Մշակույթ

Ակադեմիայի կարգավիճակը կփոխվի

Ակադեմիայի կարգավիճակը կփոխվի

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում Գիտությունների ազգային ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու: Այլ կերպ ասած, Ակադեմիայի կարգավիճակը փոփոխության է ենթարկվելու, եւ Ակադեմիան դառնալու է հիմնադրամ, մինչդեռ ներկայում այն իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն: 

Կարգավիճակի առնչու­թյամբ Ակադեմիան իր առարկությունները ժամանակին ներկայացրել էր, սակայն դրանք չեն ընդունվել: Մեզ հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրեց, որ օրենքի լրամշակված տարբերակում Ակադեմիան ունենալու է հիմնադրամի կարգավիճակ. «Այսօր Ակադեմիան ունի ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ, որն իրավական դաշտում ստեղծում է անհամաչափություններ ու անհասկանալի իրավիճակներ: Հիմնադրամի կարգավիճակը թույլ է տալիս վայելել բոլոր այն հնարավորությունները, ինչը որ կա հիմա, բայց, միեւնույն ժամանակ, հասկանալի իրավական դաշտում գտնվել, ու այդ հարցի վերաբերյալ, ըստ էության, ոչ մի առարկություն չկա այլեւս, որովհետեւ բոլոր մտահոգությունները փարատված են՝ իրավակազմակերպական այդ ձեւի հետ կապված, քանի որ աշխատանքի ֆորմատն է փոխվում, որը ոչ մի կապ չունի աշխատանքի բովանդակության հետ»:

Այդուհանդերձ, մտահոգություններ կան, քանի որ, եթե համեմատության մեջ դիտարկենք թե՛ հիմնադրամի, թե՛ ոչ առեւտրային կազմակերպության տարբերակները, ապա, անշուշտ, հիմնադրամը խիստ սահմանափակում է Ակադեմիայի գործունեությունը, որովհետեւ, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, հիմնադրամները կառավարվում են հոգաբարձուների խորհրդով, որը մասամբ նշանակովի է, իսկ դա, բնականաբար, իջեցնում է ինքնակառավարվող լինելու հանգամանքը, մինչդեռ գիտական հանրությունն ամբողջ աշխարհում, ինքնակառավարվող համակարգ է։ Բացի այդ, հիմնադրամներն իրենց կազմում չեն կարող ունենալ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ։ 

«Այո, Ակադեմիան իր ենթակայության տակ չի ունենալու ՊՈԱԿ-ներ, որովհետեւ դա հայեցակարգային խնդիր է` կառավարության բարեփոխումների արդեն քանի տարի շրջանառվող դրույթն է: Անկախության մասով, Ակադեմիայի՝ որպես հիմնադրամի ինքնավարության սկզբունքն ամրագրված է օրենքում: Այսօր Ակադեմիան կառավարվում է նախագահությունով, որն էլի կառավարման բարձրագույն մարմինն է, եւ, որպես անալոգ, տեղափոխվում է հասկանալի իրավական դաշտ, որը լինելու է հոգաբարձուների խորհուրդը, եւ, այո, այնտեղ անդամության տարբեր բազմազանություն է մտնում, բայց դա էլի համաձայնեցված է Ակադեմիայի հետ»,-ասաց Հայոցյանը` վստահեցնելով, որ այս փուլում Ակադեմիան չունի առարկություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image