Քաղաքականություն

Ի զեն, Գյումրի. Փաշինյան

Ի զեն, Գյումրի. Փաշինյան

Չգիտեմ՝ պատկան մարմինները սա որպես ինչ կորակեն, բայց ես հիմա, հենց այս պահին գյումրեցիներին հրապարակային կոչ եմ անում՝ զինվել: «Բայրաքթար», «Իսկանդեր», «Գրադ» չկա՞… Ինքնաձիգ վերցրեք… Չկա՞… Որսորդական հրացան, «ռակետնիցա», «պուգաչ»… Դա է՞լ չկա: Մինչեւ մարտի 30-ը ժամանակ ունեք, գյումրեցիներ ջան: Գնացեք հարեւան գյուղերը… Բահ, եղան, փոցխ, գերանդի, բրիչ, քլունգ, գութան… Ինչ տեսնեք՝ հավաքեք, բերեք Գյումրի: Նիկոլն ասել է, որ սա ձեր վերջին ճակատամարտն է: Եվ ուրեմն ի՞նչ ճակատամարտ, այն էլ՝ վերջին, որ գյումրեցին առանց կռվելու հանձնվի: Կա՛մ ընդունում եք մարտահրավերը, կա՛մ խայտառակվում: Ընտրությունը ձերն է, սիրելի գյումրեցիներ:

Բոյկոտը ելք չէ: Տանը նստել չկա: Գնում ենք ընտրատեղամասեր եւ մերժում Նիկոլին՝ իր բոլոր լնգուլվազներով: Սա նախկինի ու ներկայի կռիվ չէ: Սա գյումրեցու կռիվն է այսօրվա բիրդան աղաների դեմ, այլասերված եվրախուժանի դեմ, պատեհապաշտ սողունների, Գյումրու ապագան թուրք-ադրբեջանական բարեգթության հույսին թողնել ցանկացող օրդուների դեմ: Հանձնվել չկա: Նիկոլն է ասել, որ սա ձեր վերջին ճակատամարտն է: Նա միանգամայն իրավացի է: Ես էլ նույնն եմ ասում՝ սա ձեր վերջին ճակատամարտն է, հերիք եղավ, բոլ եղավ: 2018 թվի խարանը Գյումրու ճակատից մաքրելու ժամանակն է: Եվ հիշեք՝ Հայաստանը 29 հազար քառակուսի կիլոմետր է, բայց Գյումրուց այն կողմ այլեւս Հայաստան չկա: Կանգնեք ու մի թողեք, որ Գյումրին խլեն ձեր ձեռքից, գողանան՝ ինչպես Կիրանցը, ինչպես Ջերմուկի լեռները, ինչպես Սեւ լիճը, ինչպես Գորիս-Կապան ճանապարհը, ինչպես հերթի դրված անկլավները, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Արցախյան ազատամարտը:

Դավաճանություն, հայրենաքանդություն, հայատյացություն… Սրանք այս իշխանությունների հիմնական բնութագրիչներն են, բայց պակաս կարեւոր ու վտանգավոր բնութագրիչներ չեն անիրավությունը, օրինազանցությունը եւ, իհարկե, «բեսպրեդելը»՝ իր քաղաքական, բարոյական եւ անգամ տնտեսական իմաստով: Սրանք լրիվ իրենց տվել անցել են: Օրենքը ես եմ՝ սա է Նիկոլի ու նրա լնգուլվազների այսօրվա կարգախոսը: Երբ խոսքն իրենց է վերաբերում, իրենք ի սկզբանե ազնիվ են, չեն թալանում, չեն կեղեքում, կոռումպացված չեն, ընդունակ չեն ընտրակեղծիքների: Իրենց ոչինչ ասել չի կարելի, որովհետեւ կա «անմեղության կանխավարկածը», հասկանում ես: ԱԺ-ում Նիկոլը վնգստում էր, թե բա՝ Ավինյանի անմեղության կանխավարկածի մասին խի՞ եք մոռանում, նա ի՞նչ կապ ունի իր կնոջ ու նրա ընկերուհու մախինացիաների հետ: Ոչինչ, որ միլիարդներ են կորել… Թե այդ փողերով ինչեր կարելի էր անել Հայաստանի համար, Նիկոլը չի ասում: Փոխարենը նա հայտարարում է ինչ-որ մարդկանցից ինչ-որ «Ռենջ Ռովերներ», ինչ-որ «Յաշիկներ», ինչ-որ հողակտորներ հատիկ առ հատիկ հետ բերելու մասին, բնականաբար, առանց այդ մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու եւ ձեռքին դատարանի թուղթ ունենալու: Հաթաթա՞… Չէ, սիրելի գյումրեցիներ: Սա հաթաթա չէ: Սա փողի ու շքեղությունների համն առած «գեղցու» վրեժ է, սա երկիր հանձնած ու կապիտուլացված, իր պաշտոնի ու կյանքի վրա դողացող փոքրոգի արարածի հոխորտանք է, «բեզպրեդելչիկի» ագրեսիա՝ եթե կուզեք:
Այս ճակատամարտում դուք մենակ չեք, սիրելի գյումրեցիներ: Ձեզ հետ են Հայաստանի վիրավոր մարզերը՝ Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց Ձորը, Արարատը… Ձեզ հետ է սահմանամերձ Լոռին, ձեզ հետ է աղքատությունից աչք չբացող Շիրակը… Արմավիրը, Կոտայքն ու Արագածոտն են մի քիչ կասկածելի, բայց վստահ եղեք, նրանք էլ կմիանան ձեզ, երբ տեսնեն ձեր պայքարի առաջին հաջողությունները: Իր հրահրած ճակատամարտում Նիկոլը պետք է պարտվի եւ գլխիկոր հեռանա մարտադաշտից: Եվ դա չի լինելու միայն Նիկոլի պարտությունը: Գյումրիում պարտվելու է Գյումրիից սկսված թուրք-ադրբեջանական խեղափոխությունը, Գյումրիում պարտվելու է «Քաղաքացիական պոռնոգրաֆիան», Գյումրիում պարտվելու է Արման Բաբաջանյանի նման ստահակի շուրջ ձեւավորված «Եվրատաշին», Գյումրիում պարտվելու են բոլոր ուժերը, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են նրանց հետ:

ՀԳ. Գյումրիում պատվի ճակատամարտ է լինելու, Գյումրին նոր կապիտուլյացիա պետք է թելադրի կապիտուլյանտներին: Չէ-չէ մի՝ փրայմըրիզ… Թասիբով գյումրեցուն սրանք ո՞ւմ տեղն են դրել… Չէ-չէ մի՝ Նիկոլին սիրալիր են ընդունել, չէ-չէ մի՝ պաչիկներ են արել… Սայլուգ անդերներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image