Հասարակություն

Հենց ա՞յդ կետից պետք է ձեւավորվեր քաղաքացին

Հենց ա՞յդ կետից պետք է ձեւավորվեր քաղաքացին

Արձակագիր Գուրգեն Խանջյանը կարծում է, որ Քաղաքացու օր նշելը կապված է թավշյա հեղափոխության մեկ տարին լրանալու հետ։

«Կա այդ տարին նշելու ցանկություն։ Ես չեմ կարծում, թե այդ տոնը կապված է քաղաքացու ձեւավորման հետ։ Հենց ա՞յդ կետից պետք է ձեւավորվեր քաղաքացին, մինչ այդ չէ՞ր ձեւավորվել, դրանից հետո չի՞ շարունակվելու ձեւավորվել»,- հարցնում է Գուրգեն Խանջյանը։ Նա հիշում է, որ քաղաքացիներ ձեւավորվել են նաեւ 90-ականների սկզբում, նրանք էլ ձեւավորել են իշխանություններ, հետո պարզվել է, որ այնքան էլ ճիշտ չեն ձեւավորել։ 
«Ես կողմնակից չեմ այն բանին, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է, երբեմն հակառակն է լինում՝ փոքրամասնությունն է ճիշտ լինում։ Բայց երբեմն արդարացի է, որ մեծամասնության ձայնն է օգնում»,- ասաց արձակագիրը։

Հարցին, թե անցած մեկ տարվա ընթացքում ինչ նկատելի փոփոխություններ են եղել, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Առայժմ միակ ողջունելի փոփոխությունը քսան տարվա ընթացքում ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելն է։ Սպասենք ու տեսնենք, թե լեգիտիմության այդ մեծ պաշարն ինչպես կիրացվի, կօգտագործվի։ Կարծում եմ, որ բոլորն են ուզում լավ հայրենիք ունենալ։ Մնում է, որ պառակտումն ավարտվի, հավաքվեն ամենակարող ուժերը, ոչ թե միայն ընկեր-բարեկամ ուժերը, քայլող ուժերը, այլ ամենակարող ուժերը համախմբվեն եւ անեն իրենց գործը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image