Վերջապես իրականություն դարձավ Օրրանի սաների ամենասպասված երազանքներից մեկը. նրանք հանդիպեցին իրենց սիրելի ֆուտբոլիստին և Օրրանի երկարամյա բարեկամ ու աջակից Հենրիխ Մխիթարյանին։
Արդեն ինը տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը սիրով աջակցում է Օրրանին՝ նվիրելով իր ստորագրությամբ մարզաշապիկը ԱՄՆ-ում անցկացվող Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիք-աճուրդի համար։ Այդ մարզաշապիկի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է Օրրանի սաների կրթության, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովմանը։ Ժամանակի ընթացքում Հենրիխի մարզաշապիկը դարձել է բարեգործական երեկոյի ամենասպասված և ամենահուզիչ աճուրդային նվերը՝ խորհրդանշելով ոչ միայն սպորտային հաջողությունը, այլև հոգատարությունն ու պատասխանատվությունը երեխաների ապագայի հանդեպ։
Եվ ահա երկար սպասված օրը եկավ։ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ անձամբ իր ընտանիքի՝ մայրիկի՝ տիկին Մարինա Թաշչյանի, և կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ միասին հանդիպեց այն երեխաներին, որոնց կյանքում իր աջակցությունն արդեն երկար տարիներ կարևոր դեր է խաղում։ Նրանց մեջ էին նաև Արցախից տեղահանցած երեխաներ։
Հանդիպմանը ներկա էին Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, պատմեց իրականացվող ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնեց Հենրիխին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։
Օրրանի սաները Հենրիխին դիմավորեցին ջերմ ծափահարություններով և մեծ ոգևորությամբ։ Մեր սաները կավագործության խմբակի ընթացքում իրենց ձեռքով պատրաստել էին հրեշտակներ, որը նվիրեցին Հենրիխի դստերը և որդուն՝ ի նշան սիրո և երախտագիտության։
Հանդիպման ամենասպասված հատվածը հարցուպատասխանն էր։ Օրրանի սաները մեծ հետաքրքրությամբ հարցեր էին ուղղում իրենց սիրելի ֆուտբոլիստին, իսկ նա սիրով ու ջերմությամբ պատասխանում էր յուրաքանչյուրին։
Օրվա ամենահուզիչ պահերից մեկը արցախցի մեր սան Ալեքսանդրի խոսքերն էին.
«Ձեր հայրիկը մի անգամ ասել էր, որ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրեք, բայց պարտավոր եք լավ մարդ լինել։ Դուք կատարել եք այդ խոստումը, որովհետև օգնում եք Օրրանին, անապահով և Արցախից բռնի տեղահանված երեխաներին։ Այդ երեխաներից մեկն էլ ես եմ»։
Այս խոսքերից հուզված՝ Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց.
«Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ օգնության ձեռք մեկնել։ Միշտ ցանկացել եմ օրինակ լինել երեխաների համար։ Ամենակարևորը լավ մարդ լինելն է, լավ սովորելը և երբեք չհանձնվելը։ Վստահ եղեք՝ ձեր լավ ապագան առջևում է»։
Հանդիպման ավարտին Հենրիխը սիրով ինքնագրեց իր հեղինակած գիրքը յուրաքանչյուր երեխայի համար՝ նվիրելով ոչ միայն հիշարժան ինքնագիր, այլև մոտիվացիա, հավատ և մեծ երազանքներ ունենալու ուժ։
Այս հանդիպումը պարզապես գեղեցիկ իրադարձություն չէր։ Այն տարիների բարության, վստահության և նվիրումի շարունակությունն էր։ Մի օր, որի ընթացքում երեխաները տեսան, որ իրենց կողքին կանգնած մարդը ոչ միայն մեծ ֆուտբոլիստ է, այլև մեծ սիրտ ունեցող մարդ։
Շնորհակալություն, Հենրիխ, որ արդեն ինը տարի Օրրանի ընտանիքի կողքին եք՝ ապացուցելով, որ իսկական հաղթանակները ծնվում են ոչ միայն խաղադաշտում, այլև մարդկային բարության մեջ։

