«Ռենշին» ընկերության՝ 10 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են
Ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող և մինչ օրս շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում իրականացրած «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունն ամփոփել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի իր առաջին թողարկման արդյունքները։ Ընկերությունը հայտարարում է, որ դրամային ու դոլարային պարտատոմսերի բոլոր 3 սերիաները, 10 միլիարդ ՀՀ դրամ ամբողջությամբ, հաջողությամբ և ամբողջությամբ տեղաբաշխվել են: Տեղաբաշխողն է Ամերիաբանկը։
Քաղաքաշինության ոլորտում սա առաջին մեծ ֆանդինգներից (ֆինանսավորման ներգրավում) և խոշորագույն տեղաբաշխումներից մեկն է, որը վկայում է ընկերության և դրա ծրագրերի հանդեպ շուկայի ու ներդրողների անվերապահ վստահության մասին։
«Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը, - նշում է «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։ - Որպես ոլորտի առաջատար՝ մենք կարևորում ենք երկրում այլընտրանքային ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ Տեղական կապիտալի շուկան դառնում է ավելի հասուն, և «Ռենշինը» հպարտ է այս էկոհամակարգի առաջամարտիկներից լինելու համար»։
Ի տարբերություն բազմաթիվ այլ ֆինանսական գործիքների՝ այս պարտատոմսերով ներգրավված միջոցներն ունեն շոշափելի հասցե. դրանք ուղղվում են քաղաքի դեմքը փոխող այնպիսի մեգանախագծերին, որոնք ընկերությունն իրականացնում է միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ։
«Մեր առաջին քայլը կապիտալի շուկայում գերազանցեց մեր սպասելիքները. բոլոր սերիաներն ամբողջությամբ իրացվել են: Սա մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ և համարձակ նախագծեր իրականացնել, որոնք արդեն մշակում ենք, - ընդգծում է Քրիստինե Չիչյանը։ - Այս հաջողությունը համատեղ աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ֆինանսական գործընկերներին և, ամենակարևորը, մեր ներդրողներին՝ այս պատմական փուլը մեզ հետ կիսելու համար»։
Չիչյանի խոսքով՝ տեղաբաշխման հաջող ավարտից հետո «Ռենշին» ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք ազատորեն գնել կամ վաճառել երկրորդային շուկայում: