Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ոտնահարել է Հայաստանի Սահմանադրությունը, եւ նա օրերս դա արեց հերթական անգամ: Արեց կարծես թե աննկատ, բայց շատ կոպիտ՝ խախտելով քաղաքացիների հավասարության սահմանադրական նորմը: Փաշինյանն իր գործողություններով Հայաստանը հետ շպրտեց 19-րդ դար՝ մի ժամանակ, երբ գոյություն ուներ ունեցվածքային ցենզ՝ որպես ընտրական իրավունքի անբաժան մաս: Փաշինյանն իր կամայական որոշմամբ սահմանեց, որ ընտրություններում որպես թեկնածու կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր կարող են վճարել որոշակի գումար․ ՔՊ անդամների դեպքում՝ 500 հազար, իսկ շարքային քաղաքացիների դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: Ստացվում է, որ աղքատները`այն մարդիկ, ովքեր զուրկ են նման նյութական հնարավորությունից, զրկված են ընտրություններում առաջադրվելու իրավունքից, ինչը ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում է:
Համաշխարհային պատմության մեջ ունեցվածքային ցենզը, որպես մարդու ընտրական իրավունքի սահմանափակման միջոց, գոյություն է ունեցել դեռեւս Հին Հունաստանում, որտեղ ամենաաղքատ խավերն իրավունք ունեին ընտրելու, բայց ոչ ընտրվելու, այնպես, ինչպես ներկայիս Հայաստանում է: Միացյալ Թագավորությունում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդկանց ընտրական իրավունքն անմիջականորեն կապված էր մարդկանց ստացած տարեկան եկամտի, որպես սեփականություն ունեցած հողի, ձիերի կամ կովերի քանակի հետ: 19-րդ դարի կեսերից սկսած, այդ սահմանափակումները սկսեցին մեղմացվել, եւ ընտրական իրավունք սկսեցին ստանալ քաղաքացիների ավելի լայն շերտերը, եւ միայն 20-րդ դարում ընտրական ցենզը սկսեց վերացվել, ու գերիշխող դարձավ մարդկանց հավասարության սկզբունքը։ Քանի որ համարում էին, որ բոլոր մարդիկ հավասար են, հետեւաբար, նրանք պետք է օժտված լինեին հավասար իրավունքներով եւ պարտավորություններով, այդ թվում՝ եւ ընտրական:
Մարդկանց հավասարության, այդ թվում եւ ընտրական թեզն ամրագրված է նաեւ Հայաստանի Սահմանադրության մեջ: Սահմանադրության 48-րդ հոդվածը վերաբերում է Ազգային ժողովի ընտրություններին եւ ամրագրում է ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքը: Հոդվածը, որը կոչվում է «Ընտրական իրավունքը եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը», անդրադառնալով ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքին, ասում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Ինչպես տեսնում եք` այս հոդվածում չի ասվում՝ ով ունի առնվազն 500 հազար կամ 1,5 միլիոն դրամ գումար, որը պատրաստ է նվիրաբերել ընտրական ցուցակում հայտնվելու համար: Այս հոդվածը սահմանում է նաեւ, թե ովքեր են զրկված ընտրական իրավունքից. «Ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաեւ այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք»:
Ինչպես տեսնում եք` Հայաստանի Սահմանադրությունը որեւէ սահմանափակում չի պարունակում, կապված մարդկանց նյութական դրության հետ, չի ասում, որ մարդը զրկված է պատգամավոր առաջադրվելու եւ, հետեւապես, ընտրվելու իրավունքից, եթե նա չունի 1,5 միլիոն դրամ: Մի բան, որն արել է Փաշինյանը՝ խտրականություն ստեղծելով Հայաստանի հարուստ եւ աղքատ քաղաքացիների միջեւ, որովհետեւ պարզ է, չէ՞, որ նպաստառուն կամ նվազագույն աշխատավարձ ստացող որեւէ մեկը չի կարող 1,5 միլիոն վճարել՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար:
Փաշինյանը կարող է ասել, որ իր կողմից կիրառված այդ սահմանափակումը համընդհանուր չէ եւ չի տարածվում մյուս կուսակցությունների վրա, որ աղքատները կամ նյութական նվազ հնարավորություն ունեցողները չեն զրկվել պատգամավոր ընտրվելու իրավունքից, քանի որ նրանք իրենց այդ իրավունքը կարող են իրացնել այլ կուսակցությունների միջոցով: Իհարկե, դա կա, բայց եթե անգամ կա մի մարդ, մի ՀՀ քաղաքացի, որը ցանկություն է ունեցել պատգամավոր առաջադրվել ՔՊ ցուցակով եւ դա չի կարողացել անել, քանի որ չի ունեցել Փաշինյանի պահանջած 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, արդեն նշանակում է, որ այդ մարդն անհավասար վիճակում է գտնվել նրա նկատմամբ, որն ունեցել է այդ գումարը, ոտնահարվել է նրա` ընտրվելու սահմանադրական իրավունքը, խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր քաղաքացիների հավասարության դրույթը:
Ի՞նչ իրավական հետեւանք կարող է սա առաջացնել կամ կարող էր առաջացնել, եթե Հայաստանը լիներ իրավական պետություն: Առնվազն այն, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մերժեր ՔՊ-ի գրանցումն ընտրություններում՝ որպես մարդկանց ընտրվելու սահմանադրական նորմը կապտորեն խախտած քաղաքական միավոր: Իսկ համապատասխան պետական մարմինները պետք է քրեական գործ հարուցեին հակասահմանադրական այս նորմը հռչակողի եւ կիրառողի նկատմամբ: Բայց մենք ոչ մի նման բանի ականատես չենք լինի, որովհետեւ Հայաստանն իրավական պետություն չէ, եւ, հետեւապես, իրավապահ մարմիններ էլ գոյություն չունեն:
Մնում է, որ քաղաքացիներն իրենք գնահատական տան Փաշինյանի այս հակասահմանադրական նորմին, հատկապես սոցիալապես անապահովներն ու աղքատները չընտրեն այդ կուսակցությանը, որն իր շարքերում չի ուզում տեսնել աղքատների եւ ունեզուրկների: