Հասարակություն

«Հրապարակ»․ Երեխաները հանձնվել են խնամատար ընտանիքի, նրանք ապահով ձեռքերում են

«Հրապարակ»․ Երեխաները հանձնվել են խնամատար ընտանիքի, նրանք ապահով ձեռքերում են

2023 թվականին երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Ա. Ա.-ի գործով դատավարության ինֆորմացիան «Դատալեքսում» փակ է: Այն ժամանակ այդ պատմությունը մեծ աղմուկ հանեց։ Հիշեցնենք, որ զավակներին հոգեկան եւ ֆիզիկական տառապանքներ պատճառած կինը, որը 5 երեխայի մայր է եւ հանցավոր անցյալ է ունեցել, համացանցում ահասարսուռ տեսանյութի տարածումից հետո կալանավորվեց եւ, ըստ մամուլում հրապարակումների, դատապարտվել է երկար տարիների ազատազրկման: Դատապարտված է նաեւ ընտանիքի հայրը։ Երկու կենսաբանական ծնողն էլ զրկված են ծնողական իրավունքներից՝ իրենց երեխաների նկատմամբ անթույլատրելի բռնություններ գործադրելու համար։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչպես են այժմ հինգ երեխաները, որտեղ են գտնվում, ում խնամքի տակ են: Տեղեկացանք, որ դեպքից անմիջապես հետո երեխաներին տեղափոխել են ՀՕՖ՝ երեխաների պաշտպանության «Մարդիգյան» կենտրոն: Իսկ 2025 թվականի դեկտեմբերից, ծնողների՝ ծնողական իրավունքից զրկվելուց հետո,  երեխաներն արդեն Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով գյուղում են՝ խնամատար ընտանիքում: 5 երեխաների խնամքով զբաղվող ընտանիքը եւս 2 դուստր ունի:
Դիմիտրովի վարչական ղեկավար Ահարոն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձամբ է այցելել ընտանիք եւ իմացել երեխաների որպիսության մասին. «Այցիս ժամանակ երեխաները դպրոցում էին, միայն 3 տարեկան տղան էր տանը՝ իր խնամակալ մայրիկի հետ: Հայրն աշխատանքի էր: Այդ ընտանիքը երկար ժամանակ ապրում էր Ռուսաստանում, մոտ 5 կամ 6 տարի առաջ են վերադարձել համայնք: Խոսեցի նաեւ դպրոցի տնօրենի հետ, ասաց, որ երեխաները պարտաճանաչ հաճախում են դպրոց, մեծ աղջիկն 9-րդ դասարանում է սովորում, ամեն ձեւով դպրոցում աջակցում են երեխաներին»:

Կապ հաստատեցինք նաեւ Արարատի մարզպետարանի սոցիալական բաժնի աշխատակիցների հետ՝ իմանալու, թե արդյոք այցելո՞ւմ են երեխաներին, հետեւո՞ւմ են նրանց կենսապայմաններին։ «Մենք 24 ժամ կապի մեջ ենք խնամատար ծնողի հետ, ցանկացած պահի, եթե ցանկացած հարց լինի, այցելությունները մի կողմ դրած, ամեն րոպե իրավունք ունի ծնողը զանգի մեզ, լինի դա աշխատանքային կամ ոչ աշխատանքային ժամերի: Իհարկե, ամեն բանից տեղեկացված ենք, երեխաները դպրոց հաճախում են: Սկզբում այնքան էլ երեխաների վիճակը հոգեբանորեն լավ չէր, բայց հիմա արդեն ամեն բան լավ է, երեխաները հարմարվել են այդ ընտանիքին: Ընտանիքն ունի 2 աղջիկ, հայրը եւ մայրը աշխատում են եւ հոգում երեխաների կարիքները»: Պետությունը նաեւ ընտանիքի խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար որոշակի գումար է վճարում խնամատար ծնողներին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image