Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական հաշվետվությունն էր Ադրբեջանին

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական հաշվետվությունն էր Ադրբեջանին

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր․«ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո, «լուրջ մտահոգություններ են առաջացնում մի շարք հարցեր առաջնահերթությունների շարքում ներառելու հետ կապված, որոնք խեղաթյուրում են հետհակամարտական շրջանի իրականությունը և, ընդհանուր առմամբ, հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության այս հայտարարությանը.«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին: Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահայտված աջակցության՝ ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։ 

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը կարծում էր, որ արձագանք առհասարակ չի լինելու, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների վերջին ժամանակահատվածի քաղաքականությունը, այսպես կոչված, խաղաղության օրակարգն ամեն գնով առաջ մղելու միտումը: «Հաշվի առնելով նաև Ազգային Ժողովի նախագահի կարծիքը, որ ինքը չի կարող այս պահին մեկնաբանել: Խորքում տպավորություն էր, որ արտաքին գործերի նախարարությունը ոչ թե փորձում է հակադարձել Ադրբեջանին, այլ ընդամենը փորձում է հաշվետվություն ներկայացնել, թե ինչի մասին է Հայաստանի և Եվրամիության միջև այս համաձայնագիրը: Ընդ որում, սա ավելի շատ հարցեր առաջացնող մեկնաբանություն կամ արձագանք էր, քան պատասխաններ տվող, որովհետև մենք խորքում գործ ունենք Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը երրորդ կողմերի միջամտելու փորձի հետ, մի բան, որը ես կարծում եմ, չափազանց վատ նախադեպ ստեղծող է՝ հաշվի առնելով նաև ադրբեջանական վարքագիծը և ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ` առ այն, որ Ադրբեջանը պատկերացնում է, որ Հայաստանը իր գեոպոլիտիկ կցորդն է տարածաշրջանում և պիտի սպասարկի Ադրբեջանի գեոպոլիտիկ շահերը»,-ասաց Պողոսյանը: 

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը կարծես թե հաշվետվություն էր Ադրբեջանին: Սա ադրբեջանական ռազմավարության շարունակությունն է, որով փորձում է այսպիսի նախադեպերով շարունակել այս գիծը: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանում շատ ավելի լավ գիտեն այս փաստաթղթի բովանդակությունը, քան Հայաստանի հասարակությունն ու լրատվամիջոցները: Իմ խորին համոզմամբ փորձ էր ներկայացնելու, որ մեր խնդիրը սա էր, այսինքն, հաշվետվություն` մեծ հաշվով»,- նկատում է քաղաքագետը: 

Այն, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է ուղղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փորձում է ՀՀ արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել իր ռեգիոնալ և գեոպոլիտիկ շահերին, մենք պարբերաբար ականատես ենք լինում եւ դեռ լինելու ենք այսպիսի դիվանագիտական դեմարշների Ադրբեջանի կողմից: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը նկատում է. «Հայաստանի ԱԳՆ արձագանքն այլ բան չէ, քան պարզապես արդարացում: Երեւանն արդարանում է, թե ԵՄ-ն աջակցում է ինքնիշխանությանը, իսկ դա խաղաղության շահից է բխում: Եթե թարգմանենք` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Եվրամիությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերում պաշտոնական Երեւանին՝ առաջիկա ընտրական պրոցեսին ընդառաջ, իսկ դա էլ նշանակում է, որ «խաղաղության» ներկայիս գիծը կշարունակվի, հետեւաբար կշարունակվի այն քաղաքականությունը, որ կիրառվում է Ադրբեջանի պահանջների հանդեպ, այսինքն՝ լոյալությունը»,-գրում է Բադալյանը: 
Քաղաքագետը նկատում է, որ Եվրամիությունը փորձում է Հայաստանի հետ ռազմավարական նոր օրակարգ համարվող փաստաթղթի միջոցով ավելացնել իր ազդեցությունը ռեգիոնում, իսկ Ադրբեջանն էլ այդ հանգամանքից ելնելով փորձում է այդ նպատակի համար գանձել իր «մաքսատուրքը»՝ Երեւանի հանդեպ պահանջների հարցում ԵՄ լոյալության տեսքով: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image