Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ասել էիք՝ գանք իշխանության, հանելու ենք, դա էլ չարեցիք

«Հրապարակ»․ Ասել էիք՝ գանք իշխանության, հանելու ենք, դա էլ չարեցիք

2017-ին մի որոշում է ընդունվել, որի ձեռքն այսօր հենց իրենք` նախկին իշխանություններն են կրակն ընկել։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության առաջարկ` ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում, ըստ որի՝ քննիչը հնարավորություն էր ստանում սահմանափակել կալանավորված անձի տեսակցությունները: Ոմանք առարկել էին, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր անարգել ելումուտ ունեն ՔԿՀ-ներ, այդ թվում` պատգամավորների: Սակայն նախարարը դա «անթույլատրելի» էր համարել: «...Որովհետեւ շատ մեծ թվով անձինք ստանալու են թույլտվություն` տեսակցելու կալանավորված անձանց: Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա»,- ասել էր Հարությունյանը եւ շեշտել․ «Կան երկրներ, որտեղ չկա նման սահմանափակումների պրակտիկա, բայց դա չի նշանակում, որ այդ փորձը պետք է բերենք Հայաստան»: Այսինքն, կարիք չկա ժողովրդավարական սկզբունքները պահելու, որովհետեւ ՀՀԿ-ն նոր էր հաղթել ընտրություններում եւ կարծում էր, որ հաջորդ 10 տարին մնալու է իշխանության։ Եվ որոշումն ընդունվել էր, քանի որ ՀՀԿ-ն այդ պահին ուներ մեծամասնություն եւ որոշել էր սահմանափակել կալանավորված անձանց իրավունքները: Այսինքն, 2001-2017 թթ․ պատգամավորներն անարգել եւ ցանկացած ժամի կարող էին գնալ կալանավայր, այցելել կալանավորվածներին, իսկ 2017-ից իրավիճակը փոխվեց` քննիչի որոշմամբ տեսակցություններն արգելվեցին նաեւ պատգամավորների համար: Նման հնարավորություն թողնվեց միայն ՄԻՊ-ի եւ հոգեւորականների համար։

2017-ին, ի դեպ, գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր, ԱԺ նախագահը՝ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ Նրանց համատեղ որոշմամբ է դա տեղի ունեցել, եւ այժմ, երբ նախկին իշխանությունը դարձել է ընդդիմություն, ինքն իր փորած փոսն է ընկել։ Ընդդիմադիր պատգամավորները, որոնց մանդատի միակ արդարացումն այսօր մնացել է քաղբանտարկյալներին այցելելը, հաճախ քննիչի որոշմամբ չեն կարողանում դա անել, որովհետեւ, օրինակ, Արշակ սրբազանի, Դավիթ Համբարձումյանի, Վարդան Ղուկասյանի տեսակցությունների վրա արգելք է դրված։ 

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 2020-ին փորձել է փոխել իրավիճակը․ ներկայացրել է նախագիծ՝ պատգամավորների անարգել տեսակցելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ, սակայն այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է մերժել․ ՀՀԿ-ի ընդունած որոշումն իրենց սրտով էլ էր։ Տարոն Սիմոնյանը մեզ ասաց․ «Բոլոր իշխանությունները ձգտում են սահմանափակել ընդդիմության հնարավորությունները, անկախ նրանից՝ դա ՀՀԿ-ն է, թե ՔՊ-ն: Բնականաբար, հենց մեկը գալիս է իշխանության, մոռանում է իր մտքերն ու վարքագիծը։ Եթե նայեք նախագծի ներկայացման նիստը, կտեսնեք, որ դա էինք ասում ՝ ժամանակին դուք եք նախաձեռնել սա, բայց իշխանությունը մերժել է, ասել եք՝ հենց գանք իշխանության, դա հանվելու է, բայց այդպես չեղավ, իրենց խնդիրը բացարձակ իշխանությունը պահելն էր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image