Քաղաքականություն

Ըմբոստները եւ խիզախները միշտ էլ փոքրամասնություն են, իսկ հարմարվողները եւ հպատակվողները` մեծամասնություն

Ըմբոստները եւ խիզախները միշտ էլ փոքրամասնություն են, իսկ հարմարվողները եւ հպատակվողները` մեծամասնություն

Հասարակությունը զարմացած եւ զայրացած է մի քանի արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների հայտարարությունից, որով նրանք փաստացի իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին` Հայոց եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մղվող պայքարում: Մարդիկ հարցնում են` լավ, ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ այդքան երախտամոռ լինել եւ ուրանալ այն ամենը, ինչն իրենց համար արել է Ամենայն հայոց կաթողիկոսը, փորձում են այդ մարդկանց բացատրել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց օգտագործում է Եկեղեցու դեմ պայքարում, բայց իրենք նույնպես Փաշինյանի զոհերն են, հաջորդ փուլում էլ Փաշինյանն իրենց է քցելու, տարբեր առաջարկություններ են անում: Օրինակ, հայտարարությանը միացածներին կարգալույծ անել եւ հեռացնել Եկեղեցուց, առաջարկում են կաթողիկոսին փոխարինել մեկ այլ` ավելի անխոցելի հոգեւորականով: Տեղի ունեցածի առիթով պետք է նկատի ունենալ, որ ոչ մի արտառոց բան իրականում տեղի չի ունեցել, եւ ամեն ինչ շատ օրինաչափ է: Եթե այդ նույն մարդիկ համարում են, իսկ նրանք հենց այդպես էլ համարում են, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը զավթված է թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, իսկ Փաշինյանը կատարում է նրանց հրահանգները, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանի հոգեւոր իշխանությունը զավթված չլինի եւ ծառայի Հայաստանի եւ հայ հասարակության շահերին: Նման բան չի եղել երբեւէ եւ չի կարող լինել նաեւ այս դեպքում:

Պետք չէ զարմանալ, որ 8 կամ 9 բարձրաստիճան հոգեւորական կամ մի քանի սարկավագ անցել են Փաշինյանի կողմը: Երբ որեւէ երկիր նվաճվել է օտարի կողմից, այդ երկրում միշտ էլ եղել են մարդիկ, որ անցել են թշնամու կողմը եւ ծառայել են նրան, աշխարհի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ ամբողջ հասարակությունը դիմադրություն ցույց տա զավթիչներին կամ նրանց դեմ պայքարի դուրս գա: Ըմբոստները եւ խիզախները միշտ էլ փոքրամասնություն են կազմել, իսկ հարմարվողները եւ հպատակվողները՝ մեծամասնություն, եւ, հավատացեք` Հայաստանը բացառություն չէ: Հայաստանը հարյուրամյակներ գրավված է եղել տարբեր տերությունների կողմից, եւ Հայաստանի թե՛ կաթողիկոսներին եւ թե՛ արքեպիսկոպոսներին նշանակել են այդ տերությունների ղեկավարները կամ առնվազն նրանց համաձայնությամբ`սկսած պարսից շահերից, հռոմեական կայսրերից մինչեւ օսմանյան սուլթաններ կամ խորհրդային իշխանություններ: 

Մինչեւ 2018 թվականը Հայաստանն ինքնիշխան երկիր էր, համենայնդեպս՝ այնքան ինքնիշխանություն ուներ, որ Հայաստանի հոգեւոր իշխանությունը ընտրվում եւ ձեւավորվում էր ներհայաստանյան կամ ներհայկական համաձայնության արդյունքում: Ներկայիս Հայաստանը վասալային կախվածություն ունեցող միավոր է, եւ Հայաստանի հոգեւոր իշխանությունը եւս պետք է ձեւավորվի Անկարայի եւ Բաքվի հետ համաձայնության արդյունքում: Նրանք դա են պահանջում, եւ Փաշինյանը կատարում է նրանց կամքը, ինչը միանգամայն օրինաչափ է: 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ ռուսական իշխանությունները՝ ի դեմս գեներալ Պավել Ցիցիանովի, պահանջում էին, որ Հայոց կաթողիկոս նշանակի ոչ թե ներկայիս Իրանի տարածքում գտնվող Ղաջարիների կամ Քաջարիների պետության ղեկավարը` շահը, այլ՝ Ռուսաստանը, սակայն ռուսները մերժում ստացան, եւ հիշյալ պատերազմի հիմնական թիրախներից մեկն էլ Էջմիածնի գրավումն էր, ինչին ռուսները կարողացան հասնել:

Այսպիսով կարող ենք ասել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն արդեն 7 տարուց ավելի հերոսական դիմադրություն է ցուցաբերում երկիրը գրաված եւ օտարներին ծառայող խունտային: Բնական է, որ ժամանակն աշխատում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, քանի որ այս 7 տարիների ընթացքում քաղաքական իշխանությունը, տիրապետելով անհամեմատ ավելի մեծ ֆինանսական, ադմինիստրատիվ, տեղեկատվական ռեսուրսների, ունենալով արտաքին հովանավորների աջակցությունը՝ Եկեղեցու հոգեւորակաների շարքերում գտել է կողմնակիցներ եւ համագործակցության պատրաստ մարդկանց, հընթացս կալանավորելով եւ քրեական գործերով կաշկանդելով ըմբոստներին եւ չհամագործակցողներին: Մտածել, թե կաթողիկոսը եւ Եկեղեցու հոգեւորականությունն ընդունակ են միայնակ պայքարել եւ հաղթել փաշինյանական իշխանությանը, ոչ թե միամտություն է, այլ՝ անմեղսունակություն: Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է որոշ ժամանակ եւս դիմադրել, ժամանակ շահել: Եթե 2026 թվականին Հայաստանը չազատագրվի եւ մնա օտարի հպատակ ուժերի իշխանության տակ, Հայոց եկեղեցին եւս անցնելու է նրանց լիակատար հսկողության տակ, չնայած Փաշինյանն արդեն գրավել է բազմաթիվ եկեղեցիներ եւ թեմեր: Թե ինչպես` մենք դրանց արդեն անդրադարձել ենք: 

Խոսելով իր իշխանության անկման պատճառների մասին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ անհամեմատ ավելի զորեղ ուժերի, հետագայում բացահայտեց, որ այդպիսի ուժ ասելով` նկատի ուներ Եվրամիությանը, որ 2018 թվականի իշխանազավթման օպերացիան գլխավորում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին: ԵՄ ղեկավարությունն այսօր գտնվում է լիբերալ-գլոբալիստների ձեռքին, եւ հայաստանյան խունտան ծառայում է նաեւ նրանց: Ամենայն հայոց կաթողիկոսը եւս չի պայքարում միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ եթե նա էլ պարտվի, նույն տրամաբանությամբ կարող է ասել, որ պարտվել է ոչ թե Փաշինյանին, այլ՝ ավելի զորեղ ուժերի, եւ դա միանգամայն ճիշտ կլինի: Եվրագլոբալիստների եւ թուրք-ադրբեջանական ուժերի շահերի համընկնման մասին հերթական անգամ խոսելն ավելորդ է: Հայաստանի եւ Հայոց եկեղեցու պարտությունը կախելու միակ ճանապարհը Հայաստանի ազատագրումն է: Քանի դեռ Հայաստանն ազատ չէ, Հայոց եկեղեցին չի կարող ազատ լինել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image