Երեկ հայաստանյան բարձրաստիճան հոգևորականներին առաջադրված մեղադրանքները, որոնք ամբողջությամբ ապօրինի են, պարզ է, որ ուղղված է Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը նշանակված եպիսկոպոսաց ժողովը տապալելուն: Արդեն Հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող բոլոր եպիսկոպոսների ՍԷԿՏ-ը փակվել է և նրանք չեն կարող մեկնել երկրից` ժողովին մասնակցելու: Դեռևս Վեհափառին մեղադրանք չի առաջադրվել, բայց մոտ օրերս նրան էլ կառաջադրվի, ըստ ամենայնի, և նա էլ չի կարող Հայաստանից հեռանալ: Հիշեցնենք, որ այս ժողովը նշանակված էր դեկտեմբերի 12-ին և հետաձգվեց, որովհետև ԱԱԾ-ից Վեհափառին ուղիղ տեքստով զգուշացրել էին, թե դրսից Հայաստան եկած եպիսկոպոսները այլևս չեն կարողանա մեկնել` կհայտնվեն Միքայել և Արշակ սրբազանների կողքի խցերում: Եվ Գարեգին Բ-ն այդ պատճառով որոշեց անորոշ ժամանակով հետաձգել ժողովը:
Ակնհայտ է, որ դեկտեմբերի հետաձգումը սխալ քայլ էր, բայց առավել կարևոր է, թե հիմա ինչ է որոշելու Վեհափառը:
Մենք տեղեկացանք, որ եկեղեցում քննարկումներ են ընթանում այս թեմայով: Կա կարծիք, որ պետք է չեղարկել ժողովը և ցույց տալ, որ սա բռնություն է եկեղեցու հանդեպ, որ Փաշինյանը թույլ չի տալիս, որ Հայ առաքելական եկեղեցին իր գործառույթներն իրականացնի և սա անթույլատրելի միջամտություն է հոգևոր կյանքին ու աշխարհասփյուռ կառույցի հանդեպ տեռոր:
Բայց ավելի գերիշխող է այն կարծիքը, որ ժողովը պետք է կայանա ամեն գնով: Ասենք, թեկուզ ոմանք օնլայն կապով միանան ժողովին, ոմանք` Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում ուղիղ մասնակցեն: Որ ժողովը պետք է կոշտ ու աննահանջ դիրքորոշում հայտնի և այս վերջին խայտառակ հետապնդումները պետք է ավելի կոշտացնեն ժողովականների դիրքորոշումը: Արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը չի պատրաստվում որևէ զիջման գնալ և չի խուսափում ամենաապօրինի մեթոդների կիրառումից, ուրեմն ճիշտն արժանի հակահարված տալն է, ոչ թե վախվորած քայլեր անելը` հույսով, որ ճնշումը կթուլանա և իրենցից ձեռք կքաշեն:
Ի դեպ, 10 տիրադավների ճամբարում լուրջ ճեղքված ու խուճապ կա, տարաձայնություններ կան ընտրված մարտավարության և կասկածներ պայքարի արդյունավետության հետ կապված, ուղղակի այս մարդիկ իրենց համար նահանջի ոչ մի արահետ չեն թողել և ինչպես `ՔՊ-ականները, իրենք էլ կենաց մահու կռիվ են տալիս: Կամ կպահեն Նիկոլի իշխանությունն ու գահընկեց կանեն կաթողիկոսին, կամ կհաղթեն հայերն ու քրիստոնյաները և իշխանափոխության արդյունքում իրենք էլ կհեռանան ՔՊ-ի հետ:
Արեգ Մարգարյան