«Մեր գործարարները չպետք է որևէ մեկի քմահաճույքով առաջնորդվեն, այլ պետք է լիարժեք քաջալերանք ունենան։ Պետությունը չպետք է փայ մտնի գործարարի հետ, չստիպի, որ այս կամ այն գործարարը ինչ-որ ձևով իրենց բաժին հանի որպես պետություն կամ ուղղակի նայողներ լինեն այդ գործերի վրա»: Այս մասին երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ կիսվելով Գինու փառատոն կատարած իր այցից ստացած տպավորություններով։ Նրա խոսքով, գինու փառատոն այցելելու նպատակը տնտեսվարողների հետ հանդիպելն ու նրանց քաջալերելն է: Սրբազանն ուրախությամբ փաստել է, որ ջերմ ընդունելության են արժանացել այնտեղ և գրեթե բոլորը հավաստիացրել են, որ Շարժման մեջ են ու աջակցում են։
Հայտարարելով որ արտադրողը դժվարությամբ է իր ճանապարհը հարթում, քանի որ իր ակնկալածը արագ փողերը չեն՝ շարժման առաջնորդը նկատել է նաև, որ գործող իշխանությունները վազում են արագ փողերի հետևից՝ անտեսելով երկրի արտադրության զարգացումը։
Սրբազանի հայտարարությունից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ հունիսի 10-12-ին Հայաստանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը: Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, որի առանցքում Երևանի ու Բաքվի մեջ կնքվելի խաղաղության պայմանագրի թեման է, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը, Բլինքենի օգնականը կհանդիպի նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Գրել էինք նաև, որ երեկ Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տվել միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։ Ինչպես տեղեկացրեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը, ասուլիսը լուսաբանել են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ:
Բացառված չէ, որ համաշխարհային մասմեդիայի և ոչ միայն ուշադրությունը գրաված, պայքարի շարքերն աստիճանաբար ընդլայնած սրբազան շարժմանն ուշադրությամբ հետևում են նաև Վաշինգտոնում, որոնք անթաքույց հովանավորության տակ են վերցրել ՀՀ ներկայիս իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Օ՛Բրայենի այցը Հայաստանի համար գերկարևոր և օրհսական այս շրջափուլում չի կարող սոսկ աշխատանքային լինել, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են՝ ԱՄՆ-ն կգործադրի բոլոր ջանքերը փաշինյանական իշխանության երկարակեցությունն ապահովելու և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից ցանկացած ուժի դեմ արշավ սկսելու ու չեզոքացնելու համար:
Սրբազանը նախօրեին համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստովանեց, որ չնայած Ռուսաստանի հետ ունեցած որոշակի տարաձայնություններին և առկա ճգնաժամին, անհրաժեշտ է նոր ու խորը երկխոսություն սկսել Մոսկվայի հետ՝ դաշնակցային հարաբերությունների բնականոն հուն վերադառնալու համար:
Հետևապես, նրա յուրաքանչյուր խոսք առավել քան լուրջ է ընկալվում աշխարհի ուժային կենտրոնների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
Իսկ մինչ այդ, վաղը՝ հունիսի 9-ին, Հանրապետության Հրապարակում մեծ հանրահավաքն է՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ...