Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը օգոստոսի 15-ին 2 ամսով երկարաձգվեց: Այդպիսի որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Դատարանը գտել է, որ «հիմնավոր կասկած» առկա է առաջին կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը: Այսինքն, փողերի լվացման եւ հարկեր թաքցնելու մեղադրանքը, որը հետագայում կցեցին առաջին մեղադրանքին, որ կալանքն ու քրեական վարույթն ավելի «ամրացնեն», իրականում` բացակայում է: Պատկերացրեք` ինչքան քաղաքական է հետապնդումը, որ դատարանն ավելի վստահելի է համարել եկեղեցուն աջակցելու համար ասված այդ մեկ նախադասությունը, իսկ մյուս` տնտեսական մեղադրանքն առհասարակ «ջրել է»:
Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, որ կալանավորվել է հունիսի 18-ին՝ 2 ամսով: Նա վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»:
Այս խոսքերից համար էլ նրան մեղադրանք առաջադրեցին` իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Հայտնի գործարարի մեղադրանքը մոտ մեկ ամիս անց լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով: Իսկ հունիսի 18-ից հետո կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու որոշումը դատարանը կայացրեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքի շրջանակներում: Այս մեղադրանքի միակ ապացույցը տեսանյութն է, որը հունիսի 17-ից հրապարակված է եւ ամբողջ համացանցում տարածվել է։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով գործարարի կալանքը երկարաձգելու որոշմանը, այն էլ առաջին մեղադրանքով, ասաց․ «Գիտեք ինչ, մեր բոլոր առարկություններն ու հակափաստարկները նրա վրա ենք կառուցում, թե նա այդ տեսանյութին ինչպես պետք է խոչընդոտի: Բացի այդ, այդ տեսանյութն իր մեջ որեւէ հանցակազմ չի պարունակում, բացի զուտ մեր խոսքից, որ հանցակազմի հատկանիշ չի պարունակում, մենք նշանակել ենք տվել նաեւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն, մենք ունենք փորձագետի եզրակացություն, որով հիմնավորվում է, որ այդ տեսանյութն իր մեջ կոչի բնույթ չի պարունակում: Մենք հարցման ենք ենթարկել Հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող լեզվաբան պրոֆեսորների, ովքեր եւս փաստում եւ հիմնավորում են, որ այդ տեսանյութն իր մեջ «կոչ» չի պարունակում, ներկայացնում են, թե ինչ բան է առհասարակ «կոչը», բայց այստեղ խոսել, թե կա թեկուզ աննշան հիմնավորում, գոյություն չունի»։
-Կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ եք ներկայացրե՞լ այդ եզրակացությունները։
-Այո։
-Դատարանը չի՞ բացում փակագծերը, թե ինչպես կարող է հրապարակված տեսանյութին խոչընդոտել մեղադրյալը։
-Ոչ, ոչ։
-Պարոն Ֆերոյան, կա նաեւ երկրորդ մեղադրանք՝ փողերի լվացում եւ այլն։ Դատարանը չէր կարո՞ղ այդ մեղադրանքով երկարացնել կալանքը, այն ավելի համոզիչ հիմք չէ՞ր կարող լինել։
-Այդ «փողերի լվացում» ասվածն ընդհանրապես չի հիմնավորվում, այստեղ մենք եթե գոնե ունենք տեսանյութ, որ այդ տեսանյութը քննչական մարմինը տարբեր ձեւ մեկնաբանում է, այդ «փողերի լվացումը» լրիվ ոնց որ գիշերը քնից մեկն արթնանա, ինչ-որ բան գրի, ու ասի՝ վերջ այսպես է։ Այդ ամենն իր հետ որեւէ կապ չունի, դրա համար դատարանը չի կարողացել որեւէ կերպ հաստատված համարել հիմնավոր կասկածը փողերի լվացման հետ կապված։
-Տպավորություն էր, թե դիտմամբ է այդ իշխանազավթման կոչի մեղադրանքով երկարացրել կալանքը, որ հետագայում ավելի հեշտ լինի խափանման միջոցը փոխելը։ Դատավորը կարծես ստիպված է եղել կալանք տալ, բայց այնպես է տվել, որ հետագայում իր որոշումը բեկանվի
-Ոչ, չկա այդպիսի բան։