Գեղարքունիքի Ծափաթաղ համայնքում 3-ամյա Տիգրանի սպանությունը՝ անցած հոկտեմբերի 27-ին, ցնցեց հանրությանը: Մի քանի օր կորած տղային փնտրելուց հետո նրա դին գտան դաշտում` խեղդամահ արված: Անհնարին էր պատկերացնելը, որ հայրը կարող է իր 3-ամյա որդուն խեղդամահ անել՝ կասկածելով, որ Տիգրանն իր որդին չէ, ուստի նույնիսկ ՆԳՆ հաղորդագրությանը մարդիկ չհավատացին:
Դեպքից անմիջապես հետո սպանված տղայի քույրն ու 3 եղբայրները ժամանակավորապես տեղափոխվեցին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն: Հայրը կալանավորվեց: Կարծիք կար, որ մայրն էլ պակաս մեղավոր չէ կատարվածի մեջ, սակայն տեղեկացանք, որ մի քանի ամսվա ուսումնասիրությունից հետո որոշվել է զավակներին հետ ուղարկել իրենց տուն` հանձնելով մոր խնամքին:
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը մեզ ասաց, որ դատական գործընթացը շարունակվում է, երեխայի հայրը կալանքի տակ է. «Երեխաներն իրենց մայրիկի հետ անցած շաբաթ տեղափոխվել են գյուղ: Հիմա այդ տանն ապրում է մայրը՝ իր 4 երեխաների հետ: Երեխաներից 3-ը հաճախում են դպրոց: Ինքս, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները եւ մարզպետարանից, պարբերաբար այցելություններ ենք կատարում: Այս պահին էլ հոգեբաններ են աշխատում մոր հետ: Որ ասեմ, թե շատ ուրախ են` ուրախ չեն, բայց հոգեկան ծանր վիճակում էլ չեն՝ ըստ մասնագետների գնահատականի: Պարբերաբար օգնություն ենք տրամադրում, մայրն այս պահին չի աշխատում»:
Ծափաթաղի Հենրիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Խարազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունեն, պարտաճանաչ հաճախում են դպրոց. «ՀՕՖ-ից իրենց ամեն ինչ տրամադրել են: Երեխաների մոտ բավականին լավ տեղաշարժ կա, ահագին ակտիվացել են, շփումը դպրոցականների հետ շատ նորմալ է: Իրենց դասընկերներին շատ կարոտել էին: Ծնողը հետեւողական է: Հիմնական կարիքը՝ կարոտն էր դասընկերների հանդեպ: Երեկ միջոցառում էինք կազմակեպել, բավականին լավ է շփումը աշակերտների հետ»:
3-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող հոր մեղադրականում գրված է. «Ա. Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կասկածներ ունենալով, որ Տիգրանն իր երեխան չէ, եւ այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025թ. հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025թ. նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է: Դատարանի որոշմամբ՝ Ա. Օվանեսովի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով՝ մինչեւ 2026-ի ապրիլի 3-ը»։