Հասարակություն

«Հրապարակ». Հրայր Թովմասյանի դատավճիռը 8 ամիս է՝ Վերաքննիչ դատարանում է

«Հրապարակ». Հրայր Թովմասյանի դատավճիռը 8 ամիս է՝ Վերաքննիչ դատարանում է

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին դատարանը` դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 20-ին մեղավոր է ճանաչել, բայց չի դատապարտել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով։ Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ «Ես որեւէ հանցավոր արարք ոչ միայն չեմ կատարել, այլեւ ամբողջ նիստի ընթացքում, ինչը լուսաբանվել է, ինձ որեւէ հանցավոր արարք չի վերագրվել: Մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու»,- լրագրողների հետ զրույցում դատավճռի հրապարակումից հետո հայտարարել էր ՍԴ դատավորը: 

Առաջին ատյանի դատավճռով դեռ Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավորի, չեն դադարեցվի, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, այսինքն՝ անցնի բոլոր 3 ատյաններով։ Այլ խոսքով՝ հիմա ամեն ինչ կախված է բողոքարկումից։ Եվ եթե վերադաս դատական ատյանները չբեկանեն դատավճիռը, այն ժամանակ միայն ՍԴ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանում ավարտվում է 2030 թվականին։ Այսինքն, եթե իշխանությունը ճնշում գործադրի դատարանների վրա եւ հասնի նրան, որ դատավճիռն ի վնաս Թովմասյանի լինի նաեւ հաջորդ երկու ատյաններում, ապա կկարողանան լիազորությունները լրանալուց 5 տարի առաջ Թովմասյանին զրկել ՍԴ դատավորի կարգավիճակից։ Բայց պարզ չէ, թե բողոքարկման գործընթացը որքան կձգվի։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՔՕ (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի դրվագը դատարանն առանձնացրել էր՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ 

Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է թե՛ դատախազության եւ թե՛ պաշտպանական թիմի կողմից Վերաքննիչ դատարան։ Դատախազությունը պահանջում է բեկանել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը եւ դատապարտել նրան ազատազրկման 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։ Բողոքները քննվում են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, եռյակի մյուս երկու դատավորներն են Մեսրոպ Մակյանը եւ Ժենյա Մելիքսեթյանը։ 

Առաջին ատյանի որոշման դեմ բողոքները շուրջ 8 ամիս է՝ Վերաքննիչ դատարանում են, Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոքների քննման հետ կապված խնդիր չի տեսնում, ասում է՝ բազմադրվագ եւ բազմածավալ գործ է․ «Հաշվի առնելով մեր ներկայացրած բողոքի ծավալները եւ այն, որ դատախազներն էլ են բողոք ներկայացրել, ծանրաբեռնվածությամբ քննում են։ Մենք առարկություն ենք ներկայացրել, որ առաջին ատյանը չպետք է նման որոշում կայացներ, որ հիմա էլ ստիպված չլինեինք նման բողոքներով գնալ։ Ընդհանուր առմամբ՝ առկա իրադրության շրջանակներում, ըստ ժամանակացույցի, քննվում է»։ 

Փաստաբանն ասում է՝ նիստեր են նշանակվում, գնում են․ «Ըստ կողմերի ծանրաբեռվածության՝ լինում են նիստեր, եղել է, որ երեք շաբաթ իրար հետեւից ենք նիստ ունեցել, արձակուրդներով պայմանավորված որոշակի դադար։ Այդ առումով կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա։ Խնդիրն ուրիշ տեղ է, թե ոնց ստացվեց, որ առաջին ատյանի դատարանը որոշեց ամեն օր նիստ նշանակել, այսինքն՝ մենք մեր ենթադրություններն ունենք, որ այդ ակտի կատարումից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, թե ինչու էր առաջին ատյանի դատարանում վերջին մեկ ամիսը ամենօրյա  ռեժիմով քննվում։ Ամենաանհավանական բանը, որ տեղի ունեցավ, այն էր, որ ԲԴԽ-ն այդ դատավորից առաջ գտնվող անձին առաջխաղացման ցուցակից հանեց եւ հենց այն օրը, երբ գնաց որոշում կայացնելու։ Իմ գնահատմամբ՝ դա թաքնված գործարքի առաջարկ էր ԲԴԽ-ի կողմից, այսինքն՝  կկայացնեք այդ ակտը, կունենաք առաջխաղացում»։ 

Արդարացում պահանջող Թովմասյանն այս քրեական գործը քաղաքական հետապնդում է համարում։ 2018-ին բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը մեղադրանքի քաղաքական լինելու մասին խոսելիս ասել է, որ իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու ՍԴ մյուս դատավորներից։ Իշխանությունը տեւական ջանքեր գործադրեց այդ ուղղությամբ, անգամ սահմանադրական հանրաքվե էր ուզում անել այդ հարցով, ապա օրենքի խախտմամբ՝ ԱԺ որոշմամբ 2020 թվականին 3 դատավորի վաղաժամ հեռացրին ՍԴ-ից, իսկ Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image