Այլ

«Դու Սրբությունից ի՞նչ ես հասկանում»

«Դու Սրբությունից ի՞նչ ես հասկանում»

Կարդում եմ մեր հոգևոր հայրերի խոսքը Սուրբ և Անմահ Պատարագի մասին և նկատում, որ նրանք այդ բառերը միշտ գրում են մեծատառով։ Մեծատառով՝ ոչ լեզվական կանոնի համար, այլ ներքին գիտակցումով ու երկյուղածությամբ։ Որովհետև գիտեն՝ Սուրբ և Անմահ Պատարագը պարզապես ծես չէ, այլ խորհուրդ, որ հաստատվեց վերջին ընթրիքի ժամանակ՝ հենց Հիսուս Քրիստոսի կողմից։ Դա Նրա զոհաբերության խորհուրդն է, որտեղ ամեն հավատացյալ մի պահ վերանում է առօրյայից, ժամանակից ու ես-ից, և հոգով վերապրում է Քրիստոսի տառապանքն ու մարդկանց հանդեպ անսահման սերը։
Հավատավոր ժողովուրդն էլ, որքան նկատել եմ, նույն զգուշությամբ ու սիրով է գրում Սուրբ և Անմահ Պատարագը մեծատառով։ Դա ներքին դիրքորոշում է․ բառի մեծությունը գալիս է հոգու խոնարհությունից։
Եվ ահա Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»։
Ես նրան չեմ քննադատում, որ «սուրբ և անմահ պատարագը» գրել է փոքրատառով։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ այդ անկեղծության համար։ Որովհետև նա, գուցե առանց գիտակցելու, շատ ճշգրիտ է արտահայտել իր ներքին վերաբերմունքը։ Մարդը չի կարող մեծատառ գրել այն, ինչ իր ներսում մեծ չէ։ Նրա մատուցած «պատարագները» փոքրատառի են արժանի, որովհետև դրանք այն Սուրբն ու Անմահը չեն, որոնց մասին խոսում է Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Այստեղ խնդիրը ուղղագրական չէ։ Սա հոգեբանական է։ Երբ սրբությունը դառնում է գործիք, երբ խորանը վերածվում է հարթակի, իսկ հավատքը՝ քաղաքական ժեստի, բառերն իրենք են փոքրանում։ Նրա համար սա հավատքի վերապրում չէ, այլ դեր։ Քաղաքական գործողություն։ Այդ պատճառով էլ մեծատառը տրվում է ոչ թե Սրբությանը, այլ տեղանքին։ Տեղանքը կարևոր է, որովհետև կետ է քարտեզի վրա, ազդեցության գոտի, իշխանության ամրապնդման միջոց։

Սրբությունը իշխանություն չի ամրապնդում։ Սրբությունը խոնարհեցնում է։ Իսկ ով խոնարհվել չի կարող, նա Սրբությունը կարող է միայն օգտագործել, բայց ոչ հասկանալ։
Եվ այդ պատճառով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցը հռետորական չէ։ Այն շատ ուղիղ ու մերկ է հնչում՝
«Դու Սրբությունից ի՞նչ ես հասկանում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image