Քաղաքականություն

Ինձանից առաջ Վարդան Ղուկասյանը հայտարարություն կանի

Ինձանից առաջ Վարդան Ղուկասյանը հայտարարություն կանի

Մեկ անգամ քվորումի բացակայության պատճառով չկայացած նիստից հետո այսօր՝ հուլիսի 15-ին, վերջապես կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը։ Քվորումն ապահովել էին քաղաքային իշխանությունը կազմող չորս խմբակցությունները․ նիստին մասնակցում էր 18 ավագանու անդամ։ Ի տարբերություն նրանց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր 14 անդամներով, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չէր ներկայացել նիստին։

Օրակարգի առանցքային հարցը 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի հաստատումն էր, որոնց չընդունվելու դեպքում համայնքը կարող էր զրկվել պետական համաֆինանսավորմամբ խոշոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունից։

Ավագանին հաստատեց ավելի քան 7,5 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ երեք խոշոր սուբվենցիոն ծրագիր։ Նախատեսվում է հիմնանորոգել քաղաքի 48 փողոցն ու Ավտոկայանի հրապարակը, վերակառուցել Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի շենքը և կառուցել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաշենքը։ Ծրագրերի շուրջ 60 տոկոսը՝ մոտ 4,5 միլիարդ դրամը, կհատկացվի համայնքային բյուջեից, մնացած մասը՝ պետական համաֆինանսավորմամբ։

Նիստում ընդունվեցին նաև մի շարք ֆինանսական որոշումներ։ 4 մլն դրամ կհատկացվի համայնքային նախադպրոցական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով։
Ավելի քան 721 հազար դրամ կտրամադրվի «Անուլիկ» մանկապարտեզին՝ խոհանոցային կահավորում և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար, իսկ 1 մլն 861 հազար դրամ՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցին, Մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցին և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցին՝ ընթացիկ վերանորոգման նյութեր գնելու նպատակով։

Ավագանին հաստատեց նաև 803 մլն դրամի հատկացումը Շիրակշին 3-րդ բանավանի 2-րդ մոդուլի տանիքի վերանորոգման համար, ինչպես նաև 200 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը տնակի հրդեհից տուժած Մարիետա Բադոյանին։

Մեկ այլ որոշմամբ թույլատրվեց համայնքային սեփականություն հանդիսացող առանձնացված հողամասերը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրել և սահմանել դրանց մեկնարկային վարձավճարները։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խոսքով՝ վերջին ամիսներին էլեկտրոնային աճուրդների նոր համակարգին անցնելու պատճառով հողամասերի վաճառքներ չէին իրականացվում, սակայն այժմ խնդիրը կարգավորվել է, և գործընթացը կվերսկսվի։

Նիստում անդրադարձ եղավ նաև օրակարգում չընդգրկված հարցերի։ Մասնավորապես քննարկվեց քաղաքում դիտահորերի կափարիչների շարունակվող գողությունների խնդիրը։ Առաքելյանի խոսքով՝ համայնքն արդեն պաշտոնապես դիմել է իրավապահներին, և դեպքերի առթիվ քննություն է իրականացվում։

Ավագանու նիստից հետո Ավետիս Առաքելյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Վերջիններից մեկը վերաբերում էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք այն վերցնել։ Առաքելյանն ասաց, որ այս պահին վերջնական որոշում դեռ չունի։ Միաժամանակ նշեց, որ իրենց համար այժմ առաջնայինը հուլիսի 17-ին նշանակված Վարդան Ղուկասյանի դատական նիստն է, և իրենք հույս ունեն, որ այդ դատից հետո Ղուկասյանը կկարողանա վերադառնալ քաղաքապետի լիազորությունների կատարմանը։ Նրա խոսքով՝ իր հայտարարությունից առաջ հենց Վարդան Ղուկասյանը հանդես կգա հայտարարությամբ և պարզ կլինի` ինքը վերցնելո՞ւ է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, թե՞ ոչ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image