«Հրապարակի» զրուցակիցը նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն է։
- Ուժայինները՝ ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, դատարաններ, աննախադեպ կերպով ներգրավված են քաղաքական գործընթացներին, եւ հատկապես ոստիկանները վերջին շրջանում անում են քայլեր, որոնք հանրության զարմանքն են հարուցում։ Օրինակ՝ ամեն կիրակի Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցիներ են այցելում, հսկում են կարգալույծ հոգեւորականներին, իսկ հանցագործություններն այս ամենի ֆոնին կտրուկ աճում են, փոխարենը այդ ամենով զբաղվելու, ոստիկանները զբաղվում են իշխանությունների հրահանգները կատարելով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նախադեպ է սա։
- Ոստիկանությունն ինչ կարգավիճակ եւ ֆունկցիա որ ունեցել է, այդ ամենը նույնությամբ պահպանել է, պարզապես քաղաքական օրակարգերում ոստիկանության դերի ինտենսիվությունը զգալիորեն բարձրացել է։ Հայաստանում քաղաքական իրավիճակն անկայուն է, շուտով ընտրություններ են, սպասվում է քաղաքական կոշտ պայքար, անգամ, ես կասեի՝ ոչ թե պայքար, այլ, բառիս բուն իմաստով՝ ճակատամարտ, եւ, բնականաբար, իշխանությունները ցանկանում են իրենց հնարավորության ներուժում պրոցեսները դարձնել կառավարելի։ Որն է իշխանության ներուժը՝ հարկադրանքի մեխանիզմը, ուստի ոստիկանությունն այստեղ գլխավոր դերակատարում ունի։ Ասեմ ավելին՝ ոստիկանության ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում մեծանալու է։ Ինձ այժմ կհարցնեք՝ լա՞վ է դա, թե՞ ոչ։ Ես կասեմ, որ, բնականաբար, վատ է, սակայն դա է սոցիալական պրոցեսները վերահսկողության տակ պահելու միակ ինստիտուտը։ Ոստիկանությունը միշտ էլ եղել է հարկադրանքի մեքենա, եղել է այդպիսին եւ, ցավոք, դեռ երկար է մնալու այդ կարգավիճակում։
- Բայց իշխանությունները համառորեն իրենց դեմոկրատ են հռչակում, անգամ՝ այս ամենից հետո։
- Դեմոկրատ ասելով նայած թե ինչ եք հասկանում։ Ոչ միշտ է, որ դասական իմաստով ժողովրդավարությունն աշխատում է առհասարակ աշխարհում։ Երբ պետք է, անտեսվում են սահմանադրական նորմերը, երբ պետք լինի, պահպանվում են։ Իշխանությունն այժմ փորձում է քաղաքական համակարգում պահպանել իր դոմինանտությունը։ Մենք տեսնում ենք, որ այժմ փոխվում է աշխարհը, ցավոք, կառավարման մոդելի գլոբալիզացիա է տեղի ունենում, պետությունները ոչ միայն տնտեսական, քաղաքական պրոցեսների առումով են միավորվում, այլեւ՝ կառավարչական մեթոդների, եւ մենք տեսնում ենք, որ այդ մեթոդներում ավտորիտար դրսեւորումները դառնում են գերակա։ Համոզումը, կոմպրոմիսը, համազգային շահերի քաղաքակիրթ փնտրտուքը մեզնից հեռացել են։ Ամեն ինչ կոշտ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է։
- Եկեղեցու դեմ այս արշավն աննախադեպ է, եթե համակարգում լինեիք եւ ստանայիք հակաեկեղեցական արշավին ներգրավվելու հրաման, կհամաձայնեի՞ք։
- Այո, աննախադեպ է։ Եթե կոնկրետ իմ մասին է խոսքը, ապա ես կհրաժարվեի այդ հրամանից։ Եթե տեսնեի, որ տվյալ հրամանն ապօրինի է՝ առնվազն իմ ընկալմամբ, ապա ես դա պարզապես չէի կատարի, ավելին՝ իմ ղեկավարներին կազատեի իմ ներկայությունից, ես այդ ընտրությունը կկատարեի։ Բայց շատերն այս հարցի վերաբերյալ ունեն այլ մոտեցում։ Շատերի համար այժմ աշխատանք կորցնելը կատաստրոֆա է, մեծ ողբերգություն։ Երբեմն մարդկանց հեգնում են, ասելով՝ չասեք, որ տուն եք պահում, սակայն մարդիկ իսկապես տուն են պահում, դուրս գան համակարգից, որ ո՞վ պահի իրենց տունը։ Պետք է մի բան հասկանալ․ խնդիրների միակ լուծումը օր առաջ սահմանադրականությանը վերադառնալն է։