Հասարակություն

Հումանիտար օգնություն՝ «արցախահայությանը համոզելու» նպատակո՞վ

Հումանիտար օգնություն՝ «արցախահայությանը համոզելու» նպատակո՞վ

Ինչ էլ ասվի պաշտոնական լրահոսում, սակայն խիստ տարօրինակ է այն, որ ամիսներ շարունակ պաշարված վիճակում գտնվող Արցախին միայն երեկ Հայաստանի իշխանությունները որոշեցին հումանիտար օգնություն հատկացնել եւ արագորեն կազմակերպեցին դա, ու հիմա մոտ 400 տոննա օգնությունը հասել է Հակարիի կամուրջ եւ սպասում է Արցախի մուտքի մոտ՝ ռուս խաղաղապահների գործողություններին։ Հնչող հարցերը, թե ինչու հիմա եւ ոչ, ասենք, մի քանի օր, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս առաջ, լիովին հիմնավոր են։ Ու որքան էլ գուցե դավադրապաշտական հնչի, սակայն, այնուամենայնիվ, ուշագրավ է այն, որ դա տեղի է ունենում Լավրով-Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Այն դեպքում, երբ Լավրովի հայտարարության մեջ կար մի բավականին հետաքրքիր կետ, որը ոչ մի դեպքում աչքաթող անել չի կարելի։

Խոսքը հետեւյալի մասին է․ «Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանինը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։ Ասել կուզի՝ հայկական կողմը փակ դռների ետեւում ռուս եւ ադրբեջանցի գործընկերներին հավատացնում է, որ ինքը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին համոզելու համար, որ սկսեն բանակցությունները եւ հաշտվեն Ադրբեջանի հետ ինտեգրվելու մտքի հետ, բայց այդ համառ արցախցիները դիմադրում են՝ մենք ի՞նչ անենք։ Անգամ պատերազմը, բլոկադան, սովը, զրկանքները, Արցախից դուրս գալ չկարողանալու փաստը դրանց վրա չեն ազդում։ Այսինքն՝ Լավրովն ասաց այն, ինչ մեր իշխանությունները թաքցնում են՝ երկակի խաղ խաղալով․ կառավարության նիստում կոկորդիլոսի արցունքներ է թափում մարդամեկը, իսկ եռակողմ հանդիպումների ժամանակ ինքն ու իր արտգործնախարարը լիովին պաշտպանում են ադրբեջանական դիրքորոշումը։

Հիմա, փաստորեն, որոշել են հումանիտար օգնությամբ հարցի լուծումը տեղից շարժել։ Հնարավոր է, որ ի վերջո օգնությունը տեղ հասնի եւ ինչ-որ կերպ թոթափի արցախահայության վիճակը։ Սակայն դա լինի, այսպես ասած, հերթական օղակը՝ Լավրովի խոսքում հնչած՝ «արցախահայությանը համոզելու» շղթայի։ Ու եթե իրավիճակին այս տեսանկյունից նայենք, ապա պատահական չի կարող լինել նաեւ այն, որ Արցախի իշխանությունը Հայաստանի օրինակով որոշել է ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումները զգալիորեն խստացնել, որպեսզի, պատկերավոր ասած, «եթե Երեւանին հաջողվի ամեն դեպքում համոզել Ստեփանակերտին», Լավրովի ասածի նման՝ Բաքվի հետ երկխոսելու, ապա տեղում ընդվզում չառաջանա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image