Քաղաքականություն

Փրփուրներից կախվելու նուրբ արվեստը

Փրփուրներից կախվելու նուրբ արվեստը

Ինչքան կրթվելն է մոդայիկ, այնքան էլ հայրենասիրության սեփական մոդել ունենալը: Այս հայտնագործությունն արեցինք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումն ընթերցելուց հետո: Պետք է ասեմ, որ դա ծանծաղ մարդու գրառում է, մարդ, որն իր առջեւ նպատակ է դրել ամեն գնով խուսափել ինչ-որ բանից: Եկեք միասին կարդանք գրառումը, որ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը. «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:

Ինչո՞ւ եմ ասում, որ սա ծանծաղ մարդու գրառում է: Ուրեմն իմացեք, որ մարդու մտքի խորությամբ է չափվում նրա կողմից իրականության ընկալման աստիճանը: Փաշինյանի գրառման մեջ պարզորոշ նկատելի է իրականության խեղաթյուրված, մակերեսային ընկալումը, որը նա փորձում է նստեցնել ՀՀ բոլոր քաղաքացիների ուղեղներին: Ինքը, իբր, 2018-ին ծանոթացել է բանակցային գործընթացին ու պարզել, որ այդ գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է: Ճիշտն ասած՝ սա ինձ համար մեծ նորություն էր, որովհետեւ ես, նույնիսկ ամբողջությամբ ծանոթ չլինելով այդ գործընթացին, մինչ օրս համոզված եմ, որ Արցախի հարցով բանակցություններն ընթացել են այդ հարցը լուծելու բազմաթիվ տարբերակների շուրջ, որոնց թվում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որեւէ տարբերակ չի եղել: Եվ ամեն անգամ կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ ՄԽ համանախագահները, հանգել են նույն կետին՝ ինչպես անել, որ հարգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա արդյո՞ք նշանակում է, որ բանակցություններն ընթացել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցի շուրջ: 5 շրջանները, հասկացանք, պետք է վերադարձվեին մինչեւ Արցախի ինքնորոշման հարցի լուծումը, բայց չէ՞ որ մյուս 2 շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, վերադարձվելու էին Արցախի կարգավիճակը հաստատելուց հետո միայն: Փաշինյանը, այո, ստում է: Մինչեւ 2018 թ. Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարց չի քննարկվել: Ցույց տվեք ինձ ՄԽ համանախագահող երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Արցախն Ադրբեջան է եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Փոխարենը հայտնի է Իլհամ Ալիեւի խոստովանությունը, որ իր վրա ճնշումներ կան՝ ճանաչելու ԼՂ անկախությունը:

Ընդամենը մեկ հարց ունեմ Փաշինյանին՝ ի՞նչ խնդիր ես լուծում այս գրառումով: Խոստովանիր ազնվորեն, եւ ես գուցե քեզ օգնեմ: Այլապես անտրամաբանական է քո այս քայլը՝ քնել, քնել, մեկ էլ հոպ՝ գրառում անել Արցախի հարցի մասին, այն հարցի, որն արդեն «վաղուց չկա»: Սա ի՞նչ հետողորմյա է, եղբայր, նպատակդ ո՞րն է: Էս բոյի էշություն գրելու համար մի պատճառ պիտի լինի, չէ՞: Եթե ինքդ չասես, ես կարող եմ ենթադրություններ անել այդ պատճառի(ների) մասին: Զորօրինակ՝ փորձում ես հայվան հետեւորդներիդ ուղեղների մեջ ավելի ամրագրել այն թեզը, թե «խեղճ հարիֆն ի՞նչ աներ, Արցախը նախկիններն են տվել»: Եթե այո, ապա նույնիսկ դա վատ ես արել: Ենթադրենք, նախկինները բանակցել են Արցախն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, դու էլ ծանոթացել ես գործընթացին ու համոզվել դրանում: Ի՞նչ պետք է անեիր դու դրանից հետո: Նորմալ մարդը կփորձեր փոխել գործընթացը, տանել այլ ուղղությամբ: Իսկ դու ի՞նչ արեցիր քո «զրոյական» կետից: Ի՞նչ արեցիր, որ Ադրբեջանը հրաժարվեց իր համար «հաջող» բանակցային գործընթացից ու պատերազմ սկսեց: Ինչո՞ւ չշարունակեցիր բանակցել, որ եթե անգամ Արցախը վերադարձվեր Ադրբեջանին, ապա դա տեղի ունենար Արցախի ինքնորոշման իրավունքի եւ արցախցիների իրավունքների պահպանմամբ: Կարճ ասած՝ այդ ի՞նչ արեցիր, որ բանակցային գործընթացը կանգ առավ, եւ պատերազմ սկսվեց: Պարզվում է՝ ինչ-որ պահի Փաշինյանի հայրենասիրությունը բռնել է, եւ նա բանակցային գործընթացը՝ նախկիններով, համանախագահներով, Մինսկի խմբով-բանով, ծալել մի կողմ է դրել ու «կրակել»՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Այ քեզ հայրենասիրության նորաձեւ մոդել… Եվ ամենակարեւորը՝ հետո վախեցել է (մոռացել է) ժողովրդին այս ամենը պարզաբանել:

Մյուս ենթադրությունս էլ այն է, պարոն Փաշինյան, որ այս գրառումով փորձում ես հետին թվով արդարանալ, քո ոճով ասած՝ պլստալ: Բայց մի՞թե դա կիրթ մարդու անելու գործ է: Դու, ըստ էության, խոստովանում ես, որ չես ուզում պատասխան տալ արածներիդ համար, որ դու ոչ թե կիրթ մարդ ես, այլ մանիպուլյատիվ էակ՝ շարքային դավաճան, ակամա հողատու եւ ազգակործան պատուհաս:

ՀԳ. Սիրով սպասում եմ Փաշինյանի հաջորդ գրառմանը, որտեղ նա «կապացուցի», որ Տավուշի գյուղերը, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը, Ջերմուկի բարձունքները, Տիգրանաշենը նախկիններն են տվել, էն էլ՝ 1994-ին սկսված բանակցությունների «համատեքստում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image