Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին:
«2022 թվականից շարունակվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», - գրել է դիվանագետը X-ում։
Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների ընդհանուր սահմանի բացման հետ կապված տեխնիկական և վարչական աշխատանքները դեռ շարունակվում են։
Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու երկարատև խաղաղության ամրապնդմանը։
ՀԳ․ Մենք գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, թուրքական կողմը պատրաստվում է մինչեւ հունիսի 7-ն ինչ-որ քայլեր անել` սահմանների բացման ուղղությամբ: Գուցե երրորդ երկրների քաղաքացիների համար դեռ երկու տարի առաջ խոստացած բացումն իրականացվի: Այլ քայլեր էլ են մտմտում: Օրինակ, ուսումնասիրում են Հայաստանի շուկան, որ տեսնեն, թե թուրքական որ ապրանքները կարող են ներմուծել Հայաստան: Առհասարակ, ծրագրում են մեր շուկան ամբողջությամբ իրենց տնօրինության տակ վերցնելու հարցը եւ ոչ միայն դրսից են մոնիտորինգ անում, այլեւ այցելություններ են իրականացնում: