Անցյալ տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձրացված աղմուկը հանգուցալուծվեց ՀԱՊԿ-ում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածության առաջադրմամբ։ Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2020թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մամուլում քանիցս գրվել է Զասի՝ ադրբեջանամետ դիրքորոշման մասին։
Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդեն ընդունել են Ստանիսլավ Զասին։
Ի՞նչ ազդեցություն կունենա ՀԱՊԿ-ում Ստանիսլավ Զասի գործունեությունը Հայաստանի վրա։
Բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Զասն ավելի շատ Ռուսաստանի թեկնածուն է, ոչ թե Բելառուսի։
«Բելառուսը, մանավանդ Ալեքսանդր Լուկաշենկոն, սկզբնական շրջանում, տարբեր առաջարկություններով էր հանդես գալիս՝ փորձելով ամեն ինչ անել, որ Զասը մնա Անվտանգության խորհրդի քարտուղար։ Ռուսները փորձեցին Բելառուսից կտրել- անջատել Զասին, քանի որ նա Բելառուսի տարածքում ռուսական ռազմաքաղաքական ծրագրերի հիմնական խոչընդոտողն էր։ Այսինքն՝ չեզոքացրեցին մի անձնավորության, որն ունի մեծ ազդեցություն Լուկաշենկոյի վրա Բելառուսի ռազմաքաղաքական պրոյեկտավորման վերաբերյալ։ Պետք չէ մոռանալ, որ Զասը նաեւ համարվում է Բելառուս-Չինաստան ռազմավարական գործընկերներից մեկը։ Կամ՝ Զասը խոչընդոտում է ռուսական հրթիռային եւ ավիացիոն բազաների տեղակայումը Բելառուսի տարածքում։ Եվ այս քայլով ՌԴ-ն կտրեց այս ազդեցիկ անձնավորությանը բելառուսական ռազմաքաղաքական գործերից։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ, որ պետք էր ավելի շուտ ընդունել այն իրողությունը, որ Ստանիսլավ Զասն է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եւ ակտիվ աշխատանք սկսել իր հետ ավելի վաղ։ Պետք է հստակ արձանագրել, որ Զասը ռազմավարական մտածելակերպ ունեցող անձնավորություն է, եւ նրա գործունեությունը նպաստեց Բելառուսի ռազմաքաղաքական ամրապնդմանը հետխորհրդային տարածքում այն առումով, որ այդ անձնավորության շնորհիվ Բելառուսն ամրապնդեց իր ռազմաարդյունաբերական համալիրը՝ հնարավորինս պահպանելով մանեւրելու հնարավորությունը եւ չդառնալով ՌԴ-ի գործիքը»,-մեզ հետ զրույցում Զասի գործունեությունը ներկայացրեց Էդուարդ Աբրահամյանը։