Շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, հայաստանյան լրատվամիջոցներում լուր էր տարածվել այն մասին, թե իբր Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ա. Փաշազադեն (որին հընթացս վերագրվում է նաեւ Կովկասի մահմեդականներին առաջնորդելու գործառույթ) հանդիպել է Հռոմի Լեւոն XIV պապին: Այնուհետ, իբրեւ թե Փաշազադեն Պապին է փոխանցել Ադրբեջանի նախագահի եւ փոխնախագահի ողջույնները, նաեւ Պապին հրավիրել է Ադրբեջան՝ տեսնելու, թե այնտեղ ինչ կրոնական համերաշխություն է տիրում, եւ նման դատարկամտություններ:
Իհարկե, Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւների բարոյազրկությունը, ստախոսությունն ու լկտիությունը պետք է ունենալ, որ քրիստոնեության օրրան եղող Հայաստանի արցախյան հատվածի ազգաբնակչությանը տեղահանելուց, հազարամյա քրիստոնեական հուշարձանների հանդեպ ամեն վանդալիզմ ու բարբարոսություն գործադրելուց հետո գնաս Հռոմի Սրբազան Քահանայապետի մոտ ու քրիստոնեական արժեքների պաշտպանությանից, կրոնական հանդուրժողականությունից ճամարտակես: Երեւի Ալիեւներին թվում է, թե մնացյալ աշխարհում էլ ադրբեջանական գրաքննություն է, լրատվամիջոցները չեն հաղորդում, հանրությունն էլ անտեղյակ է մնում Ադրբեջանում գործադրվող հակաքրիստոնեական ու հակամշակութային վայրագություններին:
Շաբաթ օրն էլ, ահա, ադրբեջանական լրատվամիջոցներից արտատպելով՝ Հայաստանում տարածել էին, թե իբր Փաշազադեն է Հռոմի պապին հանդիպել եւ կրկնել Ալիեւների թեզերը: Պապն էլ իբրեւ ունկնդրել է վերջինիս դատարկախոսությունները: Իրականում, ադրբեջանցիների տարածած լուրի լուսանկարից արդեն իսկ պարզ էր, որ Պապը Փաշազադեին ամենեւին էլ չի ընդունել, ոչ էլ նրա հետ հանդիպել է: Հրապարակված լուսանկարի անտուրաժից տեսանելի էր, որ Վատիկանի տարածքում, դրսում ինչ-որ տեղ Փաշազադեն մոտեցել է Լեւոն XIV պապին: Դատելով լուրի տեքստից, Փաշազադեն Պապին կարողացել էր մոտենալ Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում կայացած միջեկեղեցական, միջկրոնական արարողությունից հետո, որի առիթով էլ, հավանաբար, ժամանել էր Վատիկան:
Բայց Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացվող զանգվածային միջոցառման առիթով Վատիկանում հայտնված Փաշազադեն ընդամենը մյուս հյուրերի թվում Պապի ձեռքն էր սեղմել եւ հեռացել, թե մի քանի բառ էլ դատարկախոսել էր, դեռ հարց է: Հարցի պատասխանը տալու էր Վատիկանի պաշտոնական կայքում տեղադրվող լրատվությունը նոյեմբերի 1-ի իրադարձությունների մասին: Ոչ միայն Վատիկանի պաշտոնական կայքում, այլեւ Vatican News-ում չէին տեղադրել որեւէ բառ Ա. Փաշազադեի հետ Lեւոն XIV պապի հանդիպման մասին:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը կարող է մխիթարվել, որ իր` Պապի հետ ունեցած հոտնկայս հանդիպման մասին Սուրբ Աթոռում գոնե մի նախադասություն գրվել էր: Փաշազադեին Վատիկանում առհասարակ անտեսել են, բառ անգամ չի հաղորդվել նրա հետ որեւէ հանդիպման, նույնիսկ վախենամ՝ Փաշազադեի` Վատիկանում գտնվելու մասին: Վատիկանում կարող են այդպես անտեսել եւ արհամարհել:
Իսկ Փաշինյանը, եթե Մայր Աթոռի հանդեպ իր բարբաջանքները, Վեհափառի հարազատների հանդեպ դիտավորյալ եւ հակաօրինական բռնությունները չդադարեցնի, ապա մի օր կարող է հասնել իր ազգանվանակից Փաշազադեի նման արհամարհվելու, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում եւ հայության կողմից, ինչի ականատեսը վերջին երկու շաբաթում երկու անգամ եղավ Եկեղեցուց բռնազավթված ու պղծված Հովհաննավանքում, այլեւ միջազգային ասպարեզում` Փաշազադեի նման: