Քաղաքականություն

Ունիկալ՝ խիստ հազվագյուտ, բացառիկ արժեք ներկայացնող

Ունիկալ՝ խիստ հազվագյուտ, բացառիկ արժեք ներկայացնող

Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում ՀՀ վարչապետից բացի եւս երկու ղեկավարի անուն տվեց նույն շարքից՝ Սահակաշվիլի եւ Զելենսկի: Սրանք այն խելագարներն են, որոնք, գալով իշխանության, համապատասխանաբար՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանն ինքնիշխան երկրներից դարձրին կախյալ գոյացություններ: Ամեն ինչ չափից ավելի ակնհայտ է: Ուշադիր նայենք հետխորհրդային քարտեզին: ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանն են այն երկրները, որոնք ունեցան պատերազմներ, մարդկային եւ տարածքային կորուստներ: Մյուսներին առայժմ ոչ մի գրող չի կպել, եթե չասենք, որ հասցրել են հետխորհրդային ժամանակահատվածում բավականին զարգանալ եւ ամրապնդել իրենց սուվերենությունը միջազգային ասպարեզում: Մերձբալթյան հանրապետությունների մասին չեմ խոսում, որովհետեւ նրանց խնդիրները լուծվեցին միանգամայն այլ գործընթացներով եւ միանգամայն այլ հանգամանքներում:

Մեզ հետաքրքրող հարցը հետեւյալն է․ ինչո՞ւ Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը ստացան պատերազմ եւ կրեցին մարդկային ու տարածքային կորուստներ, եթե կարելի էր այդ ամենից խուսափել: Ինչպե՞ս… Շատ պարզ՝ Ռուսաստանի հետ երկխոսելով: Դուք երբեւէ լսած կա՞ք, որ Ռուսաստանը Սահակաշվիլուց պահանջած լինի Հարավային Օսիան եւ Աբխազիան: ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսներն այդ ե՞րբ էին Ուկրաինայի իշխանությունների առջեւ Ղրիմի եւ Դոնբասի հարց դրել: Հիշեք, թե ինչպես էր Ռուսաստանը ԽՍՀՄ սեւծովյան նավատորմը կիսում Ուկրաինայի հետ: Վա՞տ էր: Հիշեք, թե ինչպես էր ծաղկում Ուկրաինան, քանի դեռ հանդիսանում էր ռուսական գազի՝ Եվրոպա արտահանման հիմնական տրանզիտային երկիրը… Չէ, պետք էր բզբզել, քանդել Ռուսաստանի հետ կապերը, դառնալ էշ նահատակ՝ հանուն արեւմտյան տերերի հակառուսական նկրտումների: Արեւմուտքի հետ այդ ի՞նչ տնտեսական հրաշքներ էին ուզում գործել Վրաստանն ու Ուկրաինան… Ռուսաստանի շուկա՞ն էր նրանց համար փոքր, թե՞ ողջ ԱՊՀ-ի: Եվ հիմա, երբ իրենք չկան ո՛չ արեւմտյան շուկաներում, ո՛չ ԵԱՏՄ-ի, ինչի՞ են հասել, ի՞նչ «հաջողություններ» են արձանագրել՝ կորուստներից բացի: Դուք որեւէ գերմանացու գիտե՞ք, որ վրացական կամ ուկրաինական ապրանքները գերադասում է գերմանական ապրանքներից: Բա եթե նույնիսկ դրան չէին հասնելու, ինչո՞ւ Սահակաշվիլին եւ Զելենսկին նման զուլում բերեցին իրենց երկրների եւ ժողովրդի գլխին: Պատասխանը մեկն է՝ Սահակաշվիլին եւ Զելենսկին Արեւմուտքի դրածոներն են՝ հար եւ նման մեկը մյուսին:

Այս շարքի երրորդ արկածախնդիրը Հայաստանի ներկա վարչապետն է: Նրան շատերն են դնում Սահակաշվիլու եւ Զելենսկու կողքին, բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանը հետխորհրդային այն երկիրն էր, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող որեւէ խնդիր ունենալ Ռուսաստանի հետ… Ո՛չ ընդհանուր սահման, ո՛չ ռուսական գազի ճանապարհը փակելու հնարավորություն… Ագրարային երկիր էր՝ Շվեյցարիա դառնալու բոլոր հնարավորություններով: Ավելին ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միակ իրավաբանական սուբյեկտն էր, որ ԽՍՀՄ-ից անջատվելուց հետո դե ֆակտո միացել էր Հայաստանի Հանրապետությանը՝ մոտ 50 տոկոսով ընդլայնելով ՀՀ տարածքը: Այսինքն, ՀՀ վարչապետը Սահակաշվիլուց եւ Զելենսկուց մի 10-ն անգամ «խելացի» եւ «հունարով» պետք է լիներ, որ կարողանար այնքան բզբզել հակառուսական խաղաթուղթը, որ թաթալոշ ստանար Բաքվից:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է արել: Նրա արեւմտյան տերերը, տեսնելով, որ հնարավոր չէ Հայաստանին հանել Ռուսաստանի դեմ, ՀՀ վարչապետի անմիջական մասնակցությամբ խաղարկեցին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Արդյունքում՝ Արեւմուտքը հասավ իր մուրազին (Ռուսաստանը թուլացավ Հարավային Կովկասում), Ադրբեջանը՝ իր (հափռեց Արցախի Հանրապետությունը), իսկ Հայաստանը հավասարվեց Վրաստանին եւ Ուկրաինային (պատերազմ, մարդկային եւ տարածքային հսկայական կորուստներ): Պատկերը սա է:

Իսկ հիմա տեսնենք, թե էլ ինչով է ՀՀ վարչապետը տարբերվում Սահակաշվիլուց եւ Զելենսկուց: Այսօր փաստ է, որ երեքն էլ հողատու են, այն է՝ սուվերենության կորուստ են ունեցել: Իսկ ինչպե՞ս են նրանք վերաբերվում այդ փաստին, արդյոք միանմա՞ն են գնահատում դա: Սահակաշվիլին, օրինակ, երբեւէ հայտարարե՞լ է, որ իրենք տվել են Հարավային Օսիան ու Աբխազիան, որպեսզի պահեն Վրաստանը: Ես նման բան բատոնո Սահակաշվիլուց երբեք չեմ լսել: Արժանին մատուցենք Զելենսկուն… Մարդը որոշել է կռվել մինչեւ վերջին ուկրաինացին… Բայց կարող էր, չէ՞, հայտարարել՝ բա մեզ Ղրիմ ու Դոնբաս պե՞տք ա, որ մենք դրանց համար պատերազմենք: Ամերիկացիք տիրացան Ուկրաինայի ընդերքին, ԵՄ-ն պատրաստ է կուլ տալու Արեւմտյան Ուկրաինան, բայց Զելենսկու տանձին չէ, նա շարունակում է հերոսաբար կռվել ռուսական ճակատում ու լավ էլ կռվում է ամեն գետի, ամեն ջրափոսի, ամեն բլրակի, ամեն ածխահորի համար: Մինչդեռ ՀՀ վարչապետը, որ, ի տարբերություն Սահակաշվիլու եւ Զելենսկու, հիրավի ունիկալ երեւույթ է, տեսեք, թե ինչ է մոգոնել: Ասում է. «Ոչ թե Ղարաբաղը մերն էր՝ այլեւս մերը չէ, այլ ՀՀ-ն մերը չէր եւ այլեւս մերն է»: Կներեք, բայց սա արդեն խնդալու չէ: Կարծում եմ, որ ժամանակն է Հայաստանում ոչ թե եվրոպական համաժողովներ գումարել, այլ համաշխարհային հոգեբույժների կոնսիլիում, խորհրդակցություն՝ հիվանդությունն ախտորոշելու եւ նրա բուժման միջոցները որոշելու համար: Մարդը մի կողմից ուղերձ է հղում Հայոց բանակի 34-ամյակի կապակցությամբ, մյուս կողմից՝ հայտարարում, որ մենք Հայաստան չենք ունեցել, եւ իր շնորհիվ է, որ այսօր ունենք: Մնում է «Հայաստանի Հանրապետության հիմնադիր հոր» տիտղոս տալ եւ ուղարկել բուժման:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image