Քաղաքականություն

Տրամաբանորեն, Գյումրիում պետք է կայանա վերաքվեարկություն

Տրամաբանորեն, Գյումրիում պետք է կայանա վերաքվեարկություն

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրությունների քվեարկության փուլի ավարտից հետո հիմնականում մամուլը եւ քաղաքական շրջանակները զբաղված են դրանք մեկնաբանելով եւ ենթադրություններ անելով, թե ինչ սցենարներով կարող են իրադարձությունները զարգանալ։ 

Ըստ իս, սպասելի, չասելու համար` երաշխավորված արդյունքներ են գրանցվել Գյումրիում։  Առաջին եւ ամենից տեսանելի արդյունքը՝ վերստին հաստատվել է երկրի քաղաքական դաշտում հաստատված բացարձակ պատային վիճակը, երբ հասարակության համար հավասարապես անընդունելի է թե՛ ներկա իշխանությունը, թե՛ նախկինները։ Հասարակության 60%-ը Գյումրիում բոյկոտել է եւ չի մասնակցել ընտրություններին, քանի որ չի տեսել ընտրությանը մանակցող ուժ կամ անձ, որին արժանի համարեր ձայն տալու։ 

Կարելի է նաեւ շարունակել մեկնաբանել, թե մասնակից ուժերից յուրաքանչյուրի պարագայում ստացած ձայների քանակն ինչ է ցույց տալիս, բայց դա արդեն առանձնապես նշանակություն չունի, քանի որ, եթե առաջնորդվենք տրամաբանությամբ եւ ՀՀ Ընտրական օրենսգրքով, մասնավորապես օրենսգրքի 72-րդ եւ 142-րդ հոդվածներով, ապա 30.03.2025-ին կայացած Գյումրու ավագանու ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, եւ նշանակվի ավագանու ընտրությունների վերաքվեարկություն։ Ինչո՞ւ։ Նրանց համար, ովքեր ընտրական գործընթացներին իրազեկ են, գիտեն Ընտրական օրենսգիրքը, փաստարկը կարելի է մեկ նախադասությամբ էլ ձեւակերպել․ «Անճշտությունների թիվը, 30.03.2025-ի ընտրության նախնական արդյունքներով, հայտարարված է 945, մինչդեռ մասնակից ուժերից մեկն անցողիկ շեմը հաղթահարել է ընդամենը 50-60 քվեաթերթիկի տարբերությամբ, հետեւաբար, հնարավոր չէ ողջամտորեն երաշխավորել, որ այդ 50-60 քվեաթերթիկը 945 անճշտության միջակայքում չէ եւ չի ազդել ընտրության արդյունքների վրա»: 

Իսկ հասարակության լայն շերտերի համար, ովքեր Ընտրական օրենսգրքի հոդվածներին առնչվելու առիթ կամ պատճառ չեն ունեցել, այդքանով` դրանց տեղյակ չեն, ներկայացնեմ խնդիրը։  ՀՀ Ընտրական օրենսգրքում կա 72-րդ հոդված, որը սահմանում է, թե ինչ է անճշտությունը։

 «Հոդված 72. Անճշտությունները որոշելու կարգը 

1. Առաջին անճշտությունը հաշվարկվում է ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների թվի եւ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թվի գումարի եւ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների թվի համադրմամբ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ:

2. Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի եւ քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի համադրմամբ:
Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0:

3. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հավասար է առաջին եւ երկրորդ անճշտությունների գումարին»:
Այսինքն, քվեարկության փուլում գոյություն ունի երկու կարգի խախտում, որը որակվում է անճշտություն․ մեկը, երբ օգտագործված, չօգտագործված եւ ստացված դրոշմանիշների քանակների միջեւ կա անհամապատասխանություն, ինչը սովորաբար քիչ է պատահում։ Եվ երկրորդ, ավելի տարածված դեպքը, երբ քվեատուփում հայտնվում է ավելի շատ քվեաթերթիկ, քան ընտրող է մասնակցել քվեարկությանը։ Այսինքն՝ ընտրական գործընթացների ժարգոնով՝ կատարվել է լցոնում։ Իհարկե, ոչ մեծ քանակի, բայց, ամեն պարագայում, քվեատուփից դուրս է գալիս, դիցուք, 5-ով, 10-ով կամ 30-ով ավելի քվեաթերթիկ, քան ընտրող է եկել տեղամաս։ Այդ ավել քվեաթերթիկների քանակը նշվում է որպես անճշտությունների 2-րդ պատճառ։ Գյումրու խնդրո առարկա ընտրություններում հայտարարված 945 անճշտության մեծ մասը, բնականաբար, լցոնված քվեաթերթիկների քանակն է։ 

Այժմ, եթե անճշտությունների թիվն այնպիսին է, որ թեկնածուի ստացած քվեների քանակից հանելով` ոչինչ չի փոխում, թեկնածուն դարձյալ անցողիկ շեմը հաղթահարում է, ապա գնահատվում է, որ անճշտությունների թիվը չի ազդել ընտրության արդյունքների վրա։ Գյումրու պարագայում, եթե անգամ զուտ տեսականորեն համարենք, որ բոլոր 945 անճշտությունները եղել են 2-րդ խմբի, այսինքն՝ քվեարկողներից ավելի քվեաթերթիկներ են եղել քվեատուփերում, եւ բոլորն էլ եղել են հօգուտ ամենից շատ ձայն ստացած ուժի եւ քաղաքապետի թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի, այդքանով էլ ՔՊ-ի ու Մինասյանի ստացած 17 հազար 183 քվեն նվազեցնենք 945-ով, դրանից ոչինչ չի փոխվի։ Թեկնածուն դարձյալ անցողիկ շեմը հաղթահարել է, այդքանով անճշտությունների թիվը չի ազդել ընտրության արդյունքի վրա։ Նույն պատկերն է Վարդան Ղուկասյանի դեպքում, քանի որ նա ստացել է 9 հազար 727 ձայն, եւ 945-ով նվազեցնելը ոչինչ չի փոխում։ Նույնն է Մարտուն Գրիգորյանի պարագայում։ Նույնն է նաեւ Ռուբեն Մխիթարյանի պարագայում։ Ճիշտ է` «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 3 հազար 734 ձայն, բայց ավագանու կազմ անցնելու համար կուսակցությունն ընդամենը 4%-ի շեմը հաղթահարելու խնդիր ուներ, որը թվային արտահայտությամբ հավասար է մոտ 1900 քվեի (քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի` 47 հազար 443-ի 4 տոկոսը)։ Եթե 3 հազար 734-ը նվազեցնենք 945-ով, ապա արդյունքը դարձյալ պահանջվող 1900-ից զգալիորեն բարձր կլինի։

Մինչդեռ բոլորովին հակառակ պատկերն է անցողիկ շեմը հաղթահարած վերջին ուժի՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի պարագայում։ Քանի որ կուսակցությունների դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը 6%-ն է, դա թվային արտահայտությամբ կազմել է մոտ 2 հազար 850 քվե (ստույգ՝ 2 հազար 847)։ «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է 2 հազար 902 քվե։ Այսինքն, ընդամենը 55 քվեի առկայությունն է ապահովել այդ ուժի՝ անցողիկ շեմը հաղթահարելը, այն պարագայում, երբ անճշտությունների թիվը տասնապատիկ, քսանապատիկ մեծ է՝ 945: Հետեւաբար, ոչ ոք չի կարող ողջամտորեն երաշխավորել, որ այդ 50-60 քվեաթերթիկը 945 անճշտությունների թվում չեն կամ քվեատուփերում հայտնված ավել քվեաթերթիկների թվից չեն։ Եվ այդ 50-60 քվեաթերթիկն ուղիղ եւ որոշիչ կերպով ազդել է 30.03.2025թ․ ընտրության արդյունքների վրա՝ կանխորոշելով թե՛ ավագանու կազմ անցնող ուժերի թիվը, թե՛ մանդատների բաշխումը։ 

Իսկ նման պարագայում գործում է Ընտրական օրենսգրքի մեկ այլ՝ 142-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է․
«Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը

1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եւ նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն»:
Ի տես ողջ վերոշարադրյալի, ակնհայտ է, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ արձանագրվել են 2-րդ խմբի անճշտություններ, այն է՝ քվեատուփում առկա քվեաթերթիկների ավելի մեծ քանակ, քան ընտրության մասնակիցների թիվն է, պետք է անցկացվեն վերաքվեարկություններ։ Եթե նման տեղամասերը մեծամասնություն են կազմում, ապա պետք է նշանակվի ամբողջ ընտրության վերաքվեարկություն։ Կարծում եմ՝ առկա պատկերը եւ օրենքով սահմանված գործողությունների տրամաբանությունը բոլորին պարզ է։ Սակայն քանի որ Հայաստանում ընտրական գործընթացներն առանձնապես ավանդույթ չունեն՝ համապատասխանելու օրենքներին կամ տրամաբանությանը, 1.04.2025-ին լրագրողական խնդրանք ուղարկեցի ԿԸՀ՝ պատասխանելու երեք հարցի։ Հարցերը հետեւյալն են․  

«1. Թիվ 31 ԸԸՀ-ն, նաեւ ԿԸՀ-ն հայտնել են, որ Գյումրու ավագանու 30.03.2025թ․ ընտրությանը, նախնական տվյալներով, անճշտությունների թիվը կազմել է 945: Խնդրում եմ հայտնել, թե նշյալ 945 անճշտությունից, թեկուզ մոտավոր գնահատմամբ, որ մասն է Ընտրական օրենսգրքի 72-րդ՝ Անճշտությունները որոշելու կարգը հոդվածի 1-ին մասով նախատեսված անճշտություն, եւ որ մասը՝  նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված։
2. Հաշվի առնելով, որ, համաձայն ԸՕ 72-րդ հոդվածի 2-րդ մասի, «Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ:», եւ հանգամանքը, որ ուժերից մեկը ընտրության 6% անցողիկ շեմը հաղթահարել է 50-60 քվեաթերթիկի տարբերությամբ՝ հնարավո՞ր է ողջամտորեն երաշխավորել, որ այդ 50-60 քվեաթերթիկը 945 անճշտության միջակայքում չեն, քվեատուփերում հայտնված ավել քվեաթերթիկների թվից չեն։
3. Եթե ողջամտորեն հնարավոր չէ երաշխավորել 50-60 քվեաթերթիկի 945 անճշտության միջակայքում չլինելը, եւ եթե այդ 50-60 քվեաթերթիկը նախնական արդյունքով որոշել են Գյումրու ավագանի անցած քաղաքական ուժերի քանակը եւ մանդատների բաշխումը, արդյո՞ք դա ԸՕ 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավիճակ չէ, եւ չպե՞տք է արդյոք 30.03.2025թ․ ընտրությունները ճանաչվեն անվավեր, եւ նշանակվի վերաքվեարկություն»։
ԿԸՀ-ից ստացվեց պատասխան․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին էլ թիվ 31 ԸԸՀ-ն վերահաշվարկի աշխատանքներ է իրականացնում, եւ քվեարկության արդյունքները դեռ վերջնական ամփոփված չեն, այս պահին չենք կարող անդրադառնալ ձեր հարցադրումներին։ Ձեր կողմից հղված հարցերին կարելի է անդրադառնալ քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո»։

Ամենքին էլ հասկանալի է, որ իմ հարցադրումները որեւէ կապ չունեն մի քանի տեղամասում իրականացվող հերթապահ, ստուգիչ վերահաշվարկների հետ, քանի որ վերահաշվարկների արդյունքում դժվար թե անճշտությունների հայտարարված 945 թիվը նվազի կամ էլ հանկարծ այնքան ու այնպես  նվազի, որ 945-ից դառնա 45։ Նույնքան հասկանալի է, որ հարցադրման մեջ մատնանշված, ընտրության արդյունքների վրա որոշիչ կերպով ազդած ընտրախախտմանը պետք է անդրադառնալ մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը, ոչ թե դրանից հետո։

Հետեւաբար, կա՛մ ԿԸՀ աշխատակազմի, գուցե՝ անդամների անհասկացողության հետ գործ ունենք, կա՛մ էլ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանը տագնապած են, որ վերաքվեարկության դեպքում հնարավոր է առկա ցուցանիշն էլ չկարողանան ապահովել, դրա համար էլ կփորձեն թեկուզ օրենք եւ օրինականություն ոտնահարել, միայն թե վերաքվեարկություն չկազմակերպեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image