Քաղաքականություն

Ընդդիմությունը 2 բան պետք է անի

Ընդդիմությունը 2 բան պետք է անի

Դասախոս ընկերս հուզված հարցնում է` ախր ինչպե՞ս կարող է բարձրանալ իշխանությունների, ՔՊ-ի, Նիկոլի ռեյտինգը, ո՞ր ցուցանիշով է առաջնորդվում մեր հասարակությունը` իր համակրանքը կամ հակակրանքը կառուցելիս եւ վկայակոչում է վերջին հարցումների արդյունքները, որոնց վկայությամբ մոտ 5-10 տոկոսով բարձրացել է իշխանությունների վարկանիշը: Փորձում ենք համատեղ գտնել այդ հարցի պատասխանը: 
Իմ կարծիքով, պատճառը ընդդիմության պասիվության, ընդդիմությունից հիասթափության մեջ է: Իհարկե, հիասթափվել ընդդիմությունից դեռ չի նշանակում հիանալ իշխանությամբ, բայց հաստատ ինչ որ կապ կա այս երկու պրոցեսների միջեւ: Ի վերջո, մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի հսկայական բանակ հայտարարում է իշխանափոխությունը` որպես նպատակ, ինչ որ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ եւ ոչ մի կերպ հաջողության չի հասնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել` մեն-մենակ, կարողանում է «հաջողությամբ» հասնել իր նպատակին` պահել իշխանությունը: Անշուշտ, պետական լծակները, ուժային կառույցները, քարոզչամիջոցները փոքր ուժ չեն եւ դրանք հնազանդորեն ծառայում են իշխանության գլխին կանգնած անձին, բայց մարդիկ արդարացիորեն հարց են տալիս` իսկ ինչո՞ւ դրանք չծառայեցին 2018-ին իշխանության գլխին կանգնած անձին, ուրեմն անձից էլ է շատ բան կախված: 

Եթե ավելի անկեղծ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ մեր ընդդիմությունը, կամ` հասարակության այն հատվածը, որը երազում է Փաշինյանի ու ՔՊ-ի հեռացումը, ծույլ է, կրեատիվ չէ, աշխատասեր չէ, համառ չէ ու հետեւողական չէ: 

Բայց որպեսզի չստացվի, թե մի տաքուկ անկյունում նստած անարդարացիորեն քննադատում եմ ինչ որ բան անող մարդկանց` առանց կոնկրետ առաջարկներ անելու, փորձեմ ավելի կոնստրուկտիվ լինել: Ընդդիմությունը, ըստ իս, երկու բան պետք է փորձեր եւ պետք է փորձի անել.

1. Դաժանորեն եւ պրոֆեսիոնալիզմով քննադատել այս իշխանությունների բոլոր քայլերն ու որոշումները: Բացահայտել բոլոր ոլորտներում արձանագրված ավերածությունները, թվերով, փաստերով ապացուցել, որ կառավարությունում դիլետանտներ են, անբաններ, ապաշնորհներ, որոնք ձախողել են ամեն ինչ: Դրա համար ընդդիմադիր դաշտում բավարար ռեսուրս կա` եւ համապատասխան որակյալ մասնագետներ, եւ ոլորտների աշխատանքը լավ պատկերացնող անձինք:

2. Պետք է օրակարգ թելադրել ու կոնստրուկտիվ առաջարկներ անել: Այսինքն, ոչ միայն մերկապարանոց քննադատություն, այլեւ ծրագիր, քայլերի հաջորդականություն, լուծումներ, հայեցակարգեր, նախագծեր ներկայացնել հանրությանը, որը ցույց կտար, թե ինչ կարող է տեղի ունենալ իշխանափոխությունից հետո` երբ իշխանության գան իրենք:

Եւ այս երկու բանը պետք է արվեր ամառ-ձմեռ, գիշեր-ցերեկ...անհոգնել, առանց արձագանքներին ուշադրություն դարձնելու, առանց սեւ փիառին, իշխանական ֆեյքերին լսելու-պատասխանելու: Համոզված եմ` այս մարտավարությունը չէր կարող արդյունք չտալ, չէր կարող չլսվել հանրության տարբեր շերտերի կողմից` ոչ միայն մտածող ու խելացի մարդկանց, այլեւ շարքային քաղաքացիների: Չէր կարող սրա արդյունքում չծնվել այն բանակը, որն ասեր` սրանց անհաջողություններից, թատրոնից, ստերից ու երեսպաշտությունից հոգնել ենք, եկեք` պրոֆեսիոնալներին շանս տանք երկիրը փրկելու: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image