Լինում են, չեն լինում՝ երկու վարչապետ են լինում… Չէ, լավ չստացվեց: Երեւի պիտի եզակի թվով գրեի՝ լինում է, չի լինում՝ երկու վարչապետ է լինում: Սա էլ մի բան չի, լավ չի հնչում: Բա ո՞նց անենք… Արի՝ նրանց մասին առանձին-առանձին գրենք:
Եվ ուրեմն՝ լինում է, չի լինում՝ մի վարչապետ է լինում: Էս վարչապետի հոգին շատ խորն է լինում: Ու քանի որ հոգին շատ խորն էր, ձեռքն էլ մաքուր չէր: Աչքածակ էր մի ուրիշ տեսակ: Քանի ջահել էր ու վարչապետ չէր, տուն էր պահում տարատեսակ աշխատանքներով՝ շանտաժ, ահաբեկչություն (զուտ վախեցնելու իմաստով), խառնակչություն, մանիպուլյացիաներ, խժդժություններ… այս ամենը նրա ոչ միայն մասնագիտական գործունեության տարրերն էին, այլեւ՝ կենցաղի: Ասել՝ հաջողությունների չէր հասել, ճիշտ չի լինի: Լավ չեմ հիշում՝ որ թիվն էր, բայց այս ապագա վարչապետը հաջողեցրեց յուղ լցնել ցուցարարների եւ ոստիկանների կռվի վրա… 10 մարդ զոհվեց, բայց ինքն այնպես անհետացավ, որ երկար ժամանակ հետքը չէին գտնում: Վերջը եկավ, հանձնվեց, տարան բանտ: Հանրությունն արդեն սկսել էր մոռանալ այդ եզակի երեւույթին, մեկ էլ իմացանք, որ ինչ-որ երկխոսության արդյունքում նրան պատգամավոր են դարձրել եւ բերել Ազգային ժողով: Ոչինչ չէր փոխվել նրա կյանքում, բացի շորերը… Կաստում-շլվարով էր արդեն գործի գնում, փողկապ էր կապում, բայց հենց ԱԺ ամբիոնի մոտ բերանը բացում էր, դառնում էր նույն շանտաժիստը, ահաբեկիչը (զուտ վախեցնելու իմաստով), խառնակիչը, մանիպուլյանտը, խժդժիչը… Մարդիկ սկսեցին հարց տալ միմյանց՝ ո՞վ բերեց սրան ԱԺ, ինչո՞ւ բերեց… Այս հարցերի պատասխանները դեռ չկային, մեկ էլ պարզվեց, որ հաջորդ ԱԺ-ում էլ է լինելու, բայց արդեն՝ սեփական ֆրակցիայով: Եվ դարձյալ հարցեր՝ ո՞նց, ո՞վ, ո՞վ է նրա թիկունքին, ո՞վ է բրթում… Ի՞նչ իմանայինք, որ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, ու գլխներիս մեծ զուլում էր գալիս: Մնացածը, թե ինչպես դարձավ վարչապետ, ինչեր խոստացավ, ինչեր արեց, չեմ պատմի՝ տեղի խնայողության նպատակով: Մարդիկ արդեն ամեն ինչ գիտեն, ամեն ինչ զգացել են իրենց կաշվի վրա: Բայց, ինչպես արդեն ասացի, սրա հոգին շատ խորն է, ու եթե չգնաց, էլի բաներ է անելու՝ իր ղեկավարած երկրում ապրելն անհնարին դարձնելու ուղղությամբ: Նրա վերջին քայլերն այդ մասին են խոսում՝ քանդել հազարամյակների Եկեղեցին, մսխել երկրի բյուջեն մինչեւ վերջ, բանը հասցնել դեֆոլտի ու թռնել՝ ուր աչքը կտրի: Սկզբունքն էլ սա է՝ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ երկիրը վարչապետ չի ունենա: Չքավոր ժողովրդի աչքի առաջ միլիարդներով պարգեւավճարներ տալ սեփական թիմին, սեփական աշխատավարձը միլիոններով ավելացնել, փողատերերին կզացնել, բացառիկ մենաշնորհներ տալ սեփական օլիգարխներին… Այսօր այս ոլորտներում է խորացել, եւ դա, ինչպես վկայում է բազմաթիվ երկրների փորձը, վարչապետների վերջին ստադիան է:
Եվ հանկարծ, ԱԺ նոր ընտրություններից առաջ հայտնվում է մի ուժ, որի առաջնորդը հայտարարում է, որ այդ ուժի հաղթանակի դեպքում վարչապետը ստանալու է 1 դրամ խորհրդանշական աշխատավարձ: Պատկերացնո՞ւմ եք էն վերեւում նկարագրված վարչապետի եւ նրա կաբինետի անդամների վիճակը: Իրենք՝ մեղրի կարասի մեջ, հանկարծ այսպիսի բան են լսում: Հոսանքահարված մարդը դեռ փառք է… Կողքերն է նայում էշացած, չգիտի ինչ կատարվեց, ինչու, ինչպես… Սրանք, սակայն, սկսել են քննարկել այդ առեղծվածը՝ չի կարող պատահել, բա այդ նոր վարչապետն ինչո՞վ է ապրելու, ինչպե՞ս է տուն պահելու, եթե բյուջեն չլափի: Այծի մորուքով մեկը կա, բրիֆինգ է արել, թե դա շատ վտանգավոր հայտարարություն է, ո՞նց թե 1 դրամ, սա պետություն է, ի վերջո, պետությունը պետք է լավ մասնագետը ղեկավարի, իսկ լավ մասնագետը չի կարող այդ գումարով որակյալ կառավարում իրականացնել: Կարելի է մտածել՝ իրենք միլիարդների պարգեւատրումներով ու մի քանի միլիոնանոց աշխատավարձերով երկիրն այնպես են կառավարել, որ այն որեւէ պրոբլեմ չունի այլեւս:
Կարճ ասած՝ խնդիրը դարձրին ազգային անվտանգության հարց ու իրենց կարճ խելքով, հավանաբար, մտածում են, որ ժողովուրդը կհավատա այդ ցնդաբանությանը: Ժողովուրդը, ախր, իրենց պես չի մտածում: Ժողովուրդը հիմա «որոճում» է 2018 թվին իր գլխով անցածը, հատ-հատ հիշում այն բոլոր խոստումները, որ այս վարչապետը տվեց ու չարեց` խաբեց, մանիպուլացրեց, ֆռռացրեց: Այսպիսի բան, որ ժողովուրդն անգամ իր մղձավանջային երազներում չէր տեսել, տեսավ որպես իրականություն:
Հեքիաթը փոխվեց… Լինում է, չի լինում՝ մի վարչապետ է լինում: Էս վարչապետն օրնիբուն աշխատում էր ու ստանում ընդամենը 1 դրամ աշխատավարձ, որ կարողանա երկիրը հանել անդունդից, այն նույն անդունդից, որի մեջ հայտնվել է ոչ միայն էն վերեւի վարչապետի ձեռամբ, այլեւ ժողջանի հիմար խելքից… Չմանրամասնենք: Փառք տանք Աստծուն, որ կործանիչներին քիչ ժամանակ մնաց եւ շուտով ռադ կլինեն մեր կյանքից: Իսկ նոր վարչապետին, ով էլ լինի, ասենք, որ հասարակ քաղաքացիները սիրում են, երբ թալանչիներից փողերը խլում եւ բաժանում են իրենց: Սա նկատի ունեցեք եւ մինչեւ սրանց պարգեւատրումներն ու միլիոնանոց աշխատավարձերը ձեռքներից չառնեք, չփորձեք ինքներդ մեկ դրամից ավելի աշխատավարձ ստանալ:
ՀԳ. Ենթադրենք, ունենք երկու վարչապետ: Նրանցից ո՞վ է ավելի վտանգավոր. միլիարդները փոշիացնո՞ղը, թե՞ 1 դրամ խորհրդանշական աշխատավարձ ստացողը…