Քաղաքականություն

Ինչ է կատարվում Ռուսաստանի ՊՆ-ում. հնչեղ պաշտոնանկություններից մինչեւ կոռուպցիոն սկանդալներ 

Ինչ է կատարվում Ռուսաստանի ՊՆ-ում. հնչեղ պաշտոնանկություններից մինչեւ կոռուպցիոն սկանդալներ 

Երբ մայիսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վաղեմի ու հավատարիմ ընկերոջը՝ Սերգեյ Շոյգուին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից եւ առաջարկեց նշանակել Անդրեյ Բելոուսովին, փորձագիտական հանրությունը երկու փաստի վրա ուշադրություն դարձրեց։ 

Նախ, նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Պուտինը նախաձեռնել է կադրային առանցքային փոփոխություններ, պետական համակարգում վերադասավորումներ։ Նախորդ կառավարության հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ փոխվում են կադրերը, բայց հայրենիքը, հայրենիքին ծառայելն ու պետական-ազգային շահերը մնում են անփոփոխ։ Երկրորդ․ պատերազմող Ռուսաստանի համար ՊՆ ղեկավարի փոփոխությունը հեշտ տրվող որոշումներից չէ, եթե հաշվի ենք առնում այն, որ Պուտինի մերձավոր գործընկեր Շոյգուն ոչ թե ուղղակի պաշտոնանկ է արվել, այլ նշանակվել ոչ պակաս կարեւոր մարմնի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար։

Ի դեպ, Շոյգուի հետ կապված որոշակի նյուանսներ կան։ Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորվել է ՌԴ պաշտպանության նախարարի (Շոյգուն դեռ գերատեսչության ղեկավարն էր) տեղակալ Տիմուր Իվանովը։ Վերջինս բավական հեղինակություն ունեցող պաշտոնյա էր, նա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016-ից եւ համարվում է Շոյգուի դաշնակիցը։ Ուժայիններին մոտ կանգնած «Վորստկա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Շոյգուն է Իվանովին 2013 թվականին բերել համակարգ։ Մինչ այդ նրանք միասին աշխատել են Մոսկվայի մարզի կառավարությունում։

Իվանովը պատասխանատու էր ռազմական արտադրանքի գնումների համար եւ վերահսկում էր պաշտպանության նախարարության օբյեկտների շինարարությունը, վերակառուցումը եւ հիմնանորոգումը, այդ թվում՝ Ուկրաինայից բռնազավթված տարածքներում։ Փոխնախարարը ղեկավարում էր շինարարական ամենախոշոր նախագծերը՝ Մարիուպոլի վերականգնումը, ՌԴ ԶՈւ գլխավոր տաճարի, Վոստոչնի տիեզերակայանի կառուցումը, ՊՆ՝ Covid-19-ով հիվանդների բուժման բժշկական կենտրոնները։

Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու նպատակով՝ ՊՆ կարիքների համար պայմանագրային եւ ենթապայմանագրային աշխատանքներ իրականացնելիս։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Իվանովի դեմ գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի մի հոդվածով, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառքին, այսինքն՝ 1 միլիոն ռուբլուց ավելի: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը մինչեւ 15 տարվա ազատազրկումն է։ Իվանովի հետ երկու ամսով կալանավորվել է նաեւ կաշառքի գործով մեկ այլ մեղադրյալ՝ փոխնախարարի ծանոթ Սերգեյ Բորոդինը։ Նա նույնպես կալանք է կրելու մինչեւ հունիսի 23-ը։ Ըստ РБК-ի, անվտանգության ուժերն Իվանովի գործի հետ կապված տասնյակ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում։
Մեկ ուշագրավ փաստ․ Տիմուր Իվանովը բերման է ենթարկվել երեքշաբթի, ժամը 17:00-ին, իր աշխատասենյակից։ Նույն օրը՝ մինչ ձերբակալությունը, ՌԴ ժամանակով 11:00-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են ե՛ւ Շոյգուն, ե՛ւ Իվանովը։ Քրեական գործի նյութերը վերաբերում են պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների չկատարմանը կամ թերի կատարմանը, լիազորությունների անցմանը։ Գործը կարող է դառնալ բազմադրվագ, քանի որ հարցաքննում են նաեւ հանցավոր գործունեության հնարավոր այլ մասնակիցներին: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Իվանովի կալանավորման մասին։ «Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես նախապես տեղեկացված է եղել»,- լրագրողներին ասել է նա։

Իսկ մայիսի 14-ին հերթական հնչեղ պատմությունը տեղի ունեցավ ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալի մասնակցությամբ։ Մոսկվայում կալանավորվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մաս): «Քննության տվյալներով՝ 2021-2023 թթ., լինելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ութերորդ վարչության պետը, Կուզնեցովն առեւտրային կառույցների ներկայացուցիչներից կաշառք է ստացել՝ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ: Նշվում է, որ գործի հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել են տարբեր արժույթներով մոտ 100 մլն ռուբլի ընդհանուր գումարի ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ ոսկյա մետաղադրամներ, կոլեկցիոն ժամացույցներ եւ թանկարժեք իրեր։

Այս ամենի ֆոնին, կոռուպցիոն սկանդալների պայմաններում Բելաուսովի պաշտոնավարումը կարող է իրական բեկում մտցնել Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում։ Պուտինը որոշել է իր նախկին տնտեսական օգնական Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար՝ Ուկրաինայի դեմ երկարատեւ պատերազմին եւ ՆԱՏՕ-ի հետ հնարավոր առճակատմանը նախապատրաստվելու համար։ Այսպիսի ենթադրություն ունեն Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները: Ինչպես նշում են փորձագետները, Բելոուսովը ռազմական փորձ չունի, բայց Սերգեյ Շոյգուն, ով ղեկավարում էր ՊՆ-ն 2012 թվականից, նույնպես բանակում չի ծառայել, ուստի նման փոփոխությունն անբնական չի կարելի համարել։

Փորձագետները նշում են, որ Բելոուսովը գլխավորում էր Տնտեսական զարգացման նախարարությունը եւ մասնակցում էր տարբեր նորարարական նախագծերի կառավարմանը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մշակմանը։ Սա նրան նախապատրաստեց ղեկավարելու մի բաժին, որը Շոյգուի օրոք բախվում էր կոռուպցիայի մեղադրանքներին: Ռազմական վերլուծաբաններն ասում են, որ Պուտինը կարող է օգտագործել Բելոուսովի փորձը՝ ռազմական եւ տնտեսական քաղաքականությունը միավորելու համար: «Բելոուսովն արդյունավետ տեխնոկրատի մեծ համբավ ունի, եւ ներքին աղբյուրներն ասում են, որ նա նաեւ դրական հարաբերություններ ունի Պուտինի հետ»,- ավելացրել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Շոյգուին Պատրուշեւով փոխարինելը համահունչ է նաեւ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին հանդարտորեն հեռացնելու Պուտինի ընդհանուր քաղաքականությանը, որով նա հետին դերեր է տալիս վերջիններիս` Ռուսաստանի անվտանգության ոլորտում, այլ ոչ թե պարզապես աշխատանքից է հեռացնում՝ ասվում է զեկույցում: Նախկինում նա նմանապես մեկուսացրել էր իր ոչ հաջողակ գեներալներին՝ նրանց նշանակելով ծայրամասային անվտանգության եւ պաշտպանության դիրքերում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image