Քաղաքականություն

Փորձարկում են հետընտրական զարգացումները կանխելու սցենարը

Փորձարկում են հետընտրական զարգացումները կանխելու սցենարը

Նույնիսկ պարտությունը չօգնեց Սեւակ Խաչատրյանին եւ նրա կողմնակիցներին՝ խուսափելու իշխանության հետապնդումներից եւ ճնշումներից: Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցած եւ ավելի քան 10 հազար ընտրողի քվե ստացած «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների եւ դաշինքի համախոհների բնակարաններում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կազմակերպված խուզարկությունները եւ ձերբակալությունները կարծես թե որեւէ տրամաբանություն չունեն: Եթե «Հաղթանակ» դաշինքը հաղթած լիներ ընտրություններում, եւ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Սեւակ Խաչատրյանը լիներ քաղաքապետի հավակնորդ, այդ դեպքում ամեն ինչ միանգամայն տրամաբանական կլիներ՝ ե՛ւ քրեական գործի հարուցումը, ե՛ւ խուզարկությունները, նրա եւ մյուս ավագանիների կալանավորումը, բայց հիմա ի՞նչ է ուզում այդ մարդկանցից Փաշինյանը, չէ՞ որ նրանք պարտվել են, իր կուսակցությունը միայնակ կարող է քաղաքապետ ընտրել:

Տեղի ունեցողի միակ բացատրությունն այն է, որ Փաշինյանն այսօրվանից պատրաստվում է եւ քաղաքական ուժերին, հասարակությանը նախապատրաստում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն սցենարին, որը բեմականացվելու է ընտրություններից հետո:

Իբրեւ թե բաժանված ընտրակաշառքի փաստով քրեական գործ հարուցելով` Փաշինյանն ասում է, որ ընդդիմությունը, այս դեպքում՝ «Հաղթանակ» դաշինքը, առանց ընտրակաշառքի չէր կարող այդքան ձայն ստանալ, եթե ստացել է, ուրեմն հաստատ ընտրակաշառք է բաժանվել: Եթե հիշում եք, նման անհիմն հայտարարություն Փաշինյանն ու իր կուսակիցներն արեցին նաեւ Գյումրու ավագանու ընտրություններից հետո, սակայն իրենց ասածը որեւէ կերպ հիմնավորել չկարողացան եւ քանի որ Գյումրիում էլ պարտվել էին, մտածեցին, որ այնքան էլ ճիշտ չի լինի Ղուկասյանին միանգամից կալանավորելը, թողեցին, որ նա 6 ամիս պաշտոնավարի, որ հետո ուրիշ գործ սարքեն ու այդ գործով կալանավորեն:

Փաշինյանի հիմնական ուղերձն իր քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմադիր կուսակցություններին եւ հասարակությանը հետեւյալն է. դուք չունեք ընտրողներ, եթե ընտրողները քվեարկում են ձեր օգտին, ապա դա անում են բացառապես ընտրակաշառքի դիմաց: Սրանով Փաշինյանը երկու հարց է լուծում։ Նախ՝ քարոզչական. ընդդիմության կողմնակիցներին ասում է՝ իմացեք, որ ընդդիմությունն իրեն ձայն տալու համար փող է բաժանում, փողով քվեներ է գնում, եթե ձեզ փող չեն տվել, ուրեմն դուք մի քվեարկեք ընդդիմության օգտին, քանի որ ձեզ ուղղակի խաբել են, ձեր բաժին գումարը ձեզ չի հասել: Մյուս հարցն ավելի կարեւոր է. Փաշինյանը նախապատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սպասվելիք հետընտրական զարգացումներին: Նա որոշել է ոչ թե պաշտպանվել, այլ՝ նախահարձակ լինել:

Հայաստանում հետընտրական զարգացում ասելով նկատի ունեն ընդդիմության եւ նրա կողմնակիցների կողմից ընտրությունների պաշտոնական արդյունքների վիճարկումը փողոցում. մարդիկ, դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից, հայտարարում են, որ դրանք կեղծվել են, իշխանությունն ընտրակաշառքի, ընտրական այլ կեղծիքների միջոցով կեղծել է ընտրության իրական արդյունքները, յուրացրել է իշխանությունը, եւ փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են ընտրության արդյունքների վերանայում, ընտրության իրական արդյունքի արձանագրում: 

Հիմա Փաշինյանը փորձում է կանխել նման հնարավոր զարգացումը. նա ինքն է հայտարարում, որ ընդդիմությունը կեղծել է ընտրության արդյունքները, որ ընդդիմադիրներն են ընտրակաշառքի միջոցով ազդել ընտրության արդյունքների վրա, եւ այն ձայները, որ արձանագրվել են ընտրության արդյունքում, ոչ թե ընտրողների ազատ կամարտահայտման, այլ նրանց կամքի վրա ֆինանսական ներազդման արդյունք են: Նա զգուշացնում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո էլ է տեղի ունենալու ճիշտ նույնը, ինչ հիմա է. ընտրության հաջորդ օրը կամ հենց գիշերը Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը եւ մյուս բոլորը ներխուժելու են ընդդիմության առաջնորդների, պատգամավորության թեկնածուների բնակարաններ, կուսակցական գրասենյակներ, նախընտրական շտաբներ եւ սկսելու են խոզարկություններն ու ձերբակալությունները, որ գտնեն ընտրակաշառքի բաժանման հիմնավորումներ: Երկրում այնպիսի վախի ու ահաբեկման մթնոլորտ է ստեղծվելու, որ որեւէ մեկի մտքով անգամ չանցնի հետընտրական պրոցես կազմակերպել, որ փողոց դուրս գալու մասին մտածելու փոխարեն ամեն մեկը մտածի, թե որտեղ է թաքնվելու կամ ինչպես է արդարանալու, որ ընտրակաշառք չի բաժանել: 

Միայն մի հարց կա այս դեպքում․ եթե Սեւակ Խաչատրյանը եւ նրա կողմնակիցներն իսկապես ընտրակաշառք էին բաժանում, ինչո՞ւ իշխանությունը հենց այդ՝ ընտրակաշառք բաժանելու ժամանակ գոնե մեկին չկալանավորեց եւ որեւէ կոնկրետ ապացույց չներկայացրեց, հիմա՝ ընտրություններից հետո են իմացել ընտրակաշառքի բաժանման մասին, երբ ենթադրյալ-հորինված գործողությունն արդեն ավարտվել է, եւ որեւէ իրական ու համոզիչ ապացույց հնարավոր չէ գտնել: Բռնապետությունը հենց նրանով է բռնապետություն, որ բռնության համար որեւէ կոնկրետ փաստ կամ հիմք պետք չէ, ապօրինության եւ բռնության հիմքը բռնապետի կամքն ու քմահաճույքն են:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image