Փաշինյանը որոշել է Հայաստանը ներքաշել մի նոր ավանտյուրայի մեջ, նրա իշխանությունը միացել է հակաթրամփյան կոալիցիային, որի նպատակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկությանը հասնելն է: Ամերիկյան քաղաքացիություն ունեցող, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի սոցցանցի իր օգտահաշվում տեղադրված տեսանյութը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ տեսանյութը դեսպան Մկրտչյանը նկարել է նախագահ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո անձնական նստավայրից, եւ տեսանյութում ՀՀ դեսպանը նախ ցուցադրում է Դոնալդ Թրամփի առանձնատան պատին կախված ռուսական ցար Պետրոս 1-ինի դիմանկարը, եւ որ տեսանյութը դեսպանը ձեւավորել է երգիչ Թիմոթի Ուիլյամսի 2025-ին թողարկված The Mar-A-Lago Shuffle երգով, որը պարունակում է ծայրահեղ ծաղր եւ վիրավորանքների շարան` ուղղված նախագահ Դոնալդ Թրամփին: Քաղաքագետ Մարտիրոսյանը տեղի ունեցածի վերաբերյալ իր բացատրություններն ունի` դեսպանի մոտ խելքի բացակայություն կամ դիվանագիտության նրբություններին չտիրապետելը, բայց մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը շատ լավ հաշվարկված եւ գիտակցված ակցիա է, համաձայնեցված պաշտոնական Երեւանի` Փաշինյանի հետ:
Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի նահանջն էապես խարխլել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքերը: Տեսակետ կա, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարձակումը հրահրվեց հենց այդ նպատակով` ԱՄՆ-ն ներքաշել անհեռանկար պատերազմի մեջ, որում հաղթել հնարավոր չէ, դրա միջոցով Թրամփի հեղինակությանը հասցնել այնպիսի վնաս, որ նա չկարողանա պահել իր իշխանությունը: ԱՄՆ-ում լիբերալ գլոբալիստները` Դեմոկրատական կուսակցության տեսքով, ձգտում են ռեւանշի, որը կարող է տեղի ունենալ ինչպես Թրամփին իմպիչմենտ հայտնելու, իսկ եթե դա չստացվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների ժամանակ, եթե հանրապետականներն այդ ընտրություններում պարտություն կրեն, Թրամփի իշխանության հարցը կարելի կլինի համարել լուծված:
Եվրոպայում եւս իշխանությունը մեծամասամբ գտնվում է լիբերալ գլոբալիստների ձեռքում. ընդամենը մեկ-երկու երկիր` Հունգարիա, Սլովակիա, որ չեն ձայնակցում Բրյուսելի գլոբալիստական երգչախմբին: Եվրոպական երկրները որեւէ օգնություն ցույց չտվեցին ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ պատերազմում, ինչը Դոնալդ Թրամփին ստիպում է խոսել այդ կառույցի անգործունակության եւ ԱՄՆ-ի համար անօգտակարության մասին: Թրամփը նույնիսկ հայտարարում է այդ կառույցը լքելու ԱՄՆ մտադրության մասին: Միայն թե նա կարող է չհասցնել դա անել:
Ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որը եւս ԱՄՆ-Եվրոպա դիմակայության մի դրվագ է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնհայտորեն պաշտպանում է գործող վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածությունը: «Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առեւտուրը խթանելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու օրենքը եւ կարգուկանոնը պահպանելու համար: Ես լիովին եւ անվերապահորեն աջակցում եմ նրա վերընտրությանը՝ որպես Հունգարիայի վարչապետ»,- ասել է Թրամփը: Դրան հակառակ, ԵՄ բազմաթիվ երկրներ, ինչպես նաեւ՝ բրյուսելյան եվրաչինովնիկները, ակնհայտորեն պայքարում են Հուգարիայում իշխանափոխության հասնելու համար, քանի որ Օրբանն իր քվեարկություններով, վետոներով խոչընդոտում է համաեվրոպական տարբեր ծրագրերի իրականացմանը, պահանջում է դադարեցնել Ռուսաստանի դեմ կիրառվող էներգետիկ պատժամիջոցները, դեմ է Ուկրաինային 90 միլիարդի վարկային միջոցներ տրամադրելու ծրագրին, որը կարեւոր պայման է՝ պատերազմը շարունակելու համար: Եթե Վիկտոր Օրբանը պարտվի, դա եւս մեկ ծանր հարված կլինի Դոնալդ Թրամփի առանց այն էլ նվազող հեղինակությանը, ցույց տալով, որ նրա աջակցությունը որեւէ արժեք չունի, եւ այդ աջակցությունը ընտրություններում հաղթելու համար ոչ թե օգնող, այլ խոչընդոտող հանգամանք է:
Փաշինյանը եւս ընտրության առաջ է, ոչ միայն հունիսի 6-ին նշանակված խորհրդարանական, այլեւ պահպանողական Թրամփի եւ լիբերալ գլոբալիստական եվրաչինովնիկության միջեւ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն իր հրապարակած տեսանյութով ազդակ է ուղարկում, որ փաշինյանական ռեժիմը եւս միանում է հակաթրամփյան կոալիցիային, որ իրենք եւս Դոնալդ Թրամփին համարում են ռուսական դրածո` ռուսական ցար Պյոտր 1-ի դիմանկարի ցուցադրությունը դրա մասին է, իսկ Թրամփի հասցեին վիրավորանքներ պարունակող Թիմոթի Ուիլյամսի The Mar-A-Lago Shuffle երգը՝ նրա հեղինակազրկված լինելու: Փաշինյանն առաջնորդվում է բրիտանական հայտնի ձեւակերպմամբ, թե չկան մշտական դաշնակիցներ եւ թշնամիներ, կան մշտական շահեր, շահ ասելով նկատի է առնվում ոչ թե երկրի, այլ անձնական, իշխանական շահը: Փաշինյանի միանալն այդ կոալիցիային, դրան ոչնչով չի ուժեղացնում, բայց այստեղ կարեւորը դիրքորոշում ունենալը եւ այն ցուցադրելն է