Հասարակություն

Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ

Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ

​Գորիսը՝ Հայաստանի ամենաինքնատիպ և պահպանված ճարտարապետական դիմագիծ ունեցող քաղաքներից մեկը, վերջերս հայտնվել է բուռն քննարկումների կենտրոնում: Պատճառը քաղաքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում տնկված արմավենիները` պալմաներն են: Այս քայլը հասարակության շրջանում առաջացրել է հակասական արձագանքներ՝ հիացմունքից մինչև սուր քննադատություն:

Գորիսի գլխավոր առավելությունը նրա իսկությունն է: Քաղաքը հայտնի է իր խիստ ու վեհ լեռնային լանդշաֆտով, գորշ-կապտավուն տուֆակերտ տներով և փայտյա պատշգամբներով: Գորիսը քաղաք է, որ ամեն մի քար շնչում է Սյունյաց ավանդույթներով:
Արմավենին ասոցացվում է տրոպիկական, ծովափնյա կամ միջերկրածովյան մշակույթի հետ: Գորիսի լեռնային խստաշունչ կլիմայի և հնամենի քարե շինությունների ֆոնին այն շատերի համար դիտվում է որպես «օտար մարմին»:

Պատմական քաղաքներում կանաչապատումը սովորաբար իրականացվում է տեղական ծառատեսակներով (սոսի, լորենի, բարդի), որոնք ընդգծում են տեղի բնաշխարհը: Դենդրոլոգներից ոմանց գնահատմամբ, արմավենիների ներմուծումը կարող է քաղաքի լուրջ կերպարը վերածել «կիտչի»՝ փորձելով արհեստականորեն կրկնօրինակել այլ կլիմայական գոտիների:
​«Մեր քաղաքը Դուբայ չէ։

​Որպես տեղացի, ով ապրում և շնչում է այս քաղաքով, հարցին նայում ենք ոչ միայն էսթետիկայի, այլև «թասիբի» տեսանկյունից:
​Գորիսը սովորական բնակավայր չէ, այն իր ներքին էներգետիկան ունի: Այս արմավենիները տնկելը նման է նրան, որ հին հայկական տարազի վրա ժամանակակից «բրենդային» պիտակ կպցնես: Գուցե սիրուն է թվում ինչ-որ մեկին, բայց դա մերը չէ, մեր պատմության ու մեր տեսակի հետ կապ չունի: Մենք սիրում ենք մեր քաղաքի խստությունը, ոչ թե արհեստական փայլը», — մեզ հետ զրույցում նշեցին մտահոգ գորիսեցիները:

​Մյուս կողմից, կա մի զանգված, որը ողջունում է քաղաքի բարեկարգման ցանկացած փորձ՝ համարելով, որ թարմությունը կարող է նոր շունչ հաղորդել զբոսաշրջությանը: Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք զբոսաշրջիկը Գորիս է գալիս արմավենի տեսնելու համար, թե՞ հենց այն եզակի քարանձավային ու տուֆակերտ միջավայրի, որը միայն Գորիսում կարող է գտնել:

Նկատենք նաև, որ​ էկզոտիկ բույսերի պահպանումը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել տեղական բուսականության վերականգնմանը կամ պատմական հուշարձանների պահպանմանը։Ինչևէ, նշենք, որ ​քաղաքային իշխանությունների ցանկությունը՝ Գորիսն ավելի գրավիչ դարձնել, գովելի է, բայց մեթոդները պետք է համահունչ լինեն քաղաքի «հոգուն»: Գորիսի իրական արժեքը նրա ինքնատիպությունն է: Փորձելով նմանվել ուրիշին՝ պիտի ընդունենք, որ նսև վտանգում ենք կորցնել այն եզակին, որն արդեն ունենք:

​Գորիսը Դուբայ կամ Նիս չէ, Գորիսը մեր լեռնային հպարտությունն է, որտեղ սոսին ու տուֆը շատ ավելի խոսուն են, քան ցանկացած էկզոտիկ արմավենի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image