«Հրապարակի» զրուցակիցն արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է:
-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել՝ հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կա տեսակետ, որ դա կապված է աշխարհաքաղաքական որոշ զարգացումների, մասնավորապես` Թրամփ-Պուտին հարաբերությունների մերձեցման հետ: Ասել է թե՝ ԱՄՆ-ն Հայաստանի վերահսկողությունը հանձնում է Պուտինին: Ըստ Ձեզ` այդ վերլուծությունները որքանո՞վ են իրականությանը մոտ:
- Ո՛չ առաջինն է այս դեսպանը, ո՛չ էլ վերջինը: ԱՄՆ-ի քաղաքական գերատեսչության սկզբունքներից է երեք տարով դեսպան նշանակելը: Այդ մասին նախապես հայտարարեցին, որովհետեւ փոփոխությունները կատարվելու են օգոստոսին: Սովորաբար լինում է այդպես: Բնականաբար, այս վարչակարգի պարագայում կարեւորագույն տեղերում լինելը կարեւոր է, սակայն չեմ կարծում, թե Հայաստանն այդ երկրների շարքերում է: Ըստ իս` սա հերթական փոփոխությունն է: Եկեք հաշվի առնենք, որ ԱՄՆ քարտուղարության վերաբերմունքը մեր տարածաշրջանի հանդեպ էապես չի փոխվել: Հայաստանի գործող իշխանությունների օրոք մեծացրին ամերիկյան ներկայությունը, մեզ համար վճռորոշ թուրքական երթուղիների ներկայությամբ, եւ այդպես էլ այժմ շարունակվում է: Պարզապես կարող են փոխված լինել դրսեւորման ձեւերը, ինչպես ասում են` փաթեթավորումը փոխվում է, բովանդակությունը` ոչ: Ես չեմ կարծում, որ տեղի ունեցածն աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների կամ տարածաշրջանն աշխարհաքաղաքական ուժերի միջեւ բաժանելու դրսեւորում է: Ինձ թվում է՝ այդ տարբերակը ոմանց համար ցանկալի է, սակայն եկեք ցանկալին ու իրականությունը տարանջատենք:
- Նիկոլ Փաշինյանը մոտ 10 օր առաջ ԵՄ-ից օգնություն էր խնդրում` ռուսական կողմից եկող հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, սակայն մի քանի օր անց էլ ՌԴ էր մեկնել եւ երջանիկ դեմքով լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում այնտեղից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին ողջունում էր հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության գաղափարը: Այս ամենը ոմանց համար հասկանալի չէ: Ի վերջո, ի՞նչ պրոցեսներ են սրանք:
- Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն իրականում իր քաղաքականության մեջ փոփոխություններ է կատարում: Ռուսաստանում էլ Փաշինյանի խաղերը շատ լավ հասկանում են եւ գիտակցում են, թե ինչի է ուզում հասնել նա այս քայլերով: Ասեմ, որ ԵՄ-ի այն հայտարարությունը, թե իբրեւ Հայաստանն է խնդրել, որպեսզի իրենք աջակցեն հիբրիդային պատերազմի դեմ, դա եւս թատերական բեմականացումների շարքից է: Բնականաբար, ԵՄ-ն ամեն տեսակի ջանք գործադրում է, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի: Տասնամյակների ջանքերով կարողացել են վերջապես օտարամետ ուժին իշխանության բերել: Արեւմուտքի կողմից սնած, թուրքական ձեռքերով ծնած թուրքական ծրագրին հլու-հնազանդ մարդիկ եկել են իշխանության, ուստի չեմ կարծում, թե հայկական կողմն ինչ-որ հարցում խնդրել է իրենց։ Ոչ, սա պարզապես զուտ իրենց քայլերի տրամաբանության շարունակությունն է: Փաշինյանն ունի վերարտադրվելու խնդիր, այս ամենին գումարած՝ երկիրը տնտեսապես կախված է ԵԱՏՄ շուկայից եւ դրա կողմից ընձեռվող հնարավորություններից: Քանի որ Փաշինյանի իշխանության հարցերը վերջնականապես լուծված չեն, բնականաբար, նա կտրուկ քայլեր չի անելու ո՛չ ԵԱՏՄ-ի, ո՛չ էլ ԱՊՀ-ի հետ: Եթե Փաշինյանն այս պահին գնաց կտրուկ քայլերի, դա հաստատապես իր համար լավ չի լինի, այդ պատճառով էլ նա չի անի նման քայլ: Այլ խնդիր է, որ եթե, Աստված մի արասցե, նրա իշխանությունը ԵՄ-ի օգնությամբ վերարտադրվի, մենք ականատեսն ենք լինելու մեր պետության վերացման: Այդ ժամանակ արդեն «չորրորդ հանրապետությունը» կստեղծվի` իր սահմանադրությամբ, իսկ մենք գիտենք, որ այն հպատակեցման, թրքացման ծրագրի կանաչ լույսն է: Այս իշխանությունը մինչեւ ընտրություն չի գնալու կտրուկ քայլերի: Նա փորձում է ՆԱՏՕ-ի հետ եւս հարաբերությունները կարգավորել: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն չաղացնում են Հայաստանը, որպեսզի մորթեն՝ հակառուսական, հակաիրանական ծրագրերն իրականացնելու համար:
- Տեսակետներ կան, որ այժմ ԵՄ-ն սկսել է անջատվել ԱՄՆ-ից եւ հայտնվել է ճգնաժամային վիճակում: Անգամ կան տեսակետներ, որ շուտով Թրամփը հրաժարվելու է ուկրաինական հարցից՝ այն թողնելով ԵՄ-ի վրա….
- Համակարծիք չեմ այդ ամենին: Դերերի բաշխումով իրականացվող խաղ է: Թրամփին անհրաժեշտ է ժամանակավոր դադար, որպեսզի ԱՄՆ-ն ոտքի կանգնեցնի: Սրանք իրականում խաղեր են Թրամփի կողմից, որպեսզի ռուսական կողմի հետ համաձայնության գնա որոշակի հարցերում: Այն, որ Եվրոպական Միությունը, որպես կառույց, ոչ մի հեղինակություն չունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ասպեկտներում, դա անհերքելի փաստ է: Ես դեռ երեք տարի առաջ էի ասում, որ պատկերն այդպիսին է լինելու: Այսօր անգամ ԵՄ պաշտոնյաների բերանով է այդ ամենը հնչում: