Հանրակրթական դպրոցների պատմության շատ ուսուցիչներ դժգոhում են 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքից, որ «Հայ ժողովրդի պատմություն»-ը սահմանափակվել, դարձել է «Հայաստանի պատմություն»։ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը հրատարակվել է 2025-ին՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից։ Հեղինակներն են՝ Գեւորգ Կեսոյանը, Վահագն Հակոբյանը, Նժդեհ Հովսեփյանը, Հրածին Վարդանյանը, Ալա Խառատյանը, Տաթեւիկ Համբարձումյանը, Աղասի Թադեւոսյանը։
Պատմության ուսուցիչներն ասում են, որ դասագրքում 1905թ․ հայ-թաթարական բախումների մասին նշված չէ, որ այդ թվին հայերն ինքնապաշտպանության են դիմել նաեւ Արցախում՝ Շուշիում եւ Արցախի գավառներում, նաեւ՝ Նախիջեւանում եւ Հայաստանի հյուսիս-արեւելքում, որտեղ պաշտպանությունը ղեկավարել է Սեւքարեցի Սաքոն։ Գրված է, որ ցարական կառավարությունն ազգամիջյան կռիվներ է հրահրել, սակայն չի ասվում, որ, դրանով հանդերձ, այդ բախումները կազմակերպվում էին պանթյուրքական գործիչներ Թոփչիբաշեւի ու Աղաեւի կողմից, որոնք պանթյուրքական 2 կազմակերպություն էին ստեղծել։ Դասագրքում 1909թ․ Կիլիկիայի հայերի ջարդերի մասին, նրանց ինքնապաշտպանության մասին նշված չէ, թե ովքեր էին ղեկավարում ինքնապաշտպանությունը։ 1915թ․ հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության մեջ ոչ մի տող չկա 7 ամիս տեւած Սասունի ինքնապաշտպանության վերաբերյալ, գրված չէ նաեւ Մուշի ինքնապաշտպանության մասին, իսկ Ուրֆայի ինքնապաշտպանության մասին գրված է լոկ, որ Ուրֆայի հայությունն ինքնապաշտպանական կռիվներ մղեց Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ։ Նշում չկա Շատախի 42-օրյա եւ Փեսանդաշտի ինքնապաշտպանությունների մասին։
1918թ․ մայիսի 22-30-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասին տեղեկատվության մեջ գրված չէ ընդհանուր հրամանատար Թովմաս Նազարբեկյանի անունը, ասված չէ, որ Արարատյան ճակատի հրամանատարը Մովսես Սիլիկյանն էր, Սարդարապատի ճակատամարտինը՝ Դանել Բեկ Փիրումյանը, Բաշ-Ապարանինը՝ Դրոն։ 1918թ․ մայիսյան հերոսամարտերի մասին դասագրքում ընդամենը կես էջ նյութ կա, գրքում հայ զորավարների նկարը վատ որակի է, մշուշոտ։ Մինչդեռ Սարդարապատի ճակատամարտում հայերը հաղթեցին թուրքական բանակի ամենամարտունակ՝ Դարդանելի դիվիզիային։ 1918-20թթ․ Հայաստանում թուրք-թաթարական խռովությունները ճնշելու վերաբերյալ նշված չէ, որ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցիչների՝ Հախվերդովի, Թեքինսկու միջոցով հրահրում էր Վեդիբասարում, Զանգիբասարում եւ այլուր խռովություններ։ 1920-ին քեմալականների դեմ հայերի ինքնապաշտպանական կռիվների մասին քիչ է գրված, մինչդեռ Հաճնի ինքնապաշտպանությունը տեւել է ապրիլից մինչ հոկտեմբեր։ «Նեմեսիս» գործողության վերաբերյալ միայն Սողոմոն Թեհլերյանի մասին է գրված, սակայն ազգային վրիժառուներ Արմենակ Երկանյանի, Միսաք Թորլաքյանի, Արտաշես Գեւորգյանի, Արշավիր Շիրակյանի եւ մյուսների մասին հիշատակում չկա, ասված չէ, որ Շահան Նաթալին է եղել գործողության ղեկավարը։ Դասագիրքը չի տեղեկացնում, որ այդ գործողությունը նախատեսված էր նաեւ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության այն ղեկավարների դեմ, ովքեր պատասխանատու էին Բաքվում եւ Շուշիում հայկական ջարդերի համար։ Սա պատահական բացթողում չէ, այլ արվել է միտումնավոր՝ Ադրբեջանին չզայրացնելու համար։
1920թ․ հայ-թուրքական պատերազմը դասագրքում քիչ է ներկայացված, նշված չէ, որ Սուրմալուի ճակատում գլխովին ջարդել են թուրքական ուժերին, ցավոք, Կարսի անկումը վճռորոշ է եղել։ Հայաստանի խորհրդայնացման պատմության, Հայաստանի հեղկոմի մասին էլ չեն հայտնում, թե որտեղ, ում կողմից ստեղծվեց այն, որը 1920թ․ դեկտեմբերի 6-ին ժամանեց Երեւան, եւ ումից էր ստանում Հայաստանում բռնաճնշումներ կատարելու հրամանները։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի մասին դասագրքում գրված է․ «1938 թվականին սպանվում կամ մահվան է հասցվում Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը»։ Ի՞նչ է նշանակում՝ «մահվան է հասցվում», փաստ է, որ «Հայառի Փիրուզը» ԿԳԲ-ի 2 աշխատողի հետ մտել է ու կաթողիկոսի նստավայրում խեղդել կաթողիկոսին։ Հիշատակում չկա Թիֆլիսում Բերիայի կողմից Աղասի Խանջյանի սպանության մասին, որից հետո Հայաստանում սկսվեցին զանգվածային բռնաճնշումները։ 1990-ականների հերոսական ազատամարտի, մեր փառապանծ հաղթանակների մասին մոտավոր կես էջ նյութ է։
Պատմության ուսուցիչների խոսքով՝ սույն դասագիրքը լղոզված, անդեմ, անորոշ ձեռնարկ է, որը նման է հետեւյալին․ ամեն ինչից՝ մի քիչ, ընդհանրապես՝ ոչինչ։ Ուսուցիչների համոզմամբ՝ դասագրքի հեղինակները հայոց նորագույն պատմության հերոսական դրվագներով մատաղ սերնդին դաստիարակելու նպատակ չեն ունեցել, այլ տուրք են տվել «իրական Հայաստանի» կեղծ, պարտվողական գաղափարախոսությանը։