Քաղաքականություն

Պարոն Փաշինյան, իշխանությո՞ւն եք մուրում Ալիևից

Պարոն Փաշինյան, իշխանությո՞ւն եք մուրում Ալիևից

«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցածն առավել ինստիտուցիոնալ և ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյուքնում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն Սամանադիրի, այսինքն ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այն նույն Փաշինյանը, որ դրանից առաջ գանգատվում էր Ալիևից, թե վերջինս «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն է օգտագործում «Թրամփի ուղու» փոխարեն: «Զանգեզուրի միջանցք»-ը, հասկանում ես, դժգոհություն է ծնում մեր ժողովրդի մեջ և տարածքային ամբողջականության խաթարումի ասոցիացիաներ առաջացնում: Իր արևին՝ Ալիևին շշպռել է, էլի: Բայց մեկը հարցնի՝ քո ի՞նչ գործն է, թե ինչպես կանվանեն միջանցքը՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ուղի», «Ուղտի արահետ», տվել, վերջացրել ես, էլ ինչո՞ւ կամ ի՞նչ իրավունքով ես ոտքի տակ ընկնում: Թրամփը որ չի նեղանում իր անվամբ կոչված ճանապարհը «Զանգեզուրի միջանցք» անվանելուց, դո՞ւ ինչու ես նեղանում: Չէ, առհասարակ, ի՞նչ կապ ունես դու դրա հետ: Քո ուզածը խաղաղությունն է՝ ստացել ես: Հիմա եկել, ՄԱԿ-ի ամբիոնը ջարդում ես, որ ի՞նչ անես: Հա՜ա՜ա՜, երևի Հայաստանի սուվերեն տարածքի բազար ես անում: Բա քեզ նման ջոմարդ տղեն, որ ամեն ինչ տալիս է, Ալիևի ամեն քմահաճույք կատարում, մի ճանապարհի համար կռիվ կանի՞: Բա մեզ Մեղրիի նման դժբախտ ու դժգույն սահման պե՞տք ա…
Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ ես բողոքում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունից, եթե հաջորդիվ պետք է խոստանաս, որ կատարելու ես Ալիևի հերթական պահանջը՝ փոխել ՀՀ սահմանադրությունը, այն կտրել Անկախության հռչակագրից ու դարձնել արևմտյան ադրբեջանի կանոնադրություն: Ես տրամաբանություն չեմ տոսնում քո երկու հայտարարությունների միջև ու, մանավանդ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է համ դժգոհել մեկից, համ նրան նորանոր խոստումներ տալ: Թեկուզ հանուն խաղաղության չեմ հասկանում: Սա ի՞նչ է, եթե ոչ խոստում. «Առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար»: Մի հատ էլ որ ասես՝ «Հոյս արև», ամեն ինչ տեղը կընկնի: Սա էն ծույլիկ աշակերտի և ուսուցչի պատմությունն է հիշեցնում:
-Այ տղա, ինչո՞ւ տնային հանձնարարությունդ չես կատարել:
-Կկատարեմ, անպայման կկատարեմ, միայն թե ինձ ժամանակ տվեք…
Ժամանակն էլ 26 թվի խորհրդարանական ընտրություններն են, որտեղ, եթե հաղթի, Սահմանադրությունը կփոխի:
-Իսկ եթե չհաղթե՞ս,- հնարավոր է՝ հարցնի Ալիևը:
-Դա արդեն քո պրոբլեմն ա, հարգելի գործընկեր,- կպատասխանի մեր վարչապետն ու մատնացույց կանի նախկիններին ու ռևանշիստներին,- ես չմնամ աթոռիս՝ նրանք են գալու:
Ահա, այսպիսի հզոր վարչապետ ունենք: Նա նույնիսկ հարկ չի համարում ՄԱԿ-ի ամբիոնից պահանջել, որ վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին, որ Թուրքիան՝ Ադրբեջանի մեծ եղբայրն ու ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, բացի սահմանը դեպի ՆԱՏՕ գնացող Հայաստանի առաջ: Նրա փոխարեն մեկ ուրիշը կվերցներ ու WhatsApp-ով կզանգեր Թրամփին (համարը չունի՞), ողբ կդներ, կխնդրեր օգնել, բայց մեր վարչապետը, մենք դա տեսանք, նախընտրում է միայնակ լուծել հարցերը Ալիևի հետ՝ օգնիր ինձ վերընտրվել, և ես կկատարեմ ՀՀ Սահմանադրությունը փոխելու քո ցանկությունը: Հա, մի քիչ էլ քիչ օգտագործիր էդ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, մեր ընտրողներն «իժոգա» են ընկնում դրանից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image