Էս նեղ մաջալին, երբ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, երբ տնտեսությունը կաթվածահար վիճակում է, երբ մարդիկ չգիտեն՝ վաղը ինչ են անելու, Փաշինյանը որոշել է հանգստի գնալ։
Կարճ-կոնկրետ՝ գլուխն առել ու տնից փախել է։
Սա էն դեպքն է, երբ մարդը հասկանում է, որ տան մեջ ամեն ինչ գլխիվայր է, էլ ոչ մի բան չի կարող անել, ձեռքերը թափ է տալիս ու ասում՝ «ես գնացի, դուք իրար հետ պարզեք»։ Հենց նման պահերի համար են ասում՝ ուղտի պարը կամրջի վրա է բռնում։
Երկրում գործադուլներ են, մարդիկ՝ անելանելի վիճակում, տնտեսությունը՝ ծանր կացության մեջ, բայց երկրի ղեկավարը որոշել է՝ մի քիչ հեռվից վայելել տան խառնաշփոթը։ Մեկ էլ հեռվից-հեռու խորհուրդներ տա, թե ինչպես խուճապի չմատնվել։ Այդ առումով էլ, երևի, շատ «ստրատեգիական» քայլ էր Վարդավառին համախմբված դույլերով իրար գլխի ջուր լցնելը։ Մեկ է՝ եթե խնդիրները չեն հանգչում, գոնե գլուխները թրջենք, որ «պաժառ չընկնի»։ Գլուխն առել, կոպալն էլ հետը վերցրել ու չոլերն է ընկել։
Հիմա էլ նկարներ է հրապարակում՝ սարեր, ձորեր, ինչ-որ հեռավոր անկյուններ։ Մի ամբողջ «մագելանյան շրջագայություն» է հիշեցնում՝ կարծես ոչ թե երկրի ղեկավարը հանգստի է գնացել, այլ վերջին քարտեզը դոշին խփած՝ որոշել է մարդկությանը տեղեկացնել, որ դեռ կան չբացահայտված չոլեր։
Հետևից էլ մի քանի տասնյակ մարդ՝ ուղեկցում են, որ հանկարծ այդ դյուցազնական արշավը մենակ չանցնի։ Մնում է միայն ճանապարհին ցուցանակ դնել՝ «Այս ուղղությամբ անցել է մեծ արշավախումբը։ Նպատակ՝ հնարավորինս հեռու մնալ տնային խառնաշփոթից»։
Ու այդ ամենի ֆոնին փորձում են մեզ համոզել, թե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ իր տեղում է, ուղղակի ժողովուրդն է մի քիչ անհանգիստ։
Բայց երբ տան մեջ կրակ է, տան տերը պատշգամբում նստած արև չի ընդունում ու չի էլ նկարում, թե ինչ գեղեցիկ է ծուխը մայրամուտի ֆոնին։
Չի լինում, որ տունը փլվում է, իսկ տան տերը կողքից ասում է՝ «տեսեք՝ ինչ լավ տեսարան է բացվում այս փլատակներից»։
Երբ հազարավոր մարդիկ իրենց տեղը չեն գտնում, ղեկավարը չի կարող իրեն պահել այնպես, կարծես երկրի ամենամեծ խնդիրը հաջորդ լուսանկարի համար լավ ֆոն գտնելն է։
Որովհետև ժողովուրդը կարող է չտեսնել հեռավոր սարերն ու ձորերը, բայց շատ լավ տեսնում է՝ ով է այդ պահին իր կողքին, իսկ ով է դարձել պարզապես զբոսաշրջիկ սեփական երկրի խնդիրների մեջ։
Ու մարդիկ էլ այդ ամենը տեսնելով՝ մի հույս են փայփայում՝
«Գլուխդ առած փախել ես տնից, էլ չգա՜ս․․․»