Հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրությունը դարձավ պարտադիր բոլորի համար: Անցած տարի շատ խոսվեց այդ մասին, շատ մասնագետներ քննադատեցին եւ այդ համակարգը ներդնելը վաղաժամ համարեցին: Բայց պարզ է, որ այս իշխանությունը լրացուցիչ հարկատեսակներ ավելացնելու, մարդկանց հարկային բեռն ավելացնելու մեծ մասնագետ է եւ փող շատ է սիրում, իսկ այս համակարգը լրացուցիչ մուտքեր է ապահովելու պետբյուջե, ուստի մտցրին: Սակայն հունվարից բազում բողոքներ են հնչում, որ համակարգը նորմալ չի գործում: Հունվարի 1-ից ավելի քան 88 հազար ապահովագրական գրանցում է իրականացվել, որից մոտ 7 հազար 500-ն ամբուլատոր այցեր են, ավելի քան 8 հազար 700-ը՝ հիվանդանոցային։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ փորձում են համակարգն ավելի մարդակենտրոն դարձնել՝ ավելի քիչ գործընթացներով։ Այդուհանդերձ, դժգոհություններ կան ու հատկապես «Արմեդ» համակարգից, որտեղ պետք է գրանցված լինեն շահառուները։
«Որեւէ մեկը չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պիտի սեղմենք, եւ ամբողջը 100 %-ով, ամեն ինչ բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ աշխատի։ Սա շատ ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1 մլն 600 հազար հոգի։ Բուժաշխատողների մի մեծ շրջանակ նույնպես ներառում է։ Կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում շտկվում են, կան մարդուն ավելի պարզ եւ հեշտ դարձնելու աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու, սպասարկման ավելի կարճ ժամկետներ կլինեն։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- ասում է նախարարը։
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է, որ տեղի ունեցած փոփոխությունները մեծ դժգոհություններ են առաջացրել, օրինակ` մանկավարժների շրջանում: Նրա խոսքով` առողջապահության նախարարը ոլորտում «ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ հետն է հանել». «Կան խնդրահարույց կողմեր: Սոցփաթեթի շահառուները, նրանք, ովքեր 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ են ստանում, նրանք այլեւս չեն համարվում սոցփաթեթի շահառու, այլ ուղղակի դառնում են համընդհանուր ապահովագրության շահառու: Այսինքն` այստեղ հարց է առաջանում․ հանգստի համար նախատեսված 72 հազար դրամի հետ ի՞նչ է լինում: Ինչպե՞ս է այս հարցը լուծվելու: 72 հազար դրամ մեկ տարվա համար մարդիկ ստանում էին գումար` հանգստի համար, սակայն այն իրականում կարողանում էին օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ` ուսման վարձի վճար եւ այլն: Հաջորդ խնդրահարույց կողմն էլ այն է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ստանում 200 հազար եւ ավելի աշխատավարձ, մնում են որպես սոցփաթեթի շահառու, սակայն այստեղ էլ կա այլ խնդիր: Որոշ հետազոտություններ դառնում են ոչ պարտադիր: Մի կողմից, մենք խոսում ենք կանխարգելիչ առողջապահության կարեւորության մասին, մյուս կողմից էլ` ասում ենք, թե պարտադիր չեն տարեկան երբեմնի պարտադիր հետազոտությունները: Ինձ համար սա խիստ անհասկանալի մոտեցում է: Այս առումով տուժում են մանկավարժները: Մինչ այժմ ստացող ծառայությունները, օրինակ, նրանց համար փոխվել են, արդյունքում` ավելի սեղմ ու ոչ ընդգրկուն ծառայություններ են նախատեսված: Նրանք այլեւս դիտարկվում են համընդհանուր ապահովագրված քաղաքացիներ, ինչպես, օրինակ, 65 տարեկանները կամ 0-18 տարեկանները: Նախարարության այս քայլը նման է նրան, որ իբրեւ ուզում էին մի լավ բան անել, սակայն, ինչպես միշտ, ձախողեցին: Այն շատ պրոբլեմներ է ստեղծել, եւ քաղաքացիները ծայրաստիճան դժգոհ են այս փոփոխություններից»: