Հայաստանի իշխանությունները՝ վարչապետից պաշտոնը զբաղեցնող անձից մինչև վերջին խոսուն ՔՊ-ական պատգամավորը, փորձում են ձևավորել ժողովրդավարության նոր տեսակ: Դրա հիմքում 2018-ին, ըստ «դուխով» Նիկոլի, ընկած էր անտիկ շրջանի հունական ագորայի գաղափարը: Այսօր, որքան էլ զարմանալի հնչի, վերջինիս մտահոգություններն են: Այսինքն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որպես շարքային քաղաքացի, արտահայտում է իր մտահոգությունն այս կամ այն խնդրի կապակցությամբ: Ինչի իրավունքն ինքն, ըստ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ունի, և պարտադիր չէ, որ դա ամրագրված լինի օրենսդրությամբ: Որպես օրինակ է բերվում լրագրողների հարցերին իշխանության ներկայացուցիչների պատասխան տալու պարտադիր լինելը: Ասեմ, որ տիկին նախարարն այդ հարցում ինքնատիպ չէ` նա ընդամենը կրկնում է մի քանի շաբաթ առաջ իր լիազորությունները վերազանցելու վերաբերյալ՝ լրագրողների հարցին Նիկոլի պատասխանը: Նա էլ էր արդարացել, որ օրենքում գրված չէ, որ ինքը պետք է պատասխանի լրագրողների հարցերին, բայց դա արվում է:
Չնայած խոստացել եմ չզարմանալ իշխանության ներկայացուցիչների վարքագծի և հատկապես խոսքի առնչությամբ, բայց տվյալ դեպքում հնարավոր չէ չզարմանալ: Իրավաբանության գծով ասպիրանտուրա ավարտած անձը պետք է իմանար, որ իշխանության՝ լինի գործադիր, թե օրենսդիր, ճյուղերի աշխատանքի կազմակերպման սկզբունքներից մեկը թափանցիկությունն է: Իսկ դրա կազմակերպման ձևերից մեկն էլ լրագրողների հետ հաղորդակցությունն է` հարց ու պատասխանի տեսքով: Դա նույնքան բնական է, որքան, ասենք, աշխատանքի ընթացքում ընդմիջում անելը: Պետական որևէ կառույցի վերաբերյալ օրնսդրորեն չի կոնկրետացված, չէ՞, որ դրա աշխատակիցներն ունեն հետկեսօրյա ճաշի իրավունք: Բայց դա արգելք չի հանդիսանում, որպեսզի նախարարն ու իր աշխատակիցներն օգտվեն նման իրավունքից: Նաև չի նշանակում, որ ընդմիջմանը ինչ-որ բան ուտելով՝ ինքն օրենք է խախտում: Նույն ձևով էլ լրագրողի հարցին պատասխանելն, այո, չի նշանակում լիազորության վերազանցում:
Բայց այնպիսի մտահոգություն հայտնելը, որին հետևում է իրավապահների գործողություն, հենց նշանակում է լիազորությունների վերազանցում: Նախ, որպես վարչապետ, ինքն իրավունք չունի անել այնպիսի գործողություն, ինչը թույլատրված չէ օրենքով: Իսկ եթե ցանկանում է շարքային քաղաքացու նման ազատ լինել գործողությունների մեջ՝ սահամանափակված միայն օրենքով, ինքը չպետք է զբաղեցնի պետական այդ պաշտոնը: Այդ սկզբունքը արևմտյան մտածողների կողմից դրվել է ժողովրդավարության հիմքում: Որպեսզի ինչ-որ պաշտոնյա չասի, որ ինչ-որ մի պահի ինքը պաշտոնյա է, իսկ հաջորդ պահին՝ շարքային քաղաքացի: Այդ երկուսը միաժամանակ և նույն տեղում չի կարող վերաբերել մահկանացուին՝ ինչ պաշտոն էլ նա զբաղեցնի, քանի որ դա զուտ եկեղեցական երևույթ է: Ռուսերենում այն կրում է «ипостась» անվանումը, ինչը հայերեն թարգմանվում է որպես երրորդության երեք ինքնություններից մեկը. խոսքը Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին է:
Հասկանալի է, որ ասվածին հասու չի եղել ո՛չ վարչապետը, ով առաջին անգամ օգտագործել է միաժամանակ վարչապետ ու շարքային քաղաքացի լինելու վերաբերյալ անհեթեթ դրույթը, և ո՛չ նրա նշանակած նախարարը: Ի դեպ, 2018-ին վարչապետը շրջանառության մեջ դրեց այդ երևույթի պուպուլիստական տարբերակը՝ 3 միլիոն վարչապետների մասին անհեթեթությունը, սակայն շատ արագ հրաժարվեց դրանից: Պակաս զարմանալի չէ նախարարի՝ արդեն ինքնատիպ «հիմնավորումը», որ եթե մարդը պաշտոնատար անձ է՝ մարդ չի՞: Այսինքն, պաշտոնյայի՝ իր լիազորությունների վերազանցելու հարցը տեղափոխվում է մարդ լինելու կամ չլինելու հարթություն: Ինչին կարելի է պատասխանել, որ պաշտոնատար անձը ևս մարդ է, սակայն իր գործողություններում սահմանափակված է պաշտոն ունենալու հանգամանքով:
Ինչ մնում է որպես կրոնական կազմակերպության մասնակից, իր ասելով՝ չակերտավոր, յուրաքանչյուր անդամ իսկապես իրավունք ունի բարձրաձայնել իր տեսած խնդիրների մասին: Սակայն եթե վերջինս այդ կազմակերպության ոչ թե չակերտավոր, այլ իրական անդամ չէ, այն էլ՝ որոշումներ կայացնող կառույցի, իրավունք չունի միջամտել այդ կազմակերպության գործունեությանը: Այդ անձի իրավունքները սահմանափակվում են ընդամենը խնդիրների բարձրաձայնումով: Զարմանալի է, որ իրավաբանության դասախոսն այդքանը չհասկանալու է տալիս: Քանի որ վստահ եմ, որ դա ինքը լավ էլ հասկանում է, բայց պաշտոնի բերումով ստիպված է չհասկանալու տալ: Եվ եթե պաշտոնի բերումով որևէ անձի հնարավորություններն ավելի լայն են ու խորը որևէ խնդիր տեսնելու առումով, ապա դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ինքն իրավունք ունի միջամտելու այդ կառույցի գործունեությանը: Հատկապես եթե այդ կառույցը, այսինքն՝ եկեղեցին, օրենսդրորեն անջատված է պետությունից: Հենց դա էլ նշանակում է, որ մենք գործ ունենք, իր ասելով, ծայրահեղ, ծայրաստիճան երևույթի հետ: Այն է՝ պաշտոնական լիազորությունների վերազանցման կամ չարաշահման հետ:
Եվ վերջապես նրա ասած՝ հարց ու պատասխանի ընթացքում «չերկխոսելու» ֆորմատի մասին՝ երբ չի ցանկանում պատասխանել որևէ հարցի: Տիկնոջը հուշեմ, որ հարց ու պատասխանի ֆորմատը մեռյալ կանոն չէ, ու բազմաթիվ դեպքերում այն կարող է վերածվել երկխոսության: Ինչից օգտվում են, օրինակ, արևմտյան լրագրողները՝ երբ հարց են տալիս պետական պաշտոնատար անձանց: Ինչ մնում է զինված հեղաշրջում նախապատրաստելու և այլ մեղադրանքներին, ապա դրանք բազմիցս հերքվել են փաստաբանների կողմից: Իսկ հունիսի 8-ի՝ արդեն իրականություն դարձած, իշխանափոխությունից հետո բոլոր այդ հարցերով կզբաղվեն նոր իշխանության համապատասխան մարմինները: Ու կբացահայտվեն իրական և ոչ թե կեղծված հանգամանքները: