Քաղաքականություն

Ցուցակ ունենալը հանցագործություն չէ․ Արսեն Բաբայան

Ցուցակ ունենալը հանցագործություն չէ․ Արսեն Բաբայան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Պաշտոնական հաղորագրության մեջ մի զավեշտական նախադասություն կա, որ բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի են ունեցել ընտրություններին մասնակցելը: 
Շեշտվում է նաև, որ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների՝ անձնական տվյալներ պարունակող ցուցակներ՝ ձեռագիր նշումներով (այդ թվում՝ բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս): Իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալված երկու տարեց կանանց մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառք տալու և ստանալու համար: 

Հիշեցնենք, որ ձերբակալվածներից 75 տարեկան Կիմա Հայրապետյանին հերիք չի անազատության մեջ են պահել 72  ժամ, դեռ կինը պատմում է, որ իրեն քաշելով գցել են մեքենան, այնպես են բերման ենթարկել՝ կարծես մարդասպան լինի ու դեռ բաժնում էլ ստիպել են ասել, որ իրեն կաշառք են տվել:

«Հրապարակի» հետ զրույցում գործով անցնող մյուս տարեց կնոջ՝ Անահիտ Խալաթյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց, որ գործում ներկայացված մանրամասները՝ քողարկված խոսելը, «դասարանցիների» անվան տակ այլ բան ենթադրելը դա Հակակոռուպցիոնի վարկածն է, իրենց ենթադրությունը:

«Որպեսզի կարողանային ճնշում գործադրեին ու այս կանանց ձերբակալեին, այդպիսի վերլուծություններ, այդպիսի հետևություններ էին բերել: Դրանք իրականությանը չեն համապատասխանում, անձինք խոսում են կենցաղային հարցերի շուրջ: Դրանք ձևակերպել են հակակոռուպցիոնում, իբր ինչ-որ կոդերով են խոսում: Ցանկացած խոսակցություն կարելի է այդպես վերցնել, ասել, որ այստեղ ծածկագրերով են խոսում, և ցանկացած անձի մեղադրանք առաջադրել: Դա իրենց առաջ քաշած թեզն է, որն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Բաբայանը։
Հարցին, թե հրապարակված հաղորդագրության բովանդակությունը որքանո՞վ է իրավական չափանիշներին համապատասխանում, տարեց կնոջ պաշտպանն ասաց, որ ինչ-որ ներկայացվել է, նույնիսկ եթե դա ճշմարտություն լինի, ապա այդտեղ հանցակազմ չկա: Բացառություն է կազմում այն հանգամանքը, եթե ընտրակաշառքի մասին լիներ խոսակցությունը, սակայն որպես ապացույց ինչ-որ ցուցակներ են ցույց տալիս:

«Ձերբակալված կանանցից Անահիտը ավագանու անդամի թեկնածում է՝ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքով: Հետևաբար, շատ նորմալ է, որ իրենք ունենան բազմաթիվ ցուցակներ՝ վստահված անձանց ցուցակներ, հանձնաժողովի անդամների, ընտրողների ցուցակներ, որոնք հրապարակված են կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Շատ նորմալ է, որ իրենք իրականացնեն քարոզչություն, քարոզչության ընթացքում այդպիսի ցուցակներով գնան թաղամասեր, սովորական նախընտրական քարոզչական պրոցեսներ են: Հիմա իրենք վերցրել են այդպիսի երևույթներն ու փորձում են ներկայացնել, իբր ինչ-որ հանցագործություն է տեղի ունեցել»,-նկատում է Բաբայանը։

Պաշտպանը նշում է, որ մեղադրող կողմը շատ լավ գիտեր, որ իրենց կեղծ թեզերը, կեղծ տեղեկությունները հրապարակելու են և կանխատեսել են, որ պաշտպաններն էլ դրա վերաբերյալ իրական փաստեր կներկայացնեն ու դրանով պայմանավորված գործով անցնող անձանց պաշտպաններին նախազգուշացրել են՝ վարույթի վերաբերյալ նյութեր հրապարակելու արգելքի մասին:

«Այսինքն, իրենք գիտեին, որ պիտի ստեին և այդ ստերին, որպեսզի մենք հակափաստարկներ բերենք, պիտի խոսենք ստիպված փաստական հանգամանքներից, վարույթից, բայց դա մեզ արգելվել է օրենքով սահմանված եղանակով, իհարկե, բայց այդ օրենքով սահմանված եղանակը ի չարս է գործադրել: Եթե դուք մեզ սահմանափակում եք, հետևաբար դուք էլ որևէ բան պիտի չանեք, սա է իրենց գործելաոճը: Բայց իրենց հրապարակածը իրականության հետ կապ չունեն, իրենց հրապարակածը հանցագործություն չի, ցուցակներ ունենալը կամ անձանց  այս կամ այն կողմ գնալը դա հանցագործություն չի, իննսունն անց կնոջը օգնել՝ տեղամաս հասնելու համար, որպեսզի կարողանա ընտրել՝ դա հանցանք չի»,-ասաց Բաբայանը:

Նա հավելեց, որ վարչական դատարանը մերժել է տարեց կանանց տնային կալանքի միջնորդությունը, կիրառել է վարչական հսկողություն՝ առանց այլ սահմանափակումների:

«Իրենք չունեն որևէ սրբություն, իրենք թեկնածուի հորն ու որդուն են ձերբակալել՝ ընտրության նախորդ օրը ընտանիք են մտել, յոթանասունն անց կանանց ինչո՞ւ չպիտի ձերբակալեն»,- իր խոսքը եզրափակեց Արսեն Բաբայանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image