Իշխանություններն իրենց հասարակություններին համախմբելու եւ մոբիլիզացնելու համար միշտ ունենում են արտաքին թշնամու կերպար, որը սպառնում է տվյալ պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, գոյությանը: Երբ կա արտաքին թշնամուց եկող վտանգ, ներքին հակասությունները մի կողմ են դրվում, ստորադասվում են արտաքին վտանգին, մարդկանց ասում են՝ եկեք նախ մեր երկրին սպառնացող վտանգի դեմն առնենք, նոր անցնենք մեր ներքին հարցերին: Սա նոր տեխնոլոգիա չէ, այսպես է եղել հազարամյակներ շարունակ: Իսկ ի՞նչ է լինում, երբ որոշում են, որ արտաքին թշնամի չկա, միանգամից հայտնվում է ներքին թշնամին, ինչը պետության եւ հասարակության համար ավելի վտանգավոր է, քանի որ եթե արտաքինը համախմբում է, ներքինը հակառակն է անում՝ պառակտում է հասարակությանը:
Նայեք աշխարհի ձեզ ծանոթ եւ անծանոթ երկրներին, կտեսնեք, որ գրեթե բոլորն ունեն արտաքին թշնամի, երկիր կամ երկրներ, որոնք սպառնում են իրենց, եթե անգամ թշնամի էլ չեն, ապա մրցակից են, հակառակորդ: Մեր հարեւան Իրանը որքան ասես թշնամի ունի` Իսրայել, ԱՄՆ, ԵՄ, արաբական աշխարհի երկրներ` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Թուրքիա, դրսից հովանավորվող ահաբեկչություն։ Թուրքիան եւս թշնամիների պակաս չունի` հենց միայն Կիպրոս ներխուժումը, Իրաքի ու Սիրիայի հետ ռազմական հակամարտությունը, պատերազմ Լիբիայում, ներսից քրդերն են սպառնում: Ադրբեջանն իրեն թշնամի է համարում թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին եւ Ռուսաստանին։
Վրաստանի տարածքի մի մասը գրավված է Ռուսաստանի կողմից, եւ արդեն 35 տարի վրացիները պայքարում են իրենց տարածքային ամբողջականության վերականգնման համար: Ռուսաստանը տասնյակ թշնամիներ ունի` ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, Ճապոնիայի հետ տարածքային վեճեր՝ Կուրիլյան կղզիների պատկանելության հարցի շուրջ․ 1945 թվականից հետո այս երկրների միջեւ խաղաղության պայմանագիր այդպես էլ չի կնքվել։ ԵՄ-ն էլ Ռուսաստանին է դիտարկում որպես իր անվտանգության մշտական սպառնալիք, ամեն օր տեղեկություններ են հայտնվում, որ ԵՄ այս կամ այն երկրի երկնքում անօդաչու սարք է հայտնաբերվել, դա դիտարկվում է որպես Ռուսաստանի կողմից դրսեւորվող ագրեսիա։ ԵՄ-ում տեսակետ կա, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը հարձակվելու է ԵՄ-ի վրա, այնտեղ ակտիվորեն պատրաստվում են պաշտպանության: ԱՄՆ-ի թշնամիների ցանկը եւս շատ մեծ է՝ Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, Ռուսաստան, Վենսուելա, Կուբա: Մյուս երկրներին ու մայրցամաքներին չենք անդրադառնա, նույնիսկ այնպիսի մեկուսացած պետություն, ինչպիսին Ավստրալիան է, արտաքին սպառնալիքից պաշտպանվելու կարիք ունի, այլապես չէր անդամակցի տարբեր ռազմաքաղաքական դաշինքների, ինչպիսին, օրինակ, AUKUS-ն է, որը ստեղծվեց 2021-ին՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Հայաստանն արտաքին թշնամի չունի, համենայնդեպս, այդպես է փորձում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Մինչեւ 2018-ի հակասահմանադրական հեղաշրջումը եւ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, ուներ արտաքին թշնամի, այն էլ ինչպիսին` Ադրբեջանը եւ նրա դաշնակից ու հովանավոր Թուրքիան: Մինչեւ հեղաշրջումը Հայաստանում ցանկացած ներքաղաքական լարվածություն ուղեկցվում էր խոսակցություններով այն մասին, որ մեր ներքին տարաձայնությունները, գժտությունը ջուր են լցնում թշնամու ջրաղացին, որ թշնամին դրան է սպասում, որ մենք ներսում իրար ուտենք, իրենք առիթն օգտագործեն՝ հարձակվեն Հայաստանի վրա: Արտաքին թշնամուց եկող վտանգը միշտ զսպող դեր էր կատարում, մանավանդ որ ներքին լարումների դեպքում սահմանային իրավիճակը նույնպես լարվում էր: Պարտությունից եւ կապիտուլյացիայից հետո Հայաստանն այլեւս արտաքին թշնամի չունի` Ադրբեջանի հետ խաղաղություն է, Թուրքիայի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Փաշինյանը մի պահ փորձեց Հայաստանի անվտանգության եւ անկախության ապառնալիք հռչակել Ռուսաստանին, ներկայացնել, թե Ռուսաստանն ուզում է ոչնչացնել ՀՀ անկախությունը, Հայաստանը դարձնել գուբերնիա, բայց չստացվեց: Արտաքին թշնամի երկրի ղեկավարի հետ տարվա մեջ 10 անգամ չեն հանդիպում, նա քո ծննդյան տոնը չի շնորհավորում, դու էլ՝ նրանը, արտաքին թշնամու հետ առանց վիզաների ռեժիմ չի լինում, ապրանքաշրջանառությունն ամենամեծը չի լինում: Մի խոսքով, Ռուսաստանից արտաքին թշնամի սարքելու փորձը տապալվեց:
Ստացվում է, որ Հայաստանը բացարձակ անվտանգ երկիր է, Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում: Այդ դեպքում ո՞ւմ դեմ համախմբել հասարակությանը, ումի՞ց պաշտպանել պետությունը: Արտաքին թշնամի ունենալու համարձակություն չունեն, բայց ներքին թշնամի ունենալու համար հո ունե՞ն: Փաշինյանը գտավ լուծումը` մեր անվտանգությանը, անկախությանը սպառնում են ոչ թե թշնամի պետությունները, այլ՝ ներքին թշնամին, իհարկե՝ արտաքին թշնամու հովանավորությամբ։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, իրենց իշխանությանը հիբրիդային պատերազմ է հայտարարված: Նկատի ունի՝ արտաքին եւ ներքին թշնամու միատեղումը:
Իսկ ովքե՞ր են ներքին թշնամիները` ընդդիմությունը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գյումրու քաղաքապետը եւ մյուսները: Ըստ փաշինյանական քարոզչության, այս ուժերն ուզում են ոչնչացնել Հայաստան պետությունը, նրա անկախ գոյությունը եւ դա անում են ոչ առանց արտաքին ուժի հովանավորության, սրանք ռուսական 5-րդ շարասյուն են, ուզում են Հայաստանը դարձնել ռուսական գուբերնիա, իրենք էլ գուբերնատոր աշխատել: Փաշինյանն ուզում է իրենից, իր թիմից կերտել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության պաշտպանների կերպար եւ իր շուրջը համախմբել նրանց, ովքեր հավատում են այդ քարոզչությանը, դարձել են այդ քարոզչության զոհերը: Զոհեր, իհարկե, կան, բայց արդյո՞ք դրանց թիվը բավարար է՝ հանրային համախմբում ապահովելու համար. իհարկե՝ ոչ:
Բայց չէ՞ որ մյուս կողմն էլ հակառակ քարոզչությունն է անում՝ ասելով, թե Հայաստանի ներքին թշնամին Փաշինյանն ու իր իշխանությունն են, որոնք, գործելով մեր արտաքին թշնամու` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ, փորձում են ոչնչացնել հայկական պետականությունը, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: Այս երկու տարբերակներից որի՞ն է ավելի հավատում հասարակությունը, ո՞ւմ փաստարկներն է համարում ավելի հիմնավոր, ո՞ր տարբերակն է համարում իրական կամ առավել վտանգավոր: Իսկ գուցե հասարակության մեծ մասի համար միեւնո՞ւյն է, թե Հայաստանն ինչ կլինի` գուբերնիա, թե վիլայեթ, Հայաստան կլինի, թե չի լինի: Այս հռետորական հարցերի պատասխանը կարող է տալ միայն պատմությունը: