Քաղաքականություն

Իմ աննախադեպ

Իմ աննախադեպ

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ողջ հմայքն այն է, որ այդ պայքարում ամեն ինչ աննախադեպ է: Ինչ անում է՝ նորություն է… Նորություն՝ նորության հետեւից, հրաշք՝ հրաշքի: Դուք տեսե՞լ էիք երբեւէ, որ պադավատ եւ «Բենթլի» ունեցող 10 եպիսկոպոս լցվեին գազելն ու գնային Մայր Աթոռ: Գնալը՝ դեռ ոչինչ… Դուք խմբով վազող եպիսկոպոսներ տեսե՞լ էիք: Իհարկե, աննախադեպ էր: Չզարմանաք, ուրեմն, որ առաջիկա կիրակի Նիկոլը եպիսկոպոսների հետ դուրս գա հեծանիվ քշելու: Այո, այո, հենց փիլոնով: Դա նույնպես աննախադեպ կլինի, բա ինչ…

Ի դեպ՝ փիլոնի մասին: Փիլոնը եկեղեցականի մարմինը փաթաթող եւ կրծքի վրա ճարմանդով ամրացվող սեւ կտավից կարված զգեստ է։ Գործածվում է ժամերգությունների եւ աստվածապաշտական այլ արարողությունների ժամանակ։ Ծայրագույն վարդապետները եւ եպիսկոպոսները (ինչպես եւ կաթողիկոսը), որպես պատվո նշան, կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սեւ ծաղկյա փիլոններ։ Սեւ ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետական կոնդակով շնորհվում են նաեւ ավագ քահանաներին։ Ասել է թե՝ Հայրապետն իր մի կոնդակով կարող է փիլոնահան անել հակականոնական ընթացքի մեջ ընկած ուզածդ եկեղեցականի: Ականջդ կանչի, Վլադիմիր Գասպարյան, ասում էր՝ օրենքը խախտող ոստիկանին պետք է հանել համազգեստի միջից: Եվ ճիշտ էր ասում:

Վլադիմիր Գասպարյանին մենք հասկանում էինք, մարդն ի վերջո ոլորտի պատասխանատուն էր եւ ինքն էր որոշում՝ արժանի՞ է տվյալ ոստիկանը համազգեստ կրելու, թե՞ ոչ: Նիկոլն այս հարցում էլ է նորարարություն կիրառել: Չլինելով հոգեւոր ոլորտի պատասխանատուն՝ նա ընկել է հոգեւորականների հետեւից, որ տեսնի՝ ո՞վ է արժանի փիլոն կրելու եւ ով՝ ոչ: Իսկ ինչպե՞ս է դա անում: Սա արդեն պատմելու բան չէ, բայց կփորձեմ մի կերպ պատմել՝ պահելով բարոյականության գոնե ամենաեզրային կարմիր գծերը: Նիկոլը, ուրեմն, հատ-հատ բարձրացնում է հոգեւորականների փեշերը, որ տեսնի՝ տակն ի՞նչ կա:

Ով ընդդիմանում է, բանտարկում է, ով՝ չէ, հայտարարում է յուրային եւ ընդգրկում հակաեկեղեցական պայքարի մեջ՝ որպես առաջամարտիկ: Եվ հիմա ինչքան կարգալույծ հռչակված քահանա ու կասեցված եպիսկոպոս եք տեսնում, բոլորը Նիկոլի կողմնակիցներն են, այլ խոսքով՝ Նիկոլը նրանց ճանաչում է բոլոր կողմերից եւ անգամ փիլոնի տակից: Նիկոլը նրանց այնքան լավ է ճանաչում, որ կարող է գազելներով տեղից տեղ տանել, ոստիկաններով շրջապատված՝ շարքով քայլացնել, խառնել իր վճարովի, թափառական «հավատացյալների» հոտին ու պատարագ անել տալ Հայաստանյայց տարբեր եկեղեցիներում:

Դուք պիտի տեսնեիք Հովհաննավանքի երբեմնի քահանայի մուտքը Մայր Աթոռի տարածք: Դա աննախադեպ էր: Էդ «փիլոնավոր» ախմախին, ուրեմն, կանգնեցրել են շարքի առջեւում, կողքին՝ չստացված դերասան Գնելը, հետեւից՝ թափառախումբը (մոտ 50 մարդ), եւ ոստիկանական կուռ շարասյուները՝ այս թափորի աջ ու ահյակ թեւերին: Այդ խողովակաձեւ պատկերն ինձ ավգյան ախոռի խցանված կոյուղի էր հիշեցնում: Հիրավի աննախադեպ բան: Ես արդեն 65 տարեկան հավատացյալ եմ, բայց այդ ձեւով Մայր Աթոռ մտնելու տեսարանի ականատես չէի եղել: Երբ ոստիկանական շարասյունը սրանց բարեհաջող կերպով հասցրեց մայր տաճարի աջ կողմը, որտեղ մի քանի անհավատներ էին հավաքվել, եւ փակեցին մեր ճանապարհը դեպի այդ հետաքրքրաշարժ թափորը, ես ոստիկանին հարցրի՝ այս ո՞ւմ եք բերել, ովքե՞ր են նրանք: Տեղում «ատկազ» եկավ՝ մենք չենք բերել, մենք ընդամենը կարգ ենք պաշտպանում:
- Տղա ջան, ախր ես իմ աչքով տեսա, թե ինչպես բերեցիք:
- Լավ չես տեսել, հոպար, մենք կարգ պաշտպանելով ենք բերել:
- Տղա ջան, կարող ա՞ դու էլ ես աննախադեպ, ճանապարհ տուր, տեսնեմ՝ դրանք ինչ են ուզում, որ այդպես շարքով եկան:
- Լավ, էլի, հոպար, հայ քրիստոնյա են, եկել են աղոթելու:
- Աղոթելո՞ւ, բայց ինչո՞ւ են շարքով եկել, այն էլ՝ կարգալույծ արված քահանայի ու չստացված դերասան Գնելի գլխավորությամբ, այն էլ՝ ձեր խողովակով:
Ոստիկանն աչքերը փախցրեց… Հասկանում էր, գիտեր ամեն ինչ: Ինքն էլ իր կյանքում դեռ այսպիսի հանձնարարություն չէր կատարել՝ հավատացյալներին ուղեկցել եկեղեցի:

Մայր Աթոռի բակում մեծ բախում տեղի չունեցավ: Դա՝ շնորհիվ Վեհափառ Հայրապետի հորդորի, այնտեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հայտնի մարդկանց եւ, իհարկե, ոստիկանության: Մի քիչ էլ բախտներս բերեց, որ էս էշի հարսանիքի քավորը՝ Նիկոլն անձամբ, այնտեղ չէր… ՔՊ-ական եւ մերձքպական մի քանի թափթփուկ, եւ միայն այդքանը: Ասում էին՝ Նիկոլը լայվով է հետեւում այս ամենին, որ հենց իր թիմը մտնի Վեհարան, իսկույն ժամանի եւ Վեհափառին հանի Վեհարանից: Վեհարանը՝ Վեհի… Բա իսկական առաջնորդը վճռական ճակատամարտի դաշտը կլքե՞ր: Մի խոսքով՝ Նիկոլը խայտառակ պարտություն կրեց Մայր Աթոռի բակում: Ու երբ նայում ես, թե ումից կրեց այդ պարտությունը, դա էլ է աննախադեպ դառնում: Իսկ կընդունի՞, արդյոք, որ պարտվեց այս էշի հարսանիքում: Չեմ կարծում: Էս է՝ մի աննախադեպ բան էլ կմտածի: Մի քանի օր առաջ Վաղարշապատում իր արեւին «հաղթել էր» տղեն: Ու այդ ի՞նչ ՔՊ-ական քաղաքապետ ունեն, որ չկարողացավ, ընտրություններից հաշված օրեր անց, մարդ ապահովել ի պաշտպանություն իր հակաեկեղեցական ընթացքի եւ ՔՊ-ական հոգեւորականների: Մենք արդեն տեսել ենք այս թեմայով մարզպետ հեռացնելը: Հիմա տեսնենք՝ ինչ է անելու Վաղարշապատ խոշորացված համայնքի «ընտրված» համայնքապետին: Բա հո չի՞ ասելու՝ հա, ես եմ պարտվել: Դա նույնպես աննախադեպ կլինի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image