Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ ոչ միայն առաջատարն է, այլեւ առայժմ միակն ու անկրկնելին

Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ ոչ միայն առաջատարն է, այլեւ առայժմ միակն ու անկրկնելին

Ինձ ծանոթ իրավաբանին խնդրեցի պատասխանել․ «Ընտրարշավի ընթացքում իրավական ինչ «շեղումներ, զեղումներ, խեղումներ» է նկատել։ Գաղտնալսումների մասին ի՞նչ կասի»։ Նա սիրով պատասխանեց հարցերիս, բայց վերջում խնդրեց անունը չհրապարակել: Մարդիկ տարօրինակ վախեր ունեն, բայց մենք ստիպված ենք ընդառաջել այդ խնդրանքին:

Ներկայացնում ենք մեր զրուցակցի խոսքը։

«Գաղտնալսելու իրավունք ոչ միայն չունեն, այլեւ օրենքով սահմանված կարգից ու ձեւակերպումներից դուրս իրականացված գաղտնալսումը քրեորեն հետապնդելի, այսինքն՝ օրենքով արգելված արարք է։ Գաղտնալսում կարող է կատարվել միայն քրեական վարույթի (քրեական գործի) շրջանակում եւ բացառապես այն դեպքում, երբ առկա է դատարանի որոշում տվյալ անձի (անձանց) խոսակցությունները, այդ թվում՝ հեռախոսային, գաղտնալսելու թույլտվության մասին։ Առանց դատարանի համապատասխան որոշման իրականացված գաղտնալսումը որեւէ իրավական ուժ չունի, դրա արդյունքում ձեռք բերված տվյալները չեն կարող ապացույց համարվել կամ դրվել ապացույցների հիմքում։ Ավելին, նման գաղտնալսումն ինքնին քրեորեն հետապնդելի արարք է։ Ասածս, իհարկե, վերաբերում է օրենքի եւ իրավունքի գերակայությունը քիչ թե շատ ընդունող, հարգող ու պահպանող երկրներին։ Եթե երկրի վարչապետը շրջափակում է դատարանները, կաթվածահար է անում դրանց գործունեությունը եւ հայտարարում. «Հայաստանում կա՞ մի դատավոր, որն իմ ասածը չանի», իսկ դրան, բացառությամբ եզակի մի դատավորի (Ալեքսանդր Ազարյան), որեւէ բացասական արձագանք չի հետեւում, նման երկրի իրավական համակարգից կամ իրավական մարմինների գործունեությունից ի՞նչ սպասես։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Թեւանյանի կողմից, ոչ ավել, ոչ պակաս, այսպես կոչված՝ «դավաճանություն» կատարած լինելուն, ապա նույնիսկ իմ մասնագիտական պատվից ցածր եմ համարում դրա քննարկումը։ Միայն նշեմ, որ այնտեղ երկու զավեշտ միաժամանակ մեկտեղված է, ինչը քիչ դեպքերում է լինում։ Առաջին. այդ ինչպես, ինչ խողովակներով ու միջոցներով, ինչկերպ եւ ինչու հատկապես այդ «դավաճանության փաստն» առաջինը հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանին։ Նա ՀՀ իրավապահ որեւէ մարմնում որեւէ պաշտոն չի զբաղեցնում։ Եվ ինչու, ինչ նպատակով այդ փաստը հայտնեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ փաստից կարելի է անել միայն մեկ եզրակացություն. Նիկոլն է որոշում, թե կոնկրետ որ անձի որ արարքն է համարվում հանցագործություն, այդ թվում՝ որ արարքը՝ դավաճանություն, որ դեպքում ինչ վարույթ պետք է հարուցել, որ մարմնի կողմից եւ ինչպիսի շոու կազմակերպել։ Իսկ ՀՀ իրավապահ մարմինները, առանց բացառության, հեզաբարո կատարում են տրված ցուցումներն ու հանձնարարությունները՝ քաջ գիտակցելով, որ տվյալ վարույթը (քրեական գործը) վաղ թե ուշ կարճվելու է, երբ իրականացված շոուի անհրաժեշտությունը վերացած լինի։ Այս խեղկատակությունն ավելի է զավեշտալի դառնում, երբ «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանին ձեռնաշղթաներով դիմավորում ու ձերբակալում են հատուկ ծառայությունների դիմակավորված անձինք։ Դրա նպատակը ոչ միայն իրենց գործողություններին խորհրդավոր տեսք հաղորդելն է (իմ շուրջ 40-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նման կերպ վարվել ենք բացառապես զինված բանդաներ կամ ավազակախմբեր վնասազերծելիս), այլեւ հասարակության ցասումից ու արհամարհանքից թաքնվելը, չճանաչվելը։ Երկրորդ զավեշտն այն է, որ ԱԺ փակ (բայց ոչ գաղտնի) նիստում տվյալ հարցի քննարկման ժամանակ Անդրանիկ Թեւանյանը չի մասնակցել նիստին, ավելին, ԱԺ այդ փակ նիստի, այսպես կոչված, «պետական գաղտնիք պարունակող» քննարկումն ու ընդունված որոշումը տեղադրված են ՀՀ ԱԺ կայքում։ Բայց այս ամենը գրոշի արժեք չունի․ եթե ի վերուստ որոշված է, որ Անդրանիկ Թեւանյանը «դավաճանություն» է կատարել, եւ վարույթն իրականացնող քննիչը դա կատարում է, ինչպես պարտավոր է կատարել իր նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի գրավոր ցուցումները։

Իսկ ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործվող բառապաշարին ու դրա թույլատրելիությանը, ապա դրանք վաղուց անցել են թույլատրելիության սահմանները։ Եթե գործող վարչապետը ԱԺ նիստում ասում է. «Պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», կամ նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրախոսով, ի լուր հասարակության, հայտարարում է. «ձեռքները կտրելու եւ մտցնելու եմ իրենց համապատասխան տեղերը», «եթե որեւէ մեկն Արցախի հարցը բարձրացնի, անձամբ ինձ հետ գործ կունենա», «օրինակ, դուք ինչո՞ւ չեք զոհվել» եւ այլն, եւ այլն, էլ ի՞նչ թույլատրելի կամ անթույլատրելի բառապաշարի մասին կարելի է խոսել։ Կան նաեւ ավելի կոշտ արտահայտություններ, որոնք թերթում վերաշարադրելն աննպատակահարմար եմ համարում։ Ի դեպ, թույլատրելի բառապաշարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում՝ ընդհանրապես, եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հատկապես, խաղի կանոնները թելադրում է իշխանությունը։ Մեր ներկայիս իրականության մեջ այդ ամբողջը ձեւավորվում ու առաջ է ընթանում իշխանության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի թելադրած կանոններով՝ դրանից բխող բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետեւանքներով։

Հմուտ մանիպուլյատորի, շուրջօրյա եւ շարունակական ստախոսության, հարազատներին միմյանց դեմ լարելու, համախոհներին գժտեցնելու գործում կատարելագործված լինելու առումով Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ ոչ միայն առաջատար է, այլեւ՝ առայժմ միակը, եզակին ու անկրկնելին։ Վերջին ութ տարիների ընթացքում Նիկոլի հնարած ու արտաբերած ստերի եւ մանիպուլյացիաների 5 տոկոսը եթե 3-րդ Ռեյխի մեծ գաղափարախոս ու Ադոլֆ Հիտլերի հավատարիմ զինակից Գեբելսն ասած ու արած լիներ, նա հաստատ ամոթից գետինը մտած կլիներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image