Հասարակություն

«Հրապարակ». Նման քահանան միանշանակ պետք է կարգալույծ արվի, եթե չի զղջում իր արարքի համար

«Հրապարակ». Նման քահանան միանշանակ պետք է կարգալույծ արվի, եթե չի զղջում իր արարքի համար

Կիրակի օրը Վազգեն Սարգսյանի հարազատ գյուղում՝ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվող պատարագին մասնակցում էին նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Բնականաբար, տարատեսակ կրոնական կազմակերպությունների հետեւորդները կրկին ուղեկցում էին Փաշինյանին․ նրանք եղել էին Հովհաննավանքի «պատարագին», ապա՝ Թալինի, հետո՝ Խաչիկի: Վերջին պատարագին ներկա էր նաեւ Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ներկայությամբ պատարագը վարող քահանան՝ Երվանդ Բաբայանը, ոչ միայն եկեղեցու միասնության աղոթքը չարեց, այլեւ չհիշատակեց Վեհափառի անունը, ինչը պատարագի կարգի կոպտագույն խախտում է: Հիշեցնենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնագրքով, եթե Վեհափառի անունը չի հիշատակվում, կամ պատարագի կարգը խախտվում է ընդհանրապես, ապա դա արդեն պատճառ է, որպեսզի այդ դեպքը քննության առնվի, միտումնավոր շեղումների դեպքում նաեւ լուրջ քննարկման եւ կարգալույծ հռչակելու առիթ է:

Թեոդոսիայում հոգեւոր ծառայություն մատուցող տեր Զարեհ քահանա Աշուրյանը մինչ Թեոդոսիա մեկնելը Մասյացոտն թեմի քահանան է եղել: «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Տեր Էդգարի կողմից պատարագի կարգի փոփոխությանը ասաց․ «Եթե պատարագի սուրբ խորհուրդը կատարվում է ինչ-որ ակցիայի իմաստով, ինչ-որ քաղաքական նպատակով կամ պատվերով, այդ դեպքում քահանան միանշանակ աստվածային շնորհներից զրկվում է: Այսինքն, իր կատարած պատարագն այլեւս այն զորությունն ու իմաստն ունենալ չի կարող, քանի որ իր կողմից կատարված պատարագի նպատակը ոչ թե Քրիստոսի արյունն ու մարմինը՝ հացն ու գինին միջոց դարձնելն է հավատացյալների՝ Քրիստոսին հաղորդակցության համար, այլ ընդամենը ուզում է դրա միջոցով կամ այդ ճանապարհով իր քաղաքական դժգոհությունը կամ դիրքորոշումն արտահայտել: Դա այլեւս պատարագի սուրբ խորհրդին չի կարող առնչվել: Դրա համար նման քահանայի հարցը միանշանակ է, որ պետք է կարգալույծ արվի, եթե չի ունեցել զղջում, չի ապաշխարում իր արածի համար, ինչը որ կսահմանի կարգապահական խորհուրդը կամ եպիսկոպոսների խորհուրդը, կամ թեկուզ թեմական առաջնորդը»։

Անդրադառնալով նախորդ անգամ էլ Տեր Երվանդի կողմից Վեհափառի անունը պատարագի ժամանակ չհիշատակելուն եւ այն հայտարարությանը, որ դրանով իր անհամաձայնությունն է հայտնել, Տեր Զարեհը շեշտեց` դրանով իսկ պատարագը վերածվում է ակցիայի, քաղաքական նպատակով կազմակերպված միջոցառման: Իսկ անհամաձայնությունը հայտնելու բազմաթիվ եղանակներ ու ձեւեր կան. «Սկսած թե՛ եկեղեցական ժողովների ժամանակ, որոնք տարին 2 անգամ կազմակերպվում են Մայր Աթոռում, վերջացրած` Վեհափառին առանձին հանդիպելու հնարավորությունից էլ ոչ մի հոգեւորական զրկված չէ: Հենց այդ ճանապարհով ինքը կարող է իր անհամաձայնությունը հայտնել, ոչ թե պատարագը զեղչել»:

Մասյացոտն թեմի առաջնորդի կողմից Փաշինյանին ջերմորեն ողջունելու եւ պատարագի զեղչվելը թույլ տալու առնչությամբ, ասաց, որ ինչպես իր, այնպես էլ շատերի համար անսպասելի է եղել այս պահվածքը: «Ես գիտեմ, որ սրբազան հայրը շատ խիստ է մոտենում պատարագի ընթացքում հիշատակություններին, անգամ քահանայի անունը հիշատակելու համար կա կոնկրետ հրահանգ` մենք իրավունք չունենք քահանայի անունը հիշենք, հիշատակության հատվածի մեջ, բացի կաթողիկոսից եւ առաջնորդից, այլ հիշատակության հատված էլ կա, այսինքն, այնտեղ քահանայի անունը շեշտելու հիշատակություն կա, բայց քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, խիստ դիտողություն կար, որ եկեղեցիներում պատարագի ընթացքում այդ անունը չշեշտվի: Հետեւաբար, այդ բացթողումը, կարծում եմ, թեմի առաջնորդի կողմից պետք է քննության առնվի, հարկ եղած դեպքում նաեւ կարգապահական հանձնախմբին ներկայացվի, որովհետեւ դա զուտ վրիպակ չէր, այլ իրենց պատկերացմամբ հիմնավորված եւ գիտակցված շեղում էր։ Դիտավորություն կար դրա մեջ, հետեւաբար, դա պիտի քննարկման առնվի»,- ասաց հոգեւորականը:

Ինչ վերաբերում է կոմպրոմատներին, ապա Տեր Զարեհը նշում է, որ շատ անհանգստացնող է դա, որ հոգեւորականները կարող են դավաճանել Վեհափառին ու Մայր Աթոռին, չի կարողանում որեւէ կերպ բացատրություն տալ նրանց արարքին, որովհետեւ այդ քահանաները ո՛չ ֆինանսական խնդիրներ ունեն, որ գումարով կաշառվեն, ո՛չ հայտնիության կամ փառքի պակասի խնդիր ունեն, որ գայթակղվեն, հետեւաբար ենթադրում է, որ նրանց անձնական կյանքի վերաբերյալ ինչ-որ կոմպրոմատներ ունեն ու դրանցով փորձում են ճնշում գործադրել հոգեւորականների վրա, որ նրանք ճամբարափոխ լինեն:

«Հետո փորձում են իրենց արարքը մեկնաբանել այսպես կամ այնպես, ոչ մի արդարացում չկա: Եթե մարդը ստանձնել է հոգեւորականի այդ բարձր պաշտոնը, վերցրել է իր վրա կոչումը՝ եպիսկոպոս, թե քահանա՝ կարեւոր չէ, գիտակցում է, որ ինքը հանրային մարդ է դառնում, եւ կարող է իր գործունեությունն ինչ-որ հատվածում դուր չգալ ինչ-որ ուժերի, եւ կարող են մարդիկ ինչ-որ մեթոդներով փորձել իրենց վրա ազդեցություն ունենալ: Դրա համար պետք է պատրաստ լինեն ամեն տեսակի հալածանքների եւ ամեն տեսակ կոմպրոմատների, եթե դրանք իրականում կան` ես չեմ կարող ասել: Եթե մարդ քաջություն չունի, ուրեմն հովիվ լինելու իրավունք էլ չունի, որովհետեւ մենք Քրիստոսի կողմից կոչված ենք քաջ հովիվներ լինելու եւ ոչ թե՝ վարձկաններ: Երբ որ տեսնում ենք, որ գայլը գալիս է, ոչ թե մեր հոտին թողնենք ու փախչենք, այլ կանգնենք հոտի պաշտպանության համար»,- ասում է Տեր Զարեհը։

Գեւորգ սրբազանն ինքը պետք է բացատրություն տա, թե ինչ է տեղի ունեցել, կամ ինչու է այդպես կարծում, որովհետեւ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանցից այս ընթացքում բավականին շատ իրարամերժ մտահոգություններ ենք լսել, ու լավ կլինի, որ սրբազանը դրանց մեկնաբանությունը տա: Սակայն ուրացողները պետք է հիշեն, որ դավաճաններին ոչ ոք չի սիրում, եւ ոչ մի տեղ դավաճաններն իրենց փառքը երկար չեն վայելել,- հիշեցնում է հոգեւորականն ու նշում,- կլինի հոգեւոր կյանքում, թե աշխարհիկ: «Ժամանակավոր ինչ-որ հովանոցի, այս պարագայում՝ գուցեեւ իշխանական զոնտիկի տակ են մտնում, գուցե իրենց ապահով են այդտեղ զգում, բայց մոռանում են, որ այդ զոնտիկը մի օր իրենց գլխի վերեւից վերցնելու են, եւ իրենք մնալու են լրիվ մենմենակ: Ընդամենը պիտի հորդորեմ, որ բոլոր-բոլոր հոգեւորականներն այս հարցին ամենայն նրբությամբ եւ երկյուղով վերաբերվեն, որովհետեւ կա դատաստան` եթե այս կյանքում չէ, ապա հաջորդ կյանքում այդ դատաստանին իրենք արժանանալու են: Նա, ով իր հոգեւոր իշխանության դեմ է դուրս գալիս, դուրս է գալիս Աստծո կամքի դեմ: Եթե Աստծո տան ծառայողն անարժան մեկն է, եթե Աստված թույլ է տվել նրան ծառայել ու նրա կյանքը չի առել, ուրեմն Աստված նպատակ ունի այդ մարդու հետ»,- ասաց քահանան։

Հայրապետին հեռացնելու ցանկությունը կամ նրան ճնշելու միտումն անիմաստ է՝ շեշտում է Տեր Զարեհն ու հավելում, որ Ամենայն հայոց հայրապետը շատ հաստատուն ու շատ վստահ կանգնած է իր դիրքերում: «Ինքը չի պատրաստվում որեւէ ճնշումների ազդեցության տակ հրաժարվել իրեն վստահված այն կարեւոր եւ սրբազան պարտավորություններից, որոնք ամրագրված են հենց իր ձեռնադրության պահից սկսած: Աստծո օծյալ, Աստծո ընտրյալ, ինչպես Քրիստոսի շուրջ, այնպես էլ Եկեղեցին եպիսկոպոսապետի շուրջ պիտի լինի, իսկ եթե որեւէ եպիսկոպոս իրեն եպիսկոպոսապետից բարձր է դասում, ինքն արդեն ընկնում է: Հիմա շատ եպիսկոպոսներ կամ հոգեւորականներ էլ իշխանության խոստումներից կամ կոմպրոմատների, շանտաժների պատճառով կարող են փորձել երեւալ եպիսկոպոսից բարձր, բայց արդեն իսկ իրենք իրենց ըմբոստությամբ, իրենց հակառակությամբ զրկվում են Աստծո շնորհներից: Պետք չէ, որ այդ մարդուն հռչակեն կարգալույծ, թող բոլորն իմանան, որ նման հոգեւորականի օրհնությունն օրհնություն չէ՝ անեծք է: Որեւիցե մեկը՝ կլինի եպիսկոպոս, թե քահանա»,- նկատեց Տեր Զարեհը: Իսկ Վեհափառի դեմ ըմբոստացող եպիսկոպոսները, ըստ Տեր Զարեհի, կլինեն նաեւ այնպիսիք, որոնք կամք ու վճռականություն չեն ունենա՝ դժվարին պահին Եկեղեցու կողքը կանգնելու համար՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ «Քրիստոսի 12 առաքյալների մեջ էր Հուդան, եւ նրան էին վստահված բոլոր ֆինանսական միջոցները: Հուդան հնարավորություն ուներ այդ գանձանակից 30 արծաթից էլ ավելին վերցնելու, բայց նա ի՞նչ արեց, գնաց եւ այդ 30 արծաթը վերցրեց ուրիշներից ու իր վարդապետին մատնեց։ Այնպես որ, հուդաներ Եկեղեցում, ցավ ի սիրտ, միշտ էլ կլինեն, եւ կարեւոր չէ, թե հոգեւոր ինչ աստիճանի վրա է այդ մարդը գտնվում, եթե ինքը դավաճանում է հոգեւոր սկզբունքները, իր կյանքի խոստումը եւ ուխտը, ուրեմն ինքը հուդա է։ Թող Աստված ինձ ների, բայց ես այլ կերպ մեկնաբանել չեմ կարող»,- եզրափակեց տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image