«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել: Հարկայինը ստուգել է նրա հասարակական կազմակերպության գործունեության անցյալ տարվա հաշվետվությունը եւ բացահայտել է մեկ թվի սխալ՝ 2024 թվականի փոխարեն գրված է եղել 2023 թվական: Անահիտ Ադոյանը պատմում է, որ առանց նախազգուշացնելու այս աննշան սխալի համար իրեն տուգանել են նախ՝ 50 հազար դրամով, հետո եւս 200 հազարով:
«Կազմակերպությունս շահույթ չհետապնդող է, իմ ավտոտնակում եմ բացել: Դուք այսօր բերեցիք 10 հատ գրիչ, ես դա վերցնում եմ, տալիս եմ ընտանիքներին, մյուսը բերեց 5 շապիկ, տալիս եմ ընտանիքներին: Սա է իմ գործունեությունը: Մի հաշվապահ ճարեցի, որ գոնե տարին մեկ զրոյական հաշվետվություն ներկայացնեմ: Քանի որ տեքստը չի փոխվում ու գումարային շարժ չկա, նա արտատպել է նախկին հաշվետվությունը եւ սխալմամբ 2023 թիվը չի փոխել 2024-ի: Հիմա հարկադիրն ինձանից 250 հազար դրամ է պահանջում այդ մի թվի համար: Ոչ մի գումարային շարժ չի եղել, ես շահույթ չեմ ստացել, բայց պետք է 250 հազար տամ իրենց», - ասում է Անահիտ Ադոյանը:
Նա ամենաակտիվ ծնողներից է, ով պայքարում է անհետ կորած երեխաների վերադարձի համար, հնազանդ չէ, ներկա իշխանությունների մասին իր կարծիքը հարկ եղած դեպքում ազատ արտահայտում է: Չի բացառում, որ իր նկատմամբ հարկային տեռորը պատահական չի: «Անսպասելի եմ պարզել, որ 250 հազար դրամ հարկադիր ունեմ: Գոնե նախազգուշացնեին, ախր: Կազմակերպությունը ես բացել եմ 22 թվականին, որպեսզի տանը չցնորվեմ», - ասում է նա:
44-օրյա պատերազմից առաջ հաջողակ բինեսմեն էր: Խմորեղենի արտադրամաս ուներ, խանութ: Տղայի կորելուց հետո, 2020 թվակյանին ամեն ինչ փակեց, ինքն էլ փակվեց, նստեց տանը:
Անահիտ Ադոյանի հետ խոսեցինք թեժ հարցերից:
- ԱԱԾ նոր պետին՝ Անդրանիկ Սիմոնյանին, տեսե՞լ եք: Նախկին պետը՝ Աբազյանը շատ էր հանդիպում ծնողների հետ, եւ ինչ տպավորություն ունեք:
- Անհետ կորածների ծնողները հանդիպել են, ես այդ հանդիպմանը չեմ գնացել: Բայց սովորական, ծանոթության հանդիպում է եղել, ոչ մի հարց չի քննարկվել: ԱԱԾ-ն հիմա այլ, ավելի լուրջ հարցերով է խառնված՝ իրենց ավելի շատ բարերարներին բռնելն է հետաքրքիր, եկեղեցին, կրոնը, ոչ թե մեր երեխեքը: Մեր երեխաները երբեք չեն եղել առաջին պլանում: Աբազյանն այնքան բան է արել մեզ համար, նա բավականին փոփոխություններ բերել է, բայց դե մեզ համար մեր տղաների վերադարձն է կարևոր, վերադարձի պահով ոչինչ չկա:
- Երկրի ղեկավարությունից ծնողները ոչ մի լավ բան չե՞ն սպասում: Ի՞նչ լուծում են պատկերացնում անհետ կորած որդիների հարցում:
- Եթե մի երկրի ղեկավար գնում է, թշնամու առաջ ոտքերը հանում, մտնում է մզկիթ, ի՞նչ հույս դնեմ, երևի, էն ժամանակ կլուծվի հարցը, երբ որ ամեն շենքի վրա Ադրբեջանի դրոշ լինի:
- Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ գերիների հարցով կառուցողական խոսակցություն չի ստացվում եւ գուցե, խաղաղություն ստորագրելուց հետո հարցը կլուծվի, լսե՞լ եք, հնարավոր համարո՞ւմ եք, որ լուծվի:
- Իրենք ճիշտ են մտածում: Մեր պահանջը պարզ է ու հասարակ՝ որ մարդկանց ողջ առողջ վերադարձնեն տուն: Դա իրենք չեն կարողանում կատարել: Բայց Ադրբեջանի պահանջը՝ հողերի նվիրատվությունը մենք շատ սիրուն կարողանում ենք անել: Սա նշանակում է, որ մենք նրանց ենթարկվում ենք, եւ նրանք ինչ ուզեն, կարող են անել: Մեր ղեկավարը սուսիկ, փուսիկ, փափկամազիկ է: Տան տղամարդը եթե պինդ է, ոչ էրեխեքն են լինում այլասերված, հանցագործ, ոչ էլ կինն ա դառնում անբարոյական, իսկ եթե տղամարդը թույլ է, համ երեխեքն են բառախլո, համ՝ կինը: Հիմա մեր երկրի ղեկավարը թույլ ա: Թքեցին, թուքը կուլ տվեց, թուրքից չի նեղվում, դավաճանից չի նեղվում, հողատուից չի նեղվում, ինչ բառ ասես, ինքը ոչ մի բանից չի նեղվում:
- Արա Ռոստոմյանին՝ 44-օրյա պատերազմում զոհվածի հորը կալանավորեցին ընդամենը Սրբազանի կողքին լինելու համար, ի՞նչ մտքեր ունեք սրա հետ կապված:
- Ի՞նչ կապ ունի, ում կողքին էր: 44 օրյա պատերազմում զոհվածի ծնողի դիմացը փակ դուռ պետք է չլինի: Նա տվել է իր ամենաթանկը, որի հաշվին դու, ես, մյուսը, մեր ղեկավարները, էսօր բոլորը ապրում են ու գոյատեւում են: Մի քանի օր առաջ մտան մեր քաղաք` Էջմիածին: Հիմա մենք, սովորական քաղաքացիներս իրավունք չունե՞նք գնալ եկեղեցի, մոմ վառել, որովհետև իրենք կարող է դեղերը խմած չլինեն, տեսնեն՝ մեկ-երկու ծնող, որոշեն, որ քաղաքականությամբ են զբաղվում ու իրենց էլ ԱԱԾ- ի պադվալ տանեն: Էս չե՞նք մենք:
- Էջմիածնում եք ապրում, նկատած կլինեք` ռեպրեսիաներից, ձերբակալություններից հետո եկեղեցի մտնողների հոսքը չի՞ պակասել:
- Մենք Զվարթնոց թաղամասում ենք, էդ հոսքը չենք տեսնում, բայց մեր կրոնը դեռ «հեչ» չի եղել, որ ժողովուրդը չգնա եկեղեցի: Էնպես չի, որ իրենից պետք է մարդիկ վախենան, չգնան եկեղեցի: Ոչ: Վախի մթնոլորտ չկա: Ժողովուրդն ավելի համախմբվել է եկեղեցու շուրջ: