Հասարակություն

«Arca-ն հանդիսանում է ունիկալ օրինակ»․ Arca վճարային համակարգը ամփոփեց 2025 թվականը

«Arca-ն հանդիսանում է ունիկալ օրինակ»․ Arca վճարային համակարգը ամփոփեց 2025 թվականը

Arca ազգային վճարային համակարգը ամփոփեց 2025թվականը, ներկայացրեց 2026թ-ի արդյունքները և առաջիկա զարգացումները։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը, եւ խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը ներկայացրեցին ընկերության գործունեության հիմնական արդյունքները, ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։

Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ Arca-ն հիմնադրվել է 2000 թ-ին ՀՀ կենտրոնական բանկի և 10 առևտրային բանկերի կողմից՝ ժամանակակից վճարային համակարգի ներդրման և զարգացման նպատակով։ «Arca-ն հանդիսանում է Հայաստանում նմանը չունեցող, այդ ժամանակ աշխարհում էլ նմանը չունեցող պետական համագործակցության ունիկալ օրինակ, որտեղ պետական և մասնավոր ներդրումների հաշվին վճարային ենթակառուցվածք է ստեղծվել։ Այսօր Arca-ն 55 տոկոսով կենտրոնական բանկի սեփականությունն է, 45 տոկոսով՝ 15 առևտրային բանկերի»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով 2024թ-ին ընկերությունում էական փոփոխություններ են տեղի ունեցել կառավարման համակարգի, կադրերի, ինչպես նաև տեխնիկական վերազինման ուղղություններով։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, ամփոփելով 2025 թվականին քարտային գործարքների ծավալը, նշեց, որ այն կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։ Նա նաև ընդգծեց, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը եւ անվտանգ վճարային միջավայրի ձեւավորմանը։

«Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ, եւ սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982 %։ Միեւնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780 %, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991 % է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչեւ 2030 թվականը»,- Arca-ի մասին խոսելիս նշել է Վարդան Խաչատրյանը։

Անդրադառնալով հետվճարի նախագծին՝ Խաչատրյանը նշեց, որ այն տրամադրվում է բացառապես arca քարտերով անկանխիկ վճարումների դեպքում․ «Փաստացի 5 ամիսների ընթացքում հետվճարի նախագծով Arca քարտապաններին մոտ 1.6 մլրդ դրամի հետվճար է տրամադրվել, իսկ արդեն հունիս ամիսն էլ ներառյալ արդեն 2.1 մլրդ դրամ, ընդ որում, հունիս մայիս ամսվա համեմատ հետվճարից օգտվող քարտապանների թիվն ավելացել է 24 հազար քարտապանով։ Մայիսի վերջին փաստացի 414 հազար քարտապան ստացել է հետվճար»։

Խոսելով զարգացման ծրագրերի մասին Խաչատրյանը նշեց, որ ընթացքի մեջ է Arca քարտերի թվային չիպերի փոփոխությունը, որից հետո այս քարտերը հնարավոր կլինի կցել նաև վճարային համակարգերին։

«Հրապարակ»-ի հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է QR միասնական վճարային համակարգ ներդնել՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց․ «Կենտրոնական բանկի կարգավորումն է, որ պետք է արդեն անցնենք միասնական QR վճարումի ու հնարավորինս արագ՝ տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում դա պետք է տեղի ունենա։ Այստեղ ստանդարտների և տեխնիկական աշխատանքների մաս կա, որոնք շարունակաբար գնում են QR համակարգեր սպասարկող կազմակերպությունների կողմից և իրենց հաճախորդ բանկերի կողմից։ Տարածումն ամբողջական լինելու պարագայում նոր մենք կարող ենք գնահատել այդ տարածվածության աստիճանը»։

Arca-ի Զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանն էլ անդրադառնալով լրագրողների հարցերին կապված Google Pay և Apple Pay համակարգերին Arca քարտերի կցելու հնարավորության մասին նշեց, որ մինչեւ 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ ընդգծելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։

Ասուլիսի ավարտին Arca-ի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Arca-ն շարունակելու է զարգացնել իր առաջարկվող ծառայությունները եւ այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ հանրության եւ լրատվամիջոցների հետ հաղորդակցվելիս՝ որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image