Քաղաքականություն

Նիկոլին ով հանեց, նա է Հայաստանում դառնալու իշխանություն

Նիկոլին ով հանեց, նա է Հայաստանում դառնալու իշխանություն

Դոնալդ Թրամփն Ուկրաինային կոչ է արել՝ նախագահական ընտրություններ անցկացնել եւ նոր՝ լեգիտիմ իշխանություն ձեւավորել: Սա, իհարկե, բխում է առաջին հերթին Ուկրաինայի եւ ապա՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող խաղաղության բանակցությունների հաջողության շահերից: Եթե դիվանագիտական էթիկան դնենք մի կողմ, ապա կարող ենք ասել, որ Պուտինն ուղղակի չի ուզում Զելենսկուն տեսնել բանակցությունների սեղանի մոտ, այլ խոսքով՝ աչքով աչք չունի: Մյուս կողմից էլ՝ Զելենսկին այլեւս խփված խաղաթուղթ է եւ այսօր-վաղը հեռանալու է քաղաքականությունից: Արժե՞ արդյոք խաղաղության թուղթ ստորագրել մի արկածախնդրի հետ, որի ստորագրությունն Ուկրաինայի հաջորդ իշխանությունը կարող է չեղարկել կամ չճանաչել: Եվ ահա՝ Թրամփը, ընդառաջ գնալով Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի դիրքորոշմանը, Ուկրաինային առաջարկում է նոր ընտրություններ անցկացնել: Նկատենք, որ ընտրությունները նաեւ ենթադրում են խաղաղության մի որոշակի ժամանակահատված, որ բանակցող կողմերին հնարավորություն կտա՝ ի մի բերելու մինչ այս իրենց արածն ու այդ ամենի հետ կապված համաշխարհային արձագանքները:

Օրինակ՝ զբաղվել Եվրոպայով, Սիրիայով, Պաղեստինով, հանդարտեցնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հասունացող հակամարտությունը: Այս ընթացքում Թրամփը գուցե հասցնի հանդիպել նաեւ Չինաստանի առաջնորդին, ծանոթանալ Ուկրաինայի հարցի կարգավորման չինական պլանին: Իսկ ամենակարեւորն էլ այն է, որ այդ ընթացքում Ուկրաինայում կլռեն թնդանոթները, կփոխանակվեն բոլոր գերիները, նոր զոհեր ու տարածքային կորուստներ չեն լինի:
Գնդակը, ինչպես ասում են, Զելենսկու կիսադաշտում է, եւ նա պետք է որոշում կայացնի՝ հեռանո՞ւմ է, թե՞ մնում, ինչպես իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կա որ, Զելենսկին էլ կարող է հայտարարել, որ ինքն իրեն պարտված չի համարոմ, որ ինքը մի քանի ամսում կվերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ հիմնահատակ կործանված տնտեսությունը, կարող է ուկրաինական բանակի մնացորդացին դատի տալ, որ չեն կռվել, բոլոր սպաների պագոնները պոկել ու նրանց լցնել բանտերը, ամեն ինչ անել՝ իր կոռուպցիոն գործունեությունը (սա Թրամփն է բացահայտել) ուկրաինական հանրությունից թաքցնելու համար: Այսուհանդերձ, քիչ հավանական է, որ Զելենսկին այդ աստիճան պնդաճակատություն ցուցաբերի: Դոնալդ Թրամփը, կարծում ենք, Զելենսկուն թե՛ ապաստան եւ թե՛ անվտանգություն է խոստացել Եվրոպայում, ինչից այս իրավիճակում չօգտվելը նշանակում է լինել, շատ ներողություն, հավ:

Եթե մի պահ պատկերացնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ալիեւը Պուտինն է, իսկ Նիկոլը՝ Զելենսկին, ապա կհասկանանք նաեւ, որ մեզ եւս երրորդ կողմի ներկայությունն է պետք, որպեսզի մեր «Պուտինը» շատ համը չհանի եւ նորանոր պահանջներ չդնի մեր «Զելենսկու» առաջ: Արդյոք Թրամփը կհամաձայնի՞ լինել երրորդ կողմը… Եվ նույնիսկ եթե համաձայնի, նա չի՞ առաջարկի, արդյոք, Հայաստանում նոր ընտրություններ անցկացնել ու ընտրել լեգիտիմ իշխանություն, որպեսզի «Ալիեւ-Պուտինը» սկսի բանակցել այդ իշխանությունների հետ: Բոլորին է հայտնի, ի վերջո, որ Ալիեւը Նիկոլի հետ որեւէ թուղթ չի պատրաստվում ստորագրել, ստացել է՝ ինչ ստացել է, հիմա էլ պահանջում է ամբողջ Հայաստանը: Այս իրավիճակում, քանի դեռ Նիկոլը կա, Թրամփը միջամտի, որ ի՞նչ անի, այնպես չէ՞:

Կարո՞ղ է, արդյոք, Նիկոլը որեւէ կերպ ազդել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու գործընթացի վրա: Կարող է: Դրա համար նա պետք է հասկանա, որ իր հետ ոչ ոք այս պահին դրա շուրջ չի բանակցում եւ չի էլ պատրաստվում բանակցել: Փաշինյանի բոլոր բանակցություններն ու «տըռըվըռներն» ավարտվել են 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով, իսկ այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո՝ Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ, Արցախի վերջնական հանձնում, Արցախի հայաթափում, Փաշինյանի միակողմանի զիջումներն են՝ հանուն ոչնչի: Նույնկերպ նա կհանձնի նաեւ Սյունիքը, ՀՀ սահմանադրությունը, կառավարության դաչաները… Ամեն ինչ, որովհետեւ ինքը եւ ոչ մի բանակցային սեղանի մոտ չկա, իրեն ոչ ոք ոչինչ չի հարցնում, եւ միայն պահանջներ են դնում՝ կանի՞, լավ, չի՞ անի՝ ուժով կվերցնեն: Ու եթե, Աստված մի արասցե, պարզվի, որ Նիկոլն ու Ալիեւը նաեւ «բանավոր պայմանավորվածություններ» են ունեցել 44-օրյա պատերազմից առաջ, ապա Փաշինյանին ոչ մի բան, այդ թվում եւ Թրամփի ապաստանը, չի փրկի:

Ես, սակայն, անուղղելի լավատես եմ եւ կարծում եմ՝ Նիկոլը բանը չի հասցնի այնտեղ, որ մի երրորդ կողմ իրեն առաջարկի՝ ընտրություններ անցկացնել եւ ռադը քաշել: Դժվար չէ հասկանալ, թե Ուկրաինան ինչպիսի իշխանություն կունենա, եթե ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն Թրամփի առաջարկով եւ «քավորությամբ»: Դա ուղղակի չի լինի Ուկրաինայի իշխանություն: Նույնն էլ այստեղ է կատարվում: Նիկոլին ով էլ հանեց, նա է Հայաստանում դառնալու իշխանություն: Ալիեւը, Էրդողանը, Պուտինը, Թրամփը, Կիմ Չեն Ընը… Եվ սա կլինի Նիկոլի ամենամեծ վատությունն իր ժողովրդին: Չի կարելի դա թույլ տալ: Հայաստանում իշխանափոխությունը պետք է անենք հայերով, Նիկոլն էլ՝ մեզ հետ, իհարկե, եթե որպես հայ դեռ մեռած չէ: Փառք Աստծո, Հայաստանում կան ուժեր ու անհատներ, որոնք ի զորու են վերջ դնել այս խայտառակ ընթացքին եւ կանգնեցնել այս ակնհայտ կործանումը: Չմոռանանք, որ խոսքը մեր հայրենիքի վերջին հողակտորի մասին է, մեր պետականության վերջին ծվենի, մեր անկախության ու ինքնիշխանության մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image