Չիմացողիս, խնդրում եմ, ցույց տվեք մի ղեկավարի, որ 6,5 տարի մնացած լինի պետության ղեկին եւ այդ պետության համար ոչինչ արած չլինի: Կա՞ մի այնպիսի հիմար ազգ, որ նման ղեկավարին հանդուրժած լինի այդքան ժամանակ ու դեռ երկմտի՝ հեռացնե՞լ, թե՞ չհեռացնել այդ անբանին: Ամենայն անկեղծությամբ եմ խնդրում՝ հուշեք, ցույց տվեք այդպիսի մի երկիր ու մի ժողովուրդ, եւ ես կհասկանամ մեզ՝ հայերիս ու Հայաստանի Հանրապետությանը: Չկա՞…
Ոչինչ չանելը՝ դեռ մի կողմ: Դուք ինձ ցույց տվեք մի ղեկավարի, որ այդ ժամանակաշրջանում միայն վնաս ու ավեր է բերել իր երկրի գլխին ու դեռ շարունակում է ղեկավարել: Կա՞ աշխարհում մի ղեկավար, որի ղեկավարության փուլերը բնութագրվում են բացառապես պարտություններով, ձախողումներով, նրա մասնակցությամբ եւ նրա վարած քաղաքականության արդյունքում տեղի ունեցած խայտառակություններով: Չուկչան, որ չուկչա է, եթե պատահաբար եղջերու է կորցնում կամ շնասայլակ, ամոթից իր յուրտը չի վերադառնում: Սա էս ի՞նչ երես ունի, ձեզ մատաղ: Արցախը տվեց, Հայաստանը դրեց օկուպացիայի տակ, 10 հազար զոհ՝ քովիդին, 5 հազար զոհ՝ պատերազմում, հարյուրավոր զոհեր՝ բանակում, ավերված տնտեսություն, ոչնչացված արտաքին քաղաքականություն, լափված միլիարդներ, անվտանգության իսպառ բացակայություն, վնգստացող իրավապահ համակարգ, աղտեղությամբ լցված քաղաքական դաշտ, մեկը մյուսից դեբիլ իշխանախումբ: Ու մենք հանդուրժում ենք… Ճիշտ էր ասում Վեհափառը, որ մենք Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք, որին նա բնակեցրեց այս հրաշք վայրում՝ սուրբ լեռան դիմաց:
Կարծիք կա, որ եթե 2021 թվականին մենք ունենայինք 680 հազար գլուխ ոչխար եւ ոչ թե այդքան չմտածող զանգված, մեր վիճակն այսօր այսքան տխուր չէր լինի: Դժվար է չհամաձայնելը, բայց ես համաձայն չեմ: Բացատրեմ, թե ինչու: Նախ՝ նոնսենս է, որ կապիտուլյացիայից հետո ղեկավարը մնում է իր տեղում: Նրա հարցը պետք է լուծված լիներ դեռ 2020թ. նոյեմբերի 10-ին: Կար երկու տարբերակ՝ կա՛մ նա պետք է ինքնասպան լիներ նոյեմբերի 9-ին, կա՛մ՝ կախված Երեւանի կենտրոնում, նոյեմբերի 10-ին: Փախել-մտել էր բունկեր, չէ՞: Ո՞վ հետ բերեց: Այդ օրերին 680 հազար մարդ կա՞ր նրա կողքին: Իհարկե՝ ոչ: Մի հատ Արարատ Միրզոյանին հարցրեք՝ քանի՞ մարդ կար կողքիդ, երբ քիչ էր մնացել քեզ հում-հում ուտեին: Դե, ուրեմն, սիրելի ընդդիմադիրներ, ես էլ ձեզնից մեկը, էլ ինձ հեքիաթներ մի պատմեք այն մասին, որ մենք ամեն ինչ արեցինք՝ նրան հեռացնելու համար: Այն օրերին մենք ուղղակի գիտությունով էինք չալում՝ ուռռա, կաթողիկոսները պահանջեցին նրա հրաժարականը, ուռռա, Ակադեմիան պահանջեց նրա հրաժարականը, ուռռա, ԲՀԿ-ն ու «Լուսավորը» պահանջեցին նրա հրաժարականը, ուռռա, ուռռա, հանրապետության նախագահը պահանջեց նրա հրաժարականը… Բան չմնաց, էսա կգնա: Փողոցներում օրուգիշեր սպասեցինք, որ գնա: Գնա՞ց:
2021թ. փետրվարի 25-ին ապստամբեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը՝ նրան հայտարարելով երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիք: Էլի խառնվեցինք իրար՝ էսա կգնա… Գնա՞ց: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանկարծ իմաստախոսեց՝ հեղաշրջումը վատ բան է, չի կարելի: Ախ, Օնիկ Գասպարյան, դու չգիտեի՞ր, որ ձին պետք էր սայլի առջեւից կապել: Մտնեիր, ձերբակալեիր, հետո անեիր հայտարարությունդ: Թե բա՝ հեղաշրջումը վատ բան է: Դա օրհնված հեղաշրջում էր լինելու, որ կանխելու էր Արցախի վերջնական հանձնումն ու երկրի օկուպացիան: Այսօր քանի՞ տանկ ունես, Օնիկ Գասպարյան, տեսա՞ր ոնց զինաթափեցին քեզ: Հիշում եմ՝ ճարահատ գնացել էինք նախագահ Արմեն Սարգսյանի դուռը, որ Օնիկ Գասպարյանին փրկենք: Փրկեցի՞նք: Լոնդոնցի դենդին, սակայն, մի հրաշքով «ելքը գտավ»՝ ընտրություններ: Դա ավելի ցիվիլ ու ստերիլ կլինի: Համաձայնեցինք: Մեր ուժերի վրա վստահ, համոզված, որ Հայաստանում այնքան հիմար չի գտնվի, որ ձայն տա կիսամեռելին, գնացինք ընտրությունների: Դե՝ Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք, ցիվիլ ու ստերիլ իշխանափոխությանն ինչպե՞ս կարող էինք ասել «ոչ»: Լոնդոնյան խաղերը, սակայն, մեր խելքի բանը չէին: Այնտեղ՝ Լոնդոնում, վաղուց գիտեն, որ եթե ուզում ես մի բան կեղծել, արա դա ընտրություններով, այսինքն՝ ուրիշի ձեռքով, տվյալ դեպքում՝ ժողովրդի: Եվ 2021թ. հունիսի 20-ին, երբ թշնամին արդեն տարածքներ էր գրավել մեր երկրից, պարզվեց, որ Հայաստանում կա 680 հազար հայ՝ պատրաստ քվեարկելու Արցախի ոչնչացման եւ Հայաստանի օկուպացիայի օգտին: Դուք հավատո՞ւմ եք սրան: Ես չեմ հավատում: Չեմ ուզում հավատալ, հայը համբերատար է, բայց այդ աստիճան ոչխար չէր կարող լինել:
Այսօր օրացույցին 2024թ. հոկտեմբերն է: Հույս ունեմ՝ Սրբազան պայքարով նրան ճանապարհենք ու անցնենք մեր գործերին: 6 տարվա ավեր, անդառնալի կորուստներ, գրեթե անվերականգնելի Արցախ, օկուպացված տարածքներ, գերիներ եւ, այս ամենով հանդերձ՝ քանդված տնտեսություն, սասանված միջազգային հեղինակություն, պետությունների հարաբերություններում կրկին գործոն դառնալու հրամայական: Սասունցի Դավթի պես վերջին զարկը պետք է տալ ՝ չնայելով, թե ով կգա մեր դեմ ու ինչ կխնդրի: Ցիվիլ ու ստերիլ իշխանափոխություն, հանրաքվե, ընտրություններ… Սրանք զիբիլ բաներ են, երբ արդեն գիտես, որ նա իր իշխանությունը պահելու համար պատրաստ է թշնամու բանակներ ներս բերել: