեն Իլան Շորի դեսպանները հանրաքվեի հարցում, որպեսզի իրենց ընտրատեղամասում որքան հնարավոր է՝ շատ անձանց համոզեն «ոչ» քվեարկել։ Շորի դեսպան դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել մեր chatbox-ում։ Գրանցման համար կստանաք 500 լեյ (25 եվրո)»: Նվազագույն առաջադրանքների կատարման դիմաց Շորը խոստանում է 2 հազար լեյ (100 եվրո)։ Ապա գալիս է ամենագայթակղիչ առաջարկը․ «5 հազար լեյ (250 եվրո) կստանաք այն դեպքում, եթե Ձեր ընտրատեղամասում մեծամասնությունը դեմ լինի ԵՄ անդամակցությանը եւ ընտրի նախագահի մեր թեկնածուներին»։
Այ քեզ կաշառատվության առաջարկ՝ բաց տեքստով եւ հրապարակավ։ Միայն Կրեմլից չասեն, թե Մոլդովայի ժողովրդից միլիարդ դոլար գողացած հանցագործի՝ ՌԴ-ում հայտնվելու հետ իրենք կապ չունեն կամ հանրաքվեին միջամտելու նրա գործողություններին տեղյակ չեն։ Հենց այնքանը, որ նման հանցագործին չեն վտարում Ռուսաստանից, արդեն Կրեմլի հետ կապերի մասին է խոսում։
Տպավորիչը, սակայն, այն է, որ ամիսների նախապատրաստությունն այդպես էլ ցանկալի արդյունք չտվեց։ Այո, փոքր տարբերությամբ, բայց ԵՄ անդամակցությանն առնչվող հանրաքվեն ավելի շատ «այո»-ներ ստացավ, քան «ոչ»-եր։ Իսկ հանրաքվեի դրված հարցադրումը հետեւյալն էր․ «Դուք աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը՝ Եվրամիությանը Մոլդովայի Հանրապետության անդամակցության նպատակով»։ Քվեարկությանը մասնակցողների մեծամասնությունն ասաց «այո», ինչը նշանակում է, որ ՌԴ բոլոր խառնակչություններից հետո, անգամ Ռուսաստանում ապաստանած Իլան Շորի առաջարկած բացահայտ ընտրակաշառքի պայմաններում, Մոլդովայի՝ դեպի ԵՄ երթը ձախողել չհաջողվեց։ Ձախողվեց Կրեմլը, ինչպեսեւ արդար էր, որ լիներ։
Իսկ Մոլդովայի նախագահական ընտրության ելքը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ գործող նախագահը՝ պրոեվրոպական ուղեգծի ջատագով Մայա Սանդուն, ստացել էր 42% ձայն։ Պրոռուսական կողմնորոշման թեկնածուների թվում գրանցված ամենաբարձր արդյունքը եղել էր 26%: Ընտրապայքարի վերջակետը կդրվի նոյեմբերի 3-ին։