Հարցազրույց

Մեր ժողովրդի մեծ մասը կողմ է պատերազմը շարունակելուն

Մեր ժողովրդի մեծ մասը կողմ է պատերազմը շարունակելուն

«Հրապարակի» զրուցակիցն է իսրայելցի քաղաքական վերլուծաբան, քաղաքական ակտիվիստ Յարոն Վեյսը:

- Իսրայելից վերջերս հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր է Սիրիայում թուրք-իսրայելական բախում սկսվի: Հավանական համարո՞ւմ եք նման զարգացում:

- Չեմ կարծում։ Դա հակասում է երկու կողմերի շահերին: Սակայն սխալ հաշվարկը եւ լոկալ միջադեպը կարող են երկու երկրներին հակամարտության մղել: Էրդողանը թշնամանք է քարոզում Իսրայելի նկատմամբ՝ համախմբելու թուրք ժողովրդին եւ շեղելու հանրային կարծիքը ներքին խնդիրներից։ Սա կարող է վտանգավոր լինել: Մյուս կողմից, Իսրայելի կառավարության ազգայնական, ծայրահեղական եւ պոպուլիստական բնույթը կարող է միայն սաստկացնել առանց այն էլ լայնածավալ բռնությունը։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ես կարծում եմ, որ կգերակայի երկու կողմերի ընդհանուր շահը, որը թույլ եւ զսպող Սիրիան է, ինչպես նաեւ՝ Մերձավոր Արեւելքի երկու ամենաուժեղ բանակների միջեւ դաժան առճակատումից խուսափելը:

- Հութիների հետ հակամարտությունն այժմ ի՞նչ փուլում է:

- Հութիները եւս մեկ օրինակ են մի ռեժիմի, որը պատրաստ է ժողովրդին զոհաբերել իր քմահաճույքների համար, որոնք չեն առնչվում իրենց սեփական ժողովրդի շահերին: Հութիների հարձակումները ստիպում են միլիոնավոր իսրայելցիների՝ ամեն օր մտնել ապաստարաններ։ Ես ենթադրում եմ, որ սա Իսրայելը երկար ժամանակ չի կարող հանդուրժել: Միեւնույն ժամանակ, այս փուլում ամերիկացիները թույլ չեն տալիս Իսրայելին գործել։ Նրանք ներկայում գերադասում են հութիների դեմ գործել միայն բրիտանացիների հետ, որպեսզի չխախտեն արաբական երկրների գործողությունների օրինականությունը, որոնք նույնպես տառապում են հութիների ռեժիմից:

- Անդրադառնանք Գազային․ ի վերջո՝ ի՞նչ է այնտեղ կատարվում, եւ ինչպե՞ս կընթանան զարգացումները:

- Գազայում կանանց, երեխաների եւ անմեղ քաղաքացիների շրջանում բազմաթիվ զոհերը շարունակական աղետ են, որից վերականգնվելու համար կպահանջվեն սերունդներ: Կարեւոր է նշել, որ Իսրայելի կառավարությունը վերսկսել է հարձակումները Գազայում՝ հակառակ իսրայելցի պատանդների ընտանիքների դիրքորոշման, որոնք պնդում են, որ պատերազմը վտանգում է իրենց հարազատների կյանքը։ Որպես հրեա եւ իսրայելցի, կարեւոր է հասկանալ, որ պատերազմի շարունակությունը չի բարելավի հրեաների եւ իսրայելցիների անվտանգությունը: Ավելի շուտ՝ դա վտանգում է նրանց կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: Մեր անմիջական շահը պատերազմին վերջ տալն է։ Սակայն, ցավոք սրտի, իսրայելական հասարակության մեծ մասն այլ կերպ է մտածում եւ աջակցում է պատերազմի շարունակմանը, որը հանգեցնում է բազմաթիվ անմեղ զոհերի։

- Պատերազմ Գազայում, ռազմական գործողություններ Սիրիայում: Իսրայելում հասարակ մարդիկ չե՞ն հոգնել պատերազմից, ի՞նչ են մտածում այս անվերջանալի պատերազմների առնչությամբ:

- Իսրայելի ժողովուրդն այս հարցում շատ պառակտված է։ Ըստ երեւույթին, ինչպես արտացոլված է նաեւ Կնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի քաղաքական կազմում, ժողովրդի մեծ մասը կողմ է պատերազմի շարունակմանը եւ կառավարության քաղաքականությանը։ Կառավարությունը վարում է պոպուլիստական քաղաքականություն, որը հակառակ է Իսրայելի շահերին: Իսրայելցիների համար անվտանգություն չի լինի, քանի դեռ չկա անվտանգություն եւ արդարություն պաղեստինցիների համար։ Սա մի բան է, որ յուրաքանչյուր իսրայելցի պետք է հասկանա: Ցավոք, մարդիկ չեն հասկանում Իսրայելի հզորության սահմանափակումները։ Իսրայելցիները կարծում են, որ Թրամփի վարչակազմը հավերժ կմնա, եւ հրաժարվում են հասկանալ, որ մի օր ԱՄՆ-ում առաջադեմ վարչակազմ իշխանության կգա եւ պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ, եթե նա շարունակի իր ներկայիս քաղաքականությունը:

- Նեթանյահուն փորձում է ամեն ինչ անել՝ ստանալու ԱՄՆ-ի լիարժեք աջակցությունը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: ԱՄՆ-ն կզսպի՞ Նեթանյահուի այս ցանկությունը:

- Իրանի հետ պատերազմը շատ վտանգավոր է. դա կազդի ողջ տարածաշրջանի վրա, այդ թվում՝ նաեւ Հայաստանի։ Չեմ զարմանա, եթե Ադրբեջանն օգտվի իրավիճակից․ երբ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի Իրանի պատերազմի վրա, Ադրբեջանը կարող է Հայաստանից տարածքներ գրավել, հատկապես՝ Սյունիքում։ Պետք է պատրաստ լինել։ Իմ կարծիքով, Իրանի մասով ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը դեռ հստակեցված չէ։ Դրա համար էլ իրավիճակը շատ վտանգավոր է։ Հրեական ազդեցիկ կազմակերպություններն աշխատում են Ադրբեջանը դարձնել ԱՄՆ-ի օրինական դաշնակիցը՝ պնդելով, որ դա կծառայի Իսրայելի եւ Ամերիկայի շահերին՝ ընդդեմ Իրանի։ Բայց սրա գինը վճարողը Հայաստանն է լինելու։ Ես Իսրայելում փոքրամասնություն եմ, ովքեր ինձ նման կարծիք ունեն, որ իսրայելա-ադրբեջանական դաշինքը հակասում է Իսրայելի շահերին: Հատկապես, երբ իսրայելական արտադրության զենքերը կարող են արտահոսել Իսրայելի թշնամիներին: Ցավոք սրտի, Իսրայելի քաղաքականությունն անհեռատես է։ Իսրայելը սթափ չի գնահատում Ադրբեջանի բռնապետական ռեժիմին բնորոշ վտանգները:

- Վերջերս ծեծել ու դանակահարել էին պաղեստինցի օսկարակիր ռեժիսորին: Տեղյա՞կ եք, թե ինչ պայմաններում են իսրայելցի ծայրահեղականները հարձակվել նրա վրա: Բացի այդ, Դուք պարբերաբար մարդասիրական առաքելության շրջանակներում լինում եք Արեւմտյան ափում՝ Վեսթ Բանկում:

- Ես հումանիտար ակտիվիստ եմ Արեւմտյան ափում, նույն գյուղերում Մասաֆար Յաթթա՝ Masafer Yatta, որտեղ նկարահանվել է օսկարակիր No Other Land ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է պատերազմից առաջ։ Այսօր իրավիճակը շատ ավելի վատ է։ Պաղեստինցի ֆերմերները եւ նրանց ընտանիքներն ամեն օր ենթարկվում են սարսափելի բռնությունների եւ հարձակումների: Ցավոք սրտի, հրեա ժողովուրդը, որը պատմության ընթացքում հայտնի է որպես ոչ բռնի եւ խաղաղասեր ժողովուրդ, ենթարկվել է շատ տագնապեցնող փոփոխությունների: Եվ այդ ամենը բացասաբար է ազդելու մեր ապագա սերունդների վրա: Ես լավատեսության նշույլ եմ տեսնում նրանում, որ արտասահմանից պաղեստինցիներին օգնելու համար եկող կամավորներից շատերը հրեա են: Նրանք թողնում են իրենց հարմարավետ կյանքն ԱՄՆ-ում, Կանադայում, Բրիտանիայում եւ այլուր՝ պաղեստինցիներին օգնելու համար: Նրանց գովելի գործողություններն արտահայտում են այն զզվանքը, որը նրանք զգում են Իսրայելի քաղաքականության նկատմամբ։ Իրենց քայլերով նրանք ցույց են տալիս, որ Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ չի արտահայտում բոլոր հրեաների ցանկությունը, հատկապես՝ Իսրայելից դուրս ապրողների։ Դրանով նրանք կատարում են աստվածաշնչյան պատվիրանը, ինչպես այն նշված է Ղվտական գրքում. «Պիտի սիրես քո մերձավորին քո անձի պես»:

Արեւմտյան Ափ,Պաղեստին․ մարտ, 2025
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image