Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրավաբանության դոկտոր Գագիկ Ղազինյանի հետ
- Սամվել Կարապետյանի՝ վարչապետ դառնալու հարցի լուծումը ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունն է՝ խորհրդարանի 2/3-ի միջոցով, որի մասին հայտարարվեց նախօրեին, եւ որին հաջորդեց իշխանականների բուռն արձագանքը, թե ինչպես կարող եք մեկ մարդու համար Սահմանադրությունը փոխել, Սահմանադրությունը չեք կարող ձեր հագով կարել եւ այլն։ Եվ սա ասում է մի իշխանություն, որի ժամանակ մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից զրկելու համար խորհրդարանում սահմանադրական դրույթ փոխեցին, ինչի իրավունքը չունեին, մի իշխանություն, որն ամեն օր օրենք ու Սահմանադրություն է ոտնահարում։ Դուք մասնակցել եք 2015 թվականին գրված Սահմանադրության մշակման աշխատանքներին, այդ հոդվածը փոխելու խնդիր կա՞։
- Գիտեք, կարիք չկա հիշելու, հիշեցնելու, թե որքան սահմանադրական նորմեր ու օրենքներ են խախտել այս իշխանությունները, դրա մասին բոլորն անգիր գիտեն` ժամանակի ավելորդ ծախս կհամարեմ։ Իրենց մոտ կա հետեւյալ դիրքորոշումը՝ նպատակ, որին հասնելու ճանապարհին որեւէ արգելք՝ օրենսդրական, սահմանադրական, բարոյական, իրավական, գոյություն չունի։ Իսկ մեկ մարդու համար այս իշխանության ժամանակ շատ-շատ է օրենք ու Սահմանադրություն փոխվել՝ ե՛ւ ընդդեմ, ե՛ւ հանուն: Իսկ եթե իշխանությունը դեմ է նման զարգացմանը, ապա թող բարի լինի՝ իրեն այնպես դրսեւորի եւ ստանա այն ընտրազանգվածը, որ չկարողանան խորհրդարանում 2/3 ապահովել, իրենք էլ արգելակեն ու թույլ չտան նման փոփոխություն։ Ի վերջո, ինչո՞ւ է Սահմանադրությունը նախատեսել Սահմանադրությունը ե՛ւ հանրաքվեով, ե՛ւ խորհրդարանով փոխելու տարբերակներ, որովհետեւ նման դեպքերում օբյեկտիվ անհրաժեշտություն է ծագում, անընդհատ հանրաքվե չեն անում, չէ՞։ Առաջ մեր Սահմանադրությունն ամենակարծրերից մեկն էր, ցանկացած հարց կարող էր փոխվել միայն հանրաքվեով, որը սխալ էր, որովհետեւ կյանքն այնքան դինամիկ է զարգանում, որ ամեն պահի կարող է նման կարիք առաջանալ, ուստի ես համաձայն եմ Սահմանադրության այս մոտեցման հետ։ Եթե կհիշեք՝ ես ի սկզբանե դեմ էի կառավարման խորհրդարանական մոդելին, եւ կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, մեր երկիրը կառավարման այս ձեւի համար չէր հասունացել։
- Եվ, ընդհանրապես, արդարացի՞ մոտեցում է, որ Երեւանի քաղաքապետի համար շատ ավելի մեղմ է Սահմանադրությունը վերաբերվում, հնարավոր է ամիսներ, անգամ օրեր առաջ մարդը հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից եւ դառնա քաղաքապետի թեկնածու, իսկ վարչապետի պարագայում 4 տարվա մշտական բնակության եւ 4 տարվա միայն ՀՀ քաղաքացիության ցենզ է սահմանում։
- Ես չեմ ուզում շատ խորանալ իրավական նրբերանգների մեջ․ այստեղ կարգավիճակի խնդիր կա՝ պետություն, քաղաք եւ այլն։ Ես չեմ էլ պնդի՝ ճիշտ է դա, թե սխալ, հատկապես որ, եթե հիշում եք, ես դատաիրավական ոլորտի բարեփոխումներին էի մասնակցում։ Պետք է ընդունել, որ ցանկացած օրենք կատարյալ չէ, կարեւորը դրա կիրառելիությունն է։
- Կան պնդումներ, որ եթե օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչների համար Սահմանադրությունը նույն պահանջն է սահմանում, այդ դեպքում ինչո՞ւ է, ըստ Ձեզ, իրավունք տրվել, որ 148-րդ հոդվածը` կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին առնչվող, ԱԺ-ով փոխվի։ Ասում են՝ չի կարելի փոխել։
- Ես վաղուց մոտեցում եմ որդեգրել, որ հիմարություններ չեմ մեկնաբանում, եւ օրենքը քանի դեռ չի փոխվել, ենթակա է կատարման, նույնիսկ այն դեպքում, երբ մեկի դուրը չի գալիս։ Այս դեպքում, երբ հակադրում ենք իրենց գործելաոճին, երբ գործող օրենքներն են իրենք ոտնահարում, անգամ ավելորդ է անդրադառնալ այդ պնդումներին։ Մենք այնքան ենք իջեցրել նշաձողը, որ ցանկացած մեկը կարող է իրեն հաճելի ձեւով մեկնաբանել կամ ժխտել որեւէ իրավակարգավորման հիմնավորվածությունը։ Չի կարելի, ամեն մեկը թող իր գործով զբաղվի։ Ինչ-որ հիմքեր կան, չէ՞, որքան էլ ասեմ, որ դեմ եմ եղել մոդելին, բայց երկու տարի աշխատել են, չէ՞, այդ Սահմանադրության վրա, Վենետիկի հանձնաժողովն է նայել։
- Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչն է հիմք ընդունվել, որ 148-րդ հոդվածը թողնվել է խորհրդարանի փոփոխությանը։
- Որովհետեւ հաշվի են առնվել նման իրավիճակներ, օրինակ, Վրաստանի օրինակը, հիշում եք, որ երբ Սալոմե Զուրաբիշվիլին դառնում էր երկրի նախագահ, միաժամանակ Ֆրանսիայի քաղաքացիություն էլ ուներ․ գուցե նման իրավիճակային պահերի համար է ընտրվել։